Քաղաքականություն

Փաշինյանն ապագա պարտության հող է նախապատրաստում՝ Արարատը կապելով զենք ձեռք բերելու խնդրի հետ

Փաշինյանն ապագա պարտության հող է նախապատրաստում՝ Արարատը կապելով զենք ձեռք բերելու խնդրի հետ

«Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը` բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»․ այս երկու կարճ նախադասությամբ ու կրկին մեղադրական ոճով, իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանը հիշեց Հայաստանի զինված ուժերի կազմավորման օրը՝ առանց պաշտոնական ուղերձի, ձեւական այցելեց իր ապաշնորհության հետեւանքով մեծացած Եռաբլուր, իսկ օրվա վերջում՝ ՊՆ։ Ինքն իր այցը լուսաբանեց Ֆեյսբուքում․ «Պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել եւ պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, տարածքների անվտանգությունը»: Ըստ նրա, սա է «նորացված, թարմացված պաշտպանունակ» բանակի «մոդելը»։ Հավանաբար, այդ նույն «մոդելի» շրջանակում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կրկին ԶՈՒ-ների խնդիրը կապեց, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի հետ՝ Եռաբլուրում հայտարարելով․ «Մենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք` գնում ենք խաղաղության, սահմանագծման եւ սահմանազատման ճանապարհով»։

Հայաստանի Հանրապետության անվտանգության ու սահմանների անքակտելիության ապահովման պատասխանատվությունը ստանձնած այս մարդկանց մտքերը կարդալիս միջին վիճակագրական հայաստանցու մոտ պարզապես քմծիծաղ կարող է առաջանալ, իսկ պետության անվտանգության ու պաշտպանության մասին քիչ թե շատ պատկերացում ունեցողի մոտ՝ օբյեկտիվ հարցադրում՝ կա՞ էլի մի երկիր, որի զինված ուժերը լծված լինեն պացիֆիզմի քարոզչությանը։ Թերեւս՝ ոչ։ Չկա, ու այս պատասխանը գրեթե ամեն օր գետնի վրա ապացուցում են իրենց ազգային շահերին չդավաճանած երկրների բանակները՝ աշխարհի տարբեր թեժ կետերում։

Իսկ զուգահեռ իրականության մեջ, պարզվում է, նիկոլական պատկերացումներով՝ Հայաստանին «ոչ ոք զենք չի վաճառի», եթե «բանակը բարեփոխենք Արարատի եւ պատմական Հայաստանի խոսույթի ներքո»։ Այս անհեթեթ պնդումը Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդու հերթական հայտարարությունն է՝ ԶՈւ օրվա նախօրեին։ Այս հայտարարությունը, որքան անհեթեթ, նույնքան վտանգավոր է համարում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որի համոզմամբ, մոտալուտ պատերազմի անխուսափելի պարտությունն արդեն այսօրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է փաթեթավորել Արարատի պատճառով, իբրեւ թե, զենք հայթայթել չկարողանալով։ Ու նրա համար ամենեւին էական չէ, որ Արարատ լեռան մասին բացասական կոնտեքստում, բացի իրենից, Թուրքիայից ու նրա փոքր եղբայր Ադրբեջանից, որեւէ այլ երկիր չի խոսում ու երբեք չի խոսել։ Ընդ որում, չեն խոսում հատկապես այն երկրները, որոնց հետ այս կամ այն մակարդակի ռազմական համագործակցությունը հենց նույն Փաշինյանի իշխանությունն է անխնա փիառում ներքին լսարանի համար։ Խոսքը, օրինակ, Ֆրանսիայի կամ Հնդկաստանի մասին է։

«Այստեղ շատ մեծ խարդավանք կա, արդեն հիմա նա նախապատրաստություն է տեսնում մոտալուտ պատերազմում պարտության մեղքի պատասխանատվությունն իր վրայից հեռացնելու համար, թե` ես ի՞նչ մեղք ունեմ, մեզ զենք չեն վաճառել, որովհետեւ մեր խոսույթում կա Արարատ։ Սա արդեն դավաճանության էկզոտիկ դրսեւորում է։ Կարծես թե ամենաիրատեսականը Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն է, եւ իրավացի եք՝ Հնդկաստանի պարագայում որեւէ խնդիր, մեր ազգային իղձերի հետ կապված, չի կարող լինել, որովհետեւ Հնդկաստանը՝ ինքը, Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների թիրախ է, եւ հենց մեր ազգային իղձերի գոյությունն է նաեւ, որ մեզ Հնդկաստանի հետ, ի թիվս այլոց, բնական դաշնակից է դարձնում, եւ այլ հարց է, թե այդ կարգավիճակն օրվա իշխանությունն ինչպես է օգտագործում»,- ասում է փորձագետը՝ հավելելով, որ սպառազինության տեղափոխության տեսանկյունից էլ նույն խնդիրը չունի Իրանը, որի միջոցով հիմնականում ապահովվում է լոգիստիկան։ 

Ջամալյանը բացատրում է՝ Հնդկաստանից հրետանային միջոցներ են ձեռք բերվում, բայց հատկապես պատերազմական իրավիճակներում մի բան է սպառազինություն բերելը, այլ բան՝ ռազմամթերքի մատակարարումը, որով այդ սպառազինությունը պետք է աշխատի։ Լոգիստիկ խնդիրների համատեքստում Ջամալյանը հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթն է հիշում, որը մաքսային ոլորտում համագործակցություն է ենթադրում, ու շեշտում է, որ ամերիկյան կողմը, ըստ էության, իրավունք է ստանալու՝ վերահսկել Հայաստան-Իրան սահմանը, մաքսատունը եւ ապրանքաշրջանառությունը։

«ԱՄՆ-ն, լինելով թշնամական երկիր հարեւան Իրանի համար, կասկածի տակ է դնում նաեւ այդ նույն՝ հնդկական մատակարարումն Իրանի տարածքով, այսինքն՝ եթե սպառազինության ձեռքբերման առումով քիչ թե շատ հեռանկար կար Հնդկաստանի հետ համագործակցությունից, ապա այն գործածելու ռազմամթերքի անընդհատ մատակարարման առումով  Հայաստանի հույսը միմիայն Իրանի բարյացակամ վերաբերմունքը պետք է լինի, ու այս պարագայում ՀՀ իշխանությունը նենգ քայլ է կատարում Իրանի նկատմամբ՝ հարցականի տակ դնելով մատակարարման խնդիրը»,-շարունակում է ռազմական փորձագետը՝ վերլուծելով այն իրավիճակն ու բարդությունները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի համար սպառազինության ձեռքբերման ճանապարհին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ այս ոլորտում համագործակցությանը, որը գործող իշխանությունների օրոք փաստացի խափանվեց, Ջամալյանը մեկ փաստ է հիշեցնում՝ Ալիեւի հայտարարությունն առ այն, որ Արցախում որպես ռազմավար ձեռք է բերել կամ ոչնչացրել 5 միլիարդ դոլարի հասնող սպառազինություն, որը, մեր զրուցակցի խոսքով, Արցախի ՊԲ-ի եւ մեր ԶՈՒ-ների սպառազինության մի մասն է միայն։

«Ռուսաստանի հետ մենք ունեցել ենք կայուն համագործակցություն հայ-ռուսական դաշինքի ամբողջ պատմության ընթացքում։ Վազգեն Սարգսյանի օրոք, որը շատ ջերմ հարաբերություններ ուներ ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հետ, հետպատերազմական ժամանակաշրջանում Հայաստանին մատակարարվել է մոտ 1 միլիարդի սպառազինություն, ընդ որում՝ մենք ոչ թե այդ գինը վճարել ենք, այլ մեզ որպես օգնություն է մատուցվել․ Ռուսաստանն իր անվտանգության խնդիրն էր լուծում, որ մենք՝ որպես սուբյեկտ, մնանք տարածաշրջանում, եւ բալանսը չխախտվի, ու այդկերպ ապահովվի Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությունը։ Եղել է այդպիսի բան` Ռոբերտ Քոչարյանի օրոք նախագահ Պուտինի հետ ունեցած շատ ջերմ հարաբերություններն էլի օգտագործվել են, եւ մենք շատ էժան ենք վճարել սպառազինության համար, ինչ-որ բան մեզ անվճար է տրվել։ Սերժ Սարգսյանի օրոք մենք անընդհատ համալրել ենք մեր զինանոցը, ստացանք իսկանդերներ, եւ այդ պահի դրությամբ, բացի Ռուսաստանից, միայն մենք ունեինք այդ օպերատիվ տակտիկական հրթիռային միջոցները, եւ Արարատը մեզ չի խանգարել»,- փաստերն է թվարկում մեր զրուցակիցը։

Դավիթ Ջամալյանը համոզված է՝ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը ծրագիր է, որն իրականացվում է, իսկ Արարատի գաղափարը վարկաբեկելը տեղավորվում է «պատմական կարծրատիպերից» հրաժարվելու բոլթոնյան պահանջի մեջ։ «Դա սխեմա է, այդ բոլթոնյան սխեմաներում Սյունիքի առնվազն մի մասի օկուպացիան եւս իմպերատիվ ձեւով պարտադրված է սրանց, եւ գերխնդիրն Իրանի ու Ռուսաստանի թուլացումն է՝ միջինասիական էներգակիրները, Ռուսաստանը շրջանցելով, Եվրոպա դուրս բերելն է, իսկ դրա համար հարկավոր է, որ Հայաստանի հարավից մի հատված օտարվի, իսկ Իրանի հյուսիսը դառնա ամբողջովին վերահսկելի հակաիրանյան ուժերի կողմից։ Այս իշխանությունը գնալու է դրան, եւ Արարատի ու Հայաստանի սպառազինության խնդիրների միջեւ արհեստական, անտրամաբանական կապ ստեղծող այդ հայտարարությունը մեկ բանի համար է կատարվում՝ երբ այդ միջանցք կոչվածը տրվի, վերջում կանգնի ասի, թե մենք մեղավոր չէինք, Արարատի համար մեզ զենք չէին տալիս։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում ենք, որ անհրաժեշտի պակասը սա արդեն փորձում է հիմնավորել Արարատի հանգամանքով ու ապագա պարտության հողն է նախապատրաստում»։

Ռազմական փորձագետը համոզված է՝ ՀՀ ԶՈւ սպառազինության պակասի խնդիրն արհեստական է ու ստեղծվել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ժխտելու պատճառով։ Իսկ դաշնակից ունենալ ցանկացող որեւէ երկիր նախ ազգային իղձեր պետք է ունենա, որոնց շնորհիվ էլ բնական դաշնակից դառնա այս կամ այն երկրի համար, ինչպես Հայաստանը Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի կամ Հնդկաստանի համար կարող է լինել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image