Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ 2024 թ. հունիսի 13-ից Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ծովինար Մովսիսյանը՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները: Նոր ռեկտորի ընտրություններն էլ սովորաբար կազմակերպվում են 6-ամսյա ժամկետում:
Արդեն նախկին ռեկտոր, «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ լրացել էր իր պաշտոնավարման ժամկետը: Հիշեցնենք, որ Ս. Հովհաննիսյանը ռեկտոր է ընտրվել 2019-ի գարնանը: «Հունիսի 12-ին լրացավ իմ պաշտոնավարման ժամկետը, 5 տարի ռեկտոր եմ աշխատել, դեռ կես տարի էլ ռեկտորի ԺՊ եմ եղել, իսկ հունիսի 13-ից արդեն չեմ աշխատում»: Այդուհանդերձ, ինչո՞ւ են այլ անձի ռեկտորի ԺՊ նշանակել, ինչպիսի՞ն է ընթացակարգը, հենց իրե՞ն չպետք է նշանակեին ԺՊ, մինչեւ նոր մրցույթ հայտարարելը։ «Ինձ առաջարկվել է, բայց ես չեմ ուզել, ու արդեն իրենց հայեցողությունն է, թե ում են նշանակում, ուղղակի ես ցանկացա անցնել իմ հիմնական գործին` երգչախմբին, ստեղծագործական գործունեությանը»,- ասում է նախկին ռեկտորն ու ընդգծում` հիմա շատ ծանրաբեռնված է եւ նույնիսկ ռեկտորի նոր մրցույթին չի դիմի։
«Ես իմ պաշտոնավարման ժամկետն անցկացրի, շատ բարդ շրջան էր, եւ կարելի է ասել, որ դա ոչ թե 5 տարի էր, այլ 10-15 տարի` քովիդ, պատերազմ, քաղաքական գործընթացներ, մի խոսքով՝ բարդագույն շրջան էր... ինչեւէ, կարծում եմ` Կոնսերվատորիայի դիրքերը եւ նշանակությունը կարողացել եմ պահպանել ու անցկացնել այս բարդ շրջանով»:
Հնարավո՞ր է, որ ռեկտորի պաշտոնին չհավակնելու ցանկությունը պայմանավորված է վերջին ամիսներին ակադեմիական քաղաքի ու նաեւ Կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող խմորումներով եւ իր քննադատությամբ` ուղղված կրթական քաղաքականությանը։ «Ոչ, ոչ, ես ժողովների ժամանակ միշտ ասել եմ իմ դիրքորոշումը, բոլորին հայտարարել եմ բացեիբաց եւ ավելացնելու ոչ մի բան չունեմ»,-ասում է նախկին ռեկտորն ու հավելում, որ հիմա քննարկումներ են ընթանում, եւ եթե մոդեռն մասնագիտացումները կարող են ակադեմիական քաղաք տեղափոխվել, ապա Կոնսերվատորիայի կատարողական մասնագիտացումները պետք է տեղում թողնել:
Իր դիրքորոշումն այս հարցում նախկին ռեկտորն այսպես է ձեւակերպում. «Կոնսերվատորիայի դիրքն արդեն իսկ կլաստեր է, եւ իմ տեսակետը, դիրքորոշումն այս հարցում չեն փոխվի»։ Ս. Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան ընդգծում է, որ որեւէ առճակատում, հակադրություն չի եղել իշխանության հետ, այլ միայն՝ քննարկումներ: «Ես միայն գիտեմ, որ քննարկվում էր արվեստի բուհերի վարչական մասի միավորման հարցը, այսինքն, ոչինչ չի փոխվում` ո՛չ անուն, ո՛չ տեղ, միայն վարչական մասը միավորելու ցանկություն եւ քաղաքականություն կա: Այդ քննարկումները մեր բուհում էլ են եղել, գիտկոմի նախագահն է եկել, այդպիսի քննարկումներ տիկին Ժաննայի հետ էլ եմ ունեցել: Այդ քննարկումները դեռ ընթացքի մեջ են, եւ չկա վերջնական որոշում։ Այսինքն՝ սա քննարկումների շրջան է եւ ընթացք է, որը պետք է անցնի Կոնսերվատորիան՝ ի թիվս այլ արվեստի բուհերի»:
Ինչ վերաբերում է նորանշանակ ռեկտորի ԺՊ Ծովինար Մովսիսյանին, ապա նա Կոնսերվատորիայի գիտական մասով պրոռեկտորն է, արվեստագիտության թեկնածու, եւ սովորաբար իշխանությունը ԺՊ կարգում է նրան, ում ուզում է, որ մրցույթում հաղթի։ «Միայն դրական կարծիք ունեմ իր մասին, մենք միասին աշխատել ենք, 5 տարի ինքն իմ կողքին է եղել, շատ սկզբունքային, գիտական միտք ունեցող, պրոֆեսիոնալ մարդ է, 20-ից ավելի տարի Կոնսերվատորիայում աշխատում է եւ ներսից լավ գիտի Կոնսերվատորիայի կառույցը: Այսինքն՝ ես ուրախ եմ այդ ընտրության եւ շարունակության համար, որովհետեւ ինձ համար արդեն բարդ էր համատեղել իմ ստեղծագործական զբաղվածությունը եւ այդ ծանր գործը»:
Այս փուլում եթե այլ պաշտոնի առաջարկ ստանա, դարձյա՞լ հրաժարվելու է ու միայն ստեղծագործական աշխատանքով է զբաղվելու։ «Ես ինքս չեմ ուզում եւ, ընդհանրապես, ոչ մի պաշտոնի հավակնություն չեմ ունեցել թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ ապագայում: Ինձ համար իմ հաճույքն իմ մասնագիտության մեջ լինելն է։ Ամսի 2-ին համերգ ունենք, համեցեք Կամերային երաժշտության տուն, քանի որ այս ընթացքում իմ երգչախմբի աշխատանքները չեմ դադարեցրել եւ ամբողջությամբ լծված եմ եղել նաեւ այդ գործին: Ինձ համար բարդագույն շրջան էին անցած 5 տարիները, ու հիմա փորձում եմ ուշքի գալ: Ես հիմա ընդամենը մեկ ուսանող ունեմ Կոնսերվատորիայում եւ շարքային դասախոս եմ, պրոֆեսոր»:
Ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի շինարարությանը, ապա. «Կոնսերվատորիայի շինարարությունը շատ լավ փուլում է գտնվում, բարձր որակով աշխատում են, ձախ մասնաշենքը մինչեւ տարեվերջ կհանձնեն, բայց, զուգահեռաբար, այս ամռան ամիսներին նաեւ տանիքներն են ամբողջությամբ նորոգելու: Ամեն դեպքում, բարդ աշխատանքներն արդեն ավարտված են, եւ մնում են կոմունիկացիայի հարցերը, որոնք մինչեւ տարեվերջ կավարտվեն: Կարող եմ ասել, որ բազմաթիվ երկրների կոնսերվատորիաներ տարիներով հիմնանորոգումների մեջ են լինում, ինչը նորմալ է»: