Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզաշավը ավարտվեց: Ինչ արդյունքներ կարելի է արձանագրել: Նախ իշխանության մասով:
Քարոզարշավը ցույց տվեց, որ ՔՊ-ն և անձամբ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն և վստահություն`Փաշինյանի հանդիպումներին մարդկանց բերում էին պարտադրանքով`քաղաքապետարանների, մարզպետարանների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների և այլ պետական հաստատությունների աշխատողներին, նրանց ընտանիքի անդամներին` վախեցած, խեղճացած, նվաստացած, նաև շրջիկ թատերախմբեր: Այդ մարդիկ մասնակցում էին հավաքներին սպառնալիքի ազդեցության տակ` չգաք, կազատվեք աշխատանքից: Փաշինյանը տեսնում էր, որ այն մարդիկ, ովքեր կամավոր էին եկել իր հավաքներին, եկել էին իրեն ասելու այն, ինչ մտածում են իր մասին`զզվում են, ատում են, մերժում են, անիծում են այն օրը, երբ իրեն ընտրել են վարչապետ: Փաշինյանը դրանից ընկնում էր կատաղության նոպայի մեջ, հարձակվում էր մարդկանց վրա, վիրավորում, սպառնում, կալանավորում:
Քարոզչության մասով ևս բացարձակ ձախողում էր: Սկզբում Փաշինյանի հիմնական կարգախոսը խաղաղությունն էր, իրբև թե ինքը խաղաղություն է բերել, կամ բերելու, որ եթե ինքը չընտրվի` պատերազմ է լինելու: Այդ կարգախոսը չաշխատեց, որովհետև մարդիկ համոզված են, որ Փաշինյանի թույլ և խղճուկ կառավարման պայմաններում պատերազմի հավականականությունը անհամեմատ ավելի մեծ է, մարդիկ ուզում են արժանապատիվ, ոչ թե թշնամու առաջ նվաստացած և կզած կյանք: Փաշինյանն ընթացքում փոխեց մարտավարությունը, սկսելով սպառնալ իր քաղաքական ընդդիմախոսներին, նորից խոսեց նրանց ունեցվածը խլելու, սնանկացնելու, բոմժացնելու մասին: Հասարակության ապասոցիալական`բոմժացած մասը, որն ուզում է, որ բոլորն իր նման լինեն, որը նախկինում եղել է նրա հիմնական հենարանը, այլևս չի հավատում նրա խոստումներին, նրանք հիմա այլ հերոսների են գտել, որոնք պետք է գան ու խլեն հարուստների ունեցվածքը և բոլորին ունեզրկեն:
Հասկանալով, որ սեփական վարկանիշը բարձրացնելն անօգուտ գործ է, ժամանակի անտեղի վատնում, Փաշինյանը փորձեց նվազեցնել իր ընդդիմախոսների վարկանիշը, նրանց բոլորին հռչակելով հանցագործներ`կաշառատուներ և կաշառվածներ: Հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանք ներկայացվեց: Այդ մեղադրանքներն ուղղված էին «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ակտիվիստների դեմ, ինչը ցույց է տալիս, թե ում է նա համարում իր հիմնական մրցակիցը, ումից է տեսնում իր իշխանությանն ուղղված սպառնալիքը: Սրա նպատակը երկրում վախի մթնոլորտ տարածելն է, որ մարդիկ համարեն, որ ընդդիմության օգտին աշխատելը վտանգավոր է, քրեական հանցագործություն է, ինչպես նաև կազմալուծվեն ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբները, զրկվեն մարդկային ռեսուրսից: Մի բան, որն ինչ որ չափով հաջողվեց: Ընդդիմության առաջատար ուժի`«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանն այդպես էլ մնաց կալանքի տակ, չկարողանալով մասնակցել քարոզարշավին, կամ մասնակցել սահմանափակ ձևաչափով, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց իբրև թե օտարերկրյա պետության օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Փաշինյանն առանց որևէ պատշաճ և հավաստի ապացույցի ընդդիմության այլ ներկայացուցիչների էլ մեղադրեց օտարերկյա գործակալ լինելու մեջ, բայց նրան հավատացող չկա, քանի որ մարդիկ գիտեն, թե ով և ովքեր են օտարերկրյա գործակալները և հատկապես որ երկրների:
Ընդդիմության մասով. Ընդդիմադիր կուսակցություններին հաջողվեց հասարակությանը հասցնել այն թեզը, որ Փաշինյանի ընտրությունն իրական վտանգ է Հայաստանի ինքնիշխանության և գոյության համար, որ նրա իշխանության շարունակության դեպքում, Հայաստանը կորցնելու է նույնիսկ այսօր ունեցած ինքնիշխանության մնացորդները, ունենալու է տարածքային կորուստներ, Հայաստանը վերածվելու է Ադրբեջանին ենթակա կառույցի, ի վերջոն դատարկվելով հայերից և բնակեցվելով ադրբեջանցիներով:
Ընդդիմությունը ցույց տվեց, որ ունի հասրակության գերակշռող հատվածի աջակցությունը`ընդդիմադիր կուսակցությունների հավաքներին մասնակցեցին մի քանի հարյուր հազար քաղաքացիներ, իրական ընտրողներ: Հանրային համոզմունք ձևավորվեց, որ երեք կամ չորս ընդդիմադիր ուժեր ընդունակ են անցնել խորհրդարան, ձևավորել կոալիցիոն կառավարություն և համատեղ ուժերով երկիրը դուրս բերել այս վիճակից:
Արտաքին քաղաքականության առումով. Իբրև թե խաղաղություն բերող Փաշինյանն իր գործունեությամբ Հայաստանը թշնամացրեց իր երկու առևտրատնտեսական, աշխարհաքաղաքական դաշնակիցների`Ռուսաստանի և Իրանի հետ, երկրներ, որոնք անկախացումից ի վեր, և հատկապես վերջին 5-6 տարիներին եղել են երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: Սպասարկելով օտար և Հայաստանի համար թշնամական երկրների շահեր, Փաշինյանն էականորեն ծանրացրեց Հայաստանի հազարավոր տնտեսվարողների գործունեությունը, մարդկանց և երկիրը դնելով սնանկացման և ունեզրկման վտանգի տակ, անխուսափելի դարձնելով կոլապսն ու տնտեսական փլուզումը:
Հնարավո՞ր է, որ Փաշինյանը հաղթի. անհնար է: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է 53 տոկոս, կամ մոտ 680 հազար քվե: Իհարկե, այդ թվերը ևս վստահություն չեն ներշնչում, և դրա մեջ մեծ է կեղծիքի մասնաբաժինը: Բայց անցած հինգ տարիների ընթացքում տասնյակ և հարյուր հազար մարդ հրապարակային հայտարարել է, որ նախկինում ընտրելով Փաշինյանին, հիմա նույնը չի պատրաստվում անել: Ամբողջ աշխարհից`Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, Վրաստան հազարավոր հայեր հասկանալով, որ ընտրություններում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, իրենց պարտքն են համարում գալ և մասնակցել Հայաստանի փրկության գործին: Ընտրությունները վերածվել են ազգային ազատագրական պայքարի, Հայաստանը օտար և օտարին ծառայող զավթիչներից ազատագրելու պայքարի: Եվ այդ պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով: