Մենք մի քանի մշակութային գործիչների հետ զրուցեցինք ընտրությունների թեմայով: Դերասանուհի Էվելինա Շահիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հետևում է ընտրական գործընթացներին, իսկ հարցին թե ինչ ուղերձ կցանկանար հղել ընտրությանը մասնակցող քաղաքացիներին, պատասխանեց․ «Յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի։ Ոչինչ չեմ ասի»։
Գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը հարցին` քարոզարշավին հետևո՞ւմ եք, պատասխանեց. «Այո, իհարկե, ոչինչ բաց չեմ թողնում»։ Ի՞նչպես կգնահատեիք. «Շատ բնական, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում։ Տեսնում եմ բազմաթիվ կուսակցություններ: Փոքր ժողովուրդը չի կարող այսքան կուսակցություններ ունենալ, այսքան ձայներ փախցնող ունենալ, այսքան անլրջություն ունենալ: Իհարկե, բարեբախտաբար կան նաև լուրջ ուժեր, ովքեր հիմնական ծանրաբեռնվածությունը վերցրել են իրենց վրա և կարողանում են արտահայտել մեր հանրության մտահոգությունները»։ Եթե ձեզ հարցնեն, որ դեռ չեն կողմնորոշվել` ում ընտրել, ինչ խորհուրդ կտաք. «Ես, իբրև մտավորական, ում ձայնը կարծում եմ կհետաքրքրի, կասեմ հետևյալը` սիրելի բարեկամներ, այսօր մեզ համար ամենից կարևոր խնդիրը մեր Արցախի խնդիրն է և այն ուժերը, ովքեր դնում են իրենց առջև Արցախի խնդիրը, ում համար կա Արցախ, որովհետև բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն և արցախցիների օրինական իրավունքը, որը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից, Ամերիկայի սենատում էլ են այդ մասին խոսում, Եվրոպայի խորհրդարանում էլ են խոսում այդ մասին, լուռ է միայն Հայաստանը...Իմ խորհուրդը հետևյալն է. սիրելի բարեկամներ, ձայն տվեք միայն ու միայն այն քաղաքական ուժին կամ ուժերին, ովքեր հետամուտ են լինելու Արցախի խնդրի կարգավորման մեծ ծրագրին, որից կախված է հայության ապագան։ Եթե Արցախի կորստի հետ համակերպվենք ուրեմն մենք պատիվ չունեցող ժողովուրդ ենք»։
Հետաքրքրվեցինք, թե գրականագետն ինչպես է վերաբերվում այսօր իշխանությունների, երկրի ղեկավարի խոսույթին. «Շնորհակալություն, որ այդ բառն օգտագործեցիք` իշխանություն։ Բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գիտելիքի պակասի հետևանքով ներկա կառավարությանը կոչում են իշխանություն: Դա իշխանություն չէ: Իշխանությունը, ըստ մեր սահմանադրության, պատկանում է ժողովրդին և եթե մենք խոսում ենք իշխանության գոյության մասին, դա հայ ժողովուրդն է: Կառավարությունը դրանք մեր կողմից աշխատավարձ ստացող մարդիկ են, որոնք, իհարկե, իրենց աշխատանքը շատ վատ են կատարում։ Իշխանությունը Արցախ սիրող մարդիկ են, ովքեր պաշտպանելու են Արցախի պատիվը։ Իշխանություն չեն նրանք, ովքեր հրաժարվում են Արցախից: Հետո հրաժարվելու են Սյունիքից, Երևանից, պետականությունից: Դա չի կարող իշխանություն կոչվել։ Կառավարությունը մեծ հանցանք է գործել մեր ազգի հանդեպ` 44-օրյա պատերազմը կարող էր կանխվել, չկանխվեց։ Ամբողջովին մերժում եմ իրենց և միշտ արտահայտել եմ իմ կարծիքը, գիրք ունեմ գրած, այն ամենի մասին` ինչ է կատարվել 2018-ից հետո: Կոչվում է «Ժանտախտի առնետը»։ ՊԵտք է հայրենասիրական ուժերը միավորվեն և փրկեն Հայաստանը։ Ամսի 7-ընտրությունը նոր Սարդարապատ է, եթե մենք պարտվեցինք` ոչնչացվելու է Հայաստանը։ Հայ մարդը ո՞նց կարող է ուրանալ ցեղասպանությունը, մոռանալ Արցախը: Ոչ ոք մեզ չի հասկանում` դրսում հարցրեք»։
Աբգար Ափինյանին հարցրինք նաեւ իր կարծիքը վերջին շրջանի ձերբակալությունների մասին` սա վախի դրսևորո՞ւմ է։ «Անշուշտ ջղաձիգ վիճակն ակնհայտ է։ Բոլորը խոսում են, ասուլիսներ են տալիս... Հայոց պատմություն, հայ մշակույթ իմացող մարդիկ են մեզ պետք։ Հայ մշակույթի մեջ է մեր բոլոր քաղաքական հարցերի լուծումը։ Եթե կարդացած լինեին Օտյան, որովհետև Երվանդ Օտյանն իր «Ընկեր Փանջունի» գիրքը, որը հիմա տիպիկ հայկական է, սուտասան քաղաքական գործչի մասին է գրել` այսօր Հայաստանում այդ տեսակն է բազմանում։ Կանայք կարող են շատ բան փոխել, ինչպես Քաջ Նազարում, Ես կոչ եմ անում մեր հայ կանանց ցախավելով պետք է դուրս հանեն պալատից»։
«Ազգ» շաբաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է ընտրություններին մասնակցելը` կան երկրներ, որտեղ տուգանում են այն քաղաքացիներին, ովքեր չեն մասնակցում: «Մենք չունենք նման օրենք, բայց այս ընտրությունները տարբերվում է նախորդներից։ Ժողովուրդը պետք է թույլ չտա, որ բռնատիրական ձևերով ղեկավարեն իրեն։ Անպայման մասնակցեք, անպայման քվեարկեք և տեր կանգնեք ապագային», ասաց պարոն Ավետիքյանը։
Շուշանիկ Սարիկյան