Հասարակություն

Ժողովրդին փորձելը

Ժողովրդին փորձելը
Հաշված ժամեր են մնացել, մինչ ի լուր աշխարհի կհայտարարվի, որ ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն է: Տասը տարի ղեկավարելով Հայաստանը՝ այս մարդը բնավ հեռանալ չի կամենում, ավելին՝ փոխել է Սահմանադրությունը, որ հարատեւի: Սերժ Սարգսյանի անխոնջ կիրքն ու հարատեւության ձգտումն անօրինակ չէ, աշխարհում դեռ բազմաթիվ երկրներ կան՝ իրենց մշտաբնակ, անփոխարինելի տիրակալներով, որոնք իսկական պատուհաս են դարձել ժողովուրդների համար, չարորակ ուռուցքներ, որոնք սպանում են մարդկության հույսը, դառնում ավեր ու սպանդ տարածող գոյացություններ:



Գիտակցո՞ւմ է այս ամենը Սերժ Սարգսյանը, գիտակցո՞ւմ է, թե որ ուղղությամբ է տանում այս նավը, ինչ խութեր են սպասվում ապագայում, գիտակցո՞ւմ է հավաքված դժգոհության ու ատելության չափը, ի՞նչ պիտի անի դրա հետ, ի՞նչ է խոստանում աղքատության մեջ ապրող ու արտագաղթող ժողովրդին իր այս հակաբնական հարատեւության դիմաց: Առհասարակ, նա ունա՞կ է որեւիցե բան գիտակցելու: Դեռ մի քանի օր կա, Սերժ Սարգսյանը դեռ կարող է տրամախոհել, դեռ կարող է հետ կանգնել, հրաժարվել իր այս կործանարար քայլից, իշխանությունը փոխանցելով՝ հեռանալ ասպարեզից, դեռ կարող է գոնե վերջին պահին շրջահայացություն ցուցաբերել՝ վերջնականորեն չփլուզելով պետության բոլոր երազանքներն ու հնարավորությունները:



Ակներեւ է՝ այս պահին համաժողովրդական ընդվզման ռեսուրսները սակավ են, բայց այս հանգամանքը Սերժ Սարգսյանի ու թիմի համար թող հանկարծ ու հանկարծ ուրախության, սփոփանքի առիթ չհանդիսանա: Մեծ պայթյունի նախօրեն միշտ էլ մեծ լռությունն է: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղը, նույնիսկ մեկ ժամ հետո ինչ կլինի, ինչպես կդրսեւորի իրեն ժողովուրդը, ինչ կորոշի, ինչ քայլ կձեռնարկի: Պարզապես անասելի է փորձել սեփական ժողովրդի համբերությունը, չլսված խայտառակություն է՝ անմեղսունակություն, ինքնաոչնչացում:



Սերժ Սարգսյանը վերջիվերջո պիտի հասկանա, որ քաղաքականությունը՝ քաղաքականություն, սակայն բացեիբաց շողոմությամբ խոստում դրժելն ամենաարգահատելի վերաբերմունքն է, որ կարող է թույլ տալ մարդկանց հանդեպ: Եվ իսկապես՝ քիչ չէին այն մարդիկ, ովքեր հավատացին նրա խոսքին, նրա տված խոստումներին: Փաստացի՝ Սերժ Սարգսյանը փորձում է նաեւ այս հավատավորներին:



Դեռ մի քանի օր կա, Սերժ Սարգսյանը դեռ կարող է ամեն ինչ փոխել, կարող է գիտակցել, հասկանալ ու կանխել դեպի փորձություններն ու վերահաս աղետներն ընթացող պետության ուղեծիրը:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image