Վայոց Ձորի մարզում ծովի մակարդակից 1450-1600մ բարձրության վրա իր կյանքը շարունակող Աղավնաձոր գյուղը, որի սարավանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք եւ կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով, շատ ժամանակ շփոթում են իր անվանակցի հետ, որը գտնվում է Կոտայքի մարզում եւ համարվում է Հայաստանի գեղատեսիլ հանգստավայրերից մեկը:
Հայաստանում կարճ արձակուրդ անցկացնելու համար արագ կողմնորոշվել է պետք, որ բնավ հեշտ բան չէ, մանավանդ, երբ հիշում ես Վանոյի տողերը.
«Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է, եւ այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել եւս՝ համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետեւ մեծը դեռ համարժեք չէ, նաեւ մեծից մեծը միշտ կա»:
Եվ ահա քեզ՝ ճամփորդիդ, որ ընդամենը երկու ժամ առաջ է դուրս եկել Մեծն Երեւանից… քեզ թվում է՝ Արարատյան դաշտավայրի տիեզերական լայնարձակությունը չի կարող հատել, եւ ոչ մի անիվ, ոչ մի երազ չի կարող շարունակվել, երբ Երասխավանի պապակ, մողրախորիսխի գույն ունեցող սարի, ժայռի ու լավաներից ցայտած ապարի, այս անհնարին համահավաքության կտորները հանկարծ խրվում են թմրած գիտակցությանդ մեջ ու շարունակվում դրանից անդին... եւ այս մղձավանջի ու անհուսության հզոր ալիքի մեջ հանկարծ ամեն ինչ դանդաղորեն խաղաղվում է, մարմինդ թաթախվում է Թռչունների քարայրից ու Նորավանքից փչող զով քամու ալիքներով, հետո ճամփեզրին վաճառվող տնական գինիներն են, մեղրը, չրերը, սուջուխը, խաշած եգիպտացորենը, բուժիչ չորացված ծաղիկների կապուկները, Արենին, վերջապես՝ Աղավնաձորը...
Այս գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաեւ Աղնաձոր, Այնազուր։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։ Երկրորդ բնակեցումը եղել է 1828 թվականին։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին հիմնականում Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջեւանից։ Աղավնաձոր գյուղի շրջակայքում եղել են բնակավայրեր՝ Ապանան, որը գտնվում է գյուղից մոտ 4 կմ հյուսիս-արեւելք, Բաղչաջղը՝ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արեւմուտք, Ղզլաղլը, Միրաշը։ Այդ տարածքներում գտնվել են կահկարասիներ, խաչքարեր՝ փոքրիկ քանակով, գտնվել են նաեւ կարասային թաղումների շրջանի մնացորդներ (մ.թ.ա. II դար)։
Տեղ ենք հասել:
Ապրում ենք գյուղի տանը:
Ոչինչ չենք անում:
Արթնանում ենք արեւի հետ, արեւի հետ դառնում քնարան: Աղավնաձոր գյուղն այնքան լուռ է, ասես գոյություն չունի՝ մի եկեղեցի, երեք-չորս մթերային խանութ, ակումբի, դպրոցի, մանկապարտեզի ու գյուղապետարանի շենքերը, եւ ահա՝
Մերոնք
Կեսօրին գնում եմ Ծիանց աղբյուր՝ լվացվելու, ջուր վերցնելու: Մերոնք ցաքուցրիվ նստոտած են ստվերոտ մասերում: Մերոնք միշտ ցաքուցրիվ են նստում: Բարեւում եմ, լվացվում: Ուշադիր նայում են: Մերոնք միշտ ուշադիր են նայում: Հարցնում են՝ որտեղի՞ց ես, ասում եմ՝ Երեւանից, ասում են՝ դե արի ծանոթանանք: Մոտենում եմ նրանց: Լավաշից սեղան են պատրաստել... խորովածը, աղը, տնական օղին... Ծանոթանում ենք: Ասում եմ՝ եկել եմ հանգստանամ: Ծիծաղում են․ «Խի տենց բան է՞լ ա լինում»... Մերոնցից մեկը խշրտան լավաշով խորոված է հյուրասիրում, մյուսն օղի է լցնում՝ «անուշ արա»: Մեղմ ժպիտներով ու լուռ են Մերոնք: Ծխում են: Մերոնք միշտ ծխում են ու մեղմ ժպտում: Ասում եմ՝ շնորհակալություն, արդեն գնամ: Հաջողություն են մաղթում: Տան ճանապարհին մտածում եմ՝ իրենց պարզության ու լռության մեջ ի՞նչ անտեսանելի են Մերոնք, բայց որքա՜ն շեշտված է այդ պարզության ու լռության ներկայությունը, որքա՜ն վտանգավոր:
Խաղողի այգիների կողմից ծուխ է բարձրանում: Հրդեհ է բռնկվել: Բոլորը վազում են դեպի այգիները, բոլորը հրդեհից են խոսում: Այստեղ խաղողն ապրելու վերջին հույսն է: «Երբ մթերման օրերն են գալիս, մարդիկ շատ լարված են, հուզված, սրտի դողով սպասում են իրենց հերթին, իսկ էդ ընթացքում խաղողի շիրեն հոսում ա, հոսում... հեշտ չի նայել խաղողի հոսող շիրային, հեշտ չի...»,- ասում է գյուղացիներից մեկն ու շարունակում․ «Ջահելները Ռուսաստան են գնում, ստեղ մնան, ի՞նչ անեն, գործ չկա, ապրել չի լինում, իշխանավորի երկիր ա»: Մերոնք միշտ գնում են: Եթե նույնիսկ չեն գնում, միեւնույն է՝ գնալու մասին են երազում: Այս «գնալը»` սրճարաններում, բակերում, երազներում… Մեր Ոչ Մի Տեղ գնալը, որ մեզ համար նույնիսկ գերեզմանափոս չի դառնում…
Սքանչելի Աղավնաձորում անցկացրած մեկ շաբաթը մերթ մի դար է թվում, մերթ՝ մի օր, գուցե… ինչպես բոլոր անսլաք պատմության դեմ ապստամբող օրերը:
Այս ափաչափ ճամփորդությանը, այս հայկական գյուղին, ոչինչ չանելուն, վառվող խաղողին ու Մերոնց այս անտեսանելիությանը հրաժեշտ տալ չի լինում: