1945 թվականի օգոստոսի 6-ին աշխարհում տեղի ունեցավ աննախադեպ հեղաշրջում: Քաղաքակրթությունը մտավ նոր փուլ: ԱՄՆ-ի կողմից առաջին անգամ ատոմային ռումբ օգտագործվեց: Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները հողին հավասարվեցին: Ատոմային տաք քամու առաջին հարվածներից մարդիկ ուղղակի հալչում էին, ողջակիզվում, մոխրանում էին շենքերն ու փողոցները: Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի եւ Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին եւ հետագայում կրեցին դրա սարսափելի հետեւանքները, հետեւյալ կերպ էին պատմում կատարվածը.
«Կուրացուցիչ կանաչագույն բռնկում, պայթյուն, գիտակցությունը ճնշված է, տաք քամու ալիք… եւ հաջորդ վայրկյանին շուրջն ամեն ինչ այրվում էր… փլվող տների բեկորների տակ ընկած են ուշագնաց մարդիկ, կրակի մեջ մեռնում են կանայք, կրակե օղակում մեռնում են ուշքի եկած եւ փրկվել ցանկացող մարդիկ… մի ակնթարթ, եւ մարդկանց վրայից թափվում է բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերն ու դեմքերը, կուրծքը, պայթում են արնագույն բշտիկները, եւ ծվեն-ծվեն ցած են սահում մաշկի կտորները… դրանք ուրվականներ են։ Վեր բարձրացրած ձեռքերը… նրանք շարժվում են ամբոխով՝ օդը խլացնելով աղեկտուր ճիչերով։ Գետնին ընկած է նորածին երեխան, մայրը մեռել է, բայց ոչ ոք ուժ չունի օգնելու, բարձրացնելու։ Խլացած եւ այրված մարդիկ խելագարված կիտվել են ոռնացող ամբոխում եւ կուրորեն դեսուդեն են խփվում՝ ելք փնտրելով»:
Ատոմային ռումբի առաջին հարվածից զոհվեց 80 հազար մարդ: Հետո մարդիկ մեռնելու էին քաղցկեղից, ճառագայթների ի հայտ բերած սոսկալի հիվանդություններից, որոնց դեմ բժշկական միջոցներն անզոր էին… Մարդիկ շարունակելու էին եւ առայսօր էլ շարունակում են կուրանալ, զրկվել ուտելու, կանգնելու, շարժվելու ունակությունից: Հիրոսիմա-Նագասակին ԱՄՆ-ի համար լոկ փորձաճագար էր, որի վրա բանեցրին մարդկության կողմից ստեղծված սպանելու ամենազարհուրելի գործիքը, եւ ով իմանա՝ գուցե ապագայում դեռ կբանեցնեն: Ատոմային սպառազինությունը փոխեց Երկիր մոլորակի, մարդկային կեցության, նրա ապագայի հանդեպ կանխատեսումների ճակատագիրը: Ահա, այսօր մենք ունենք մի մոլորակ՝ մինչեւ ուղնուծուծը զինված ատոմային ռումբերով, որոնք ամեն ժամ կարող են պայթել: Այդպիսի ծրագրի համար ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին, որ զավեշտալի մի գործառույթ է թվում… Արդեն մեղադրողի դերում է մարդկության հանդեպ ամենածանր հանցագործություններից մեկի հեղինակը, որի գործողությունները բնավ աշխարհում խաղաղություն հաստատելուն չեն միտված:
Այսօր միջուկային զենք ունեցող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան։ Ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի։ Վաղը գուցե այս ցանկը համալրվի նոր երկրներով, որոնք միմյանց կվախեցնեն՝ ցուցանելով «հպարտության» եւ «անվտանգության» ռումբը, կամ վախից կսիրեն իրար, հանուն ռումբի կբարեկամանան… Բայց հիշողությունը, Հիրոսիմայում արված այն լուսանկարը, որտեղ սալաքարին մարդու հալված մարմնի հետքն է, գերտերությունների համար այս ատոմային «սիրո եւ բարեկամության» միակ վերհուշը կդառնա:
Կատարվածի համար ԱՄՆ-ն առայսօր Ճապոնիայից պաշտոնապես ներողություն չի խնդրել: