Երեւանում 1908 թվականին լույս տեսնող «Հրազդան» պարբերականի հրապարակախոսներից մեկը քաղաքացիների անտարբերության հարցն է բարձրացնում: Անտարբերություն, որ շարունակվում է՝ որպես անցյալի ու ներկայի տխուր ավանդույթ:
Մենք սովոր ենք գոռալ եւ տրտնջալ, թե օրենքը մեզ լայն արտոնություններ չի տալիս, որ մենք զրկված ենք իրավունքներից, եւ այլն: Այո՛, այդպես է: Բայց մեր ամենամեծ անբախտությունը դրանում չի կայանում: Մեր ամենամեծ թշնամին մեր այն հրեշավոր անտարբերությունն է, որ մենք առատ կերպով շռայլում ենք ամեն անգամ, երբ օրենքը մեզ հրավիրում է եւ իրավունք տալիս գործելու: Վատ թե լավ՝ ունենք քաղաքային ինքնավարություն: Անպայման կարելի է ցանկանալ ավելի լայն արտոնություն ունենալ: Բայց ինչ օգուտ, եթե մենք հետաքրքրվել չենք ուզում եւ եթե աշխատելու ցանկություն չունենք:
Երբ քաղաքային իրավասուների ընտրությունն է, թվում է՝ քաղաքացիներն իրենց պարտականությունների հանդեպ անտարբեր չեն, որոշ թվով մարդիկ գալիս են եւ, ըստ երեւույթին, գիտակցաբար վերաբերմունք են ցույց տալիս: Այդ օրը սրան կամ նրան ընտրելու կամ սեւացնելու համար մարդիկ իրար գլուխ են ջարդում: Ընտրողները սպասում են արդյունքներին: Տեսարանը հետաքրքիր է: Իսկ հետո՞: Ի՞նչ են անում ընտրվածները: Միակ պատասխանը, որ կգտնեք՝ նրանք ոչ հաճախում են ժողովների, ոչ գործ անում: Իրավասուներն իրենց նայում են որպես պատվավոր դեմքերի, ովքեր պետք է «ընտրված» լինեն, եւ վերջ: Կհավատա՞ք, քաղաքացինե՛ր, որ կան իրավասուներ, որ քաղաքային խորհրդի 10 նիստից միայն 2-ին են մասնակցել եւ 8 անգամ բացակայել են: Կան եւ այնպիսիները, որ ոչ մի նիստի ներկա չեն եղել: Սրա արդյունքում քաղաքային խորհրդի նիստերը չեն կայանում, միեւնույն հարցերը լուծման համար 2 անգամ են սպասում եւ այդպես էլ լուծում չեն գտնում եւ օրենքի համաձայն մնում են նահանգապետի հայեցողության տակ: Քանի-քանի նշանավոր հարցեր այս վիճակին են արժանացել: Դրանց թիվը շատ մեծ է: Խոշոր հարցերն առավելապես վատ վիճակի մեջ են, դրանք լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն:
Անտարբերություն եւ միայն անտարբերություն: Այս բոլորից հետո միայն մի բան կարելի է ասել: Նրանք, ովքեր ձեռնհաս չեն եւ կամ ժամանակ չունեն իրենց պարտականությունները կատարելու, պիտի հեռանան եւ տեղ տան ավելի գործունյա մարդկանց: Ուրիշ ելք չկա: Հակառակ դեպքում դա ոչ միայն կլինի դատապարտելի անտարբերություն, այլեւ հրեշավոր անբարեխղճություն:
Մուսին
31 հոկտեմբերի 1908