Կոկորդիլոսանման կղզին, հեղափոխականների, արկածախնդիրների, հավերժ աղքատների, սիգարի ու հավաներայի հայրենիքը, որ համարյա կես դար ԱՄՆ-ի դեմ տաք ու սառը պատերազմ էր մղում (Վաշինգտոնը Հավանայի հետ վերջնական կապերը խզել է 1959 թվականին՝ Կուբայի հեղափոխությունից հետո), ընդհանրապես մերժում էր նրա գոյությունը, համարում երկրագնդի չարորակ ուռուցք, որից ժամեր առաջ պիտի ձերբազատվել, նետել մոտակա աղբարկղը: Եվ ահա, ԱՄՆ-Կուբա տասնյակ տարիների հակամարտությունը, որ քիչ մնաց աշխարհին ընծայեր երրորդ աշխարհամարտ, այս օրերին կարծես մտնում է եզրափակիչ՝ շատերի կարծիքով, հաշտության փուլ:
Թերեւս հաշտություն է, եթե Հավանայի համայնապատկերում արդեն իսկ ծածանվում է ԱՄՆ-ի դրոշը: Եվ Վաշինգտոնի ու Հավանայի միջեւ դիվանագիտական կապերի վերականգնմանը նվիրված միջոցառումը նշանավորվեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի ներկայությամբ: Քերրին առաջին ԱՄՆ պետքարտուղարն է, ով Կուբա է ժամանել 1961 թվականից հետո: Իր ելույթում այս իրադարձությունը Քերրին պատմական բնորոշեց եւ հույս հայտնեց, որ սա երկու պետությունների բարդ եւ ծանր հարաբերությունների համար դրական մեկնարկը կլինի: «Մենք առաջվա պես համոզված ենք, որ Կուբայի ժողովրդի շահերից է բխում իրական ժողովրդավարությունը, որը թույլ կտա նրանց ազատորեն ընտրել իրենց առաջնորդներին եւ արտահայտել իրենց գաղափարները»,- հայտարարել է պետքարտուղարը:
Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն քննադատում է ԱՄՆ-ին՝ Կուբայի նկատմամբ առեւտրային էմբարգոյի պահպանման համար: Հավանայում նշում են, որ Վաշինգտոնի հետ լիարժեք հարաբերությունները կարող են վերականգնվել միայն այն դեպքում, երբ չեղյալ հայտարարվեն բոլոր արգելքները: Մի պահ վերհիշելով Ֆիդել Կաստրոյի «անմահ» ու փոթորկուն ճառերը, որոնց գլխավոր թիրախը կապիտալիստական աշխարհի հայրն էր՝ ի դեմս Միացյալ Նահանգների, վերհիշելով Սպիտակ տան կողմից ձեռնարկված անթիվ-անհամար քաղաքական սադրանքները, գործակալների «փառավոր» տքնանքը, Կուբային կոտրելու տարատեսակ բանսարկությունները, երկու ժողովուրդների միջեւ առկա ահռելի ատելությունը, իսկապես դժվար է պատկերացնել խաղաղության ու համագործակցության նոր կամրջի հնարավորությունը, բայց սա փաստ է, որ նաեւ վկայում է համաշխարհային քաղաքականության նոր շրջափուլերի մասին: Այսօր ապրող Ռաուլ եւ Ֆիդել Կաստրոներն այլեւս այն հեռավոր կրքոտ ու անզիջում հեղափոխականները չեն եւ չեն էլ կարող լինել: Հավանայի փողոցներում, բակերում, արվարձաններում, շենքերի պատերին նկարված Չե Գեւարան եւ Բատիստայի դիկտատուրան տապալած մյուս մորուքավոր հեղափոխականները՝ իրենց բերետներով, կոմունիստական կարմիր աստղերով ու կանաչ խեբեներով, պարզապես այդ անցյալը վաճառելու խայծեր են, «ռոմանտիկ» ժամանակների ռոմանտիկ ասպետները, որոնք իրենց անշարժ ու անգործուն տեղը գտան թանգարաններում: Հաջողվե՞ց, ի վերջո, ԱՄՆ-ին կապիտուլյացիայի ենթարկել Կուբային, ցույց կտա ժամանակը: Բայց հակառակն էլ կա: Հավանայի երկնակամարում հայտնված ամենաթշնամական երկրի դրոշակը բազմաթիվ կուբացիների համար Կաստրոյի դիկտատուրայի ավարտը եւ իրենց ազատագրումն է ցնծում:
Արամ ՊԱՉՅԱՆ