«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծը, որի մեջ «խառն» է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մատը, վաղուց հայ քաղաքական-հասարակական կյանքի անբաժանելի ֆենոմեններից մեկն է:
Հայոց աշխարհում ծեծի մշակույթը հին պատմություն, հին ավանդույթ ունի: Զաքարիա Քանաքեռցին իր պատմագրության մեջ Արարատյան աշխարհում, Երեւանում, Քանաքեռ գյուղում ծեծի դաժան տեսարաններ է նկարագրում: Մտրակածեծ տանուտերերի, բդեշխների, այլեւայլ խուժանի կողմից: Սոսկալի բրածեծ՝ խաների, սուլթանների հարկահավաքների, նրանց ներկայացուցիչների կողմից: Ծեծն ասես քրեածին բարքերով ապրող իշխանության, տղամարդկային հասարակարգի ավելի ապահով, ավելի անվտանգ զայրույթն է՝ հասարակության անդամներին, ստրուկներին վախի, ճնշման մեջ պահելու պատեհությունը:
Ասում են՝ Ռուբեն Հայրապետյանը, որի թիկնապահները տարիներ առաջ ծեծելով սպանեցին Վահե Ավետյանին, իրավապահ մարմիններին պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել։ Նա նշել է, որ չի առեւանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել: Դրանից ավել ի՞նչ պիտի պատմի Ռուբեն Հայրապետյանը, հո չի՞ ասելու, որ գնացել են մոտը, «աբռաշատ» են եղել, որ Արսեն Ավետիսյանից գողավարի փողերն ստանա: Նմանօրինակ նախադեպերը հիմնականում կրիմինալ աշխարհում են գրանցվում: Մարդիկ, ովքեր հույսներն արդարադատության մարմիններից կտրում են կամ դատախազություն գնալն ուղղակի իրենց պատվից վեր են համարում, կորցրած փողերը ետ ստանալու համար դիմում են գողերին, քրեական հեղինակություններին, որոնք էլ իրենց հերթին «փայը» պահելով՝ գործն ավարտին են հասցնում: Սակայն Ռուբեն Հայրապետյանը (նաեւ նրա տեսակի մյուս մարդիկ) բնավ գողական աշխարհին չի պատկանում եւ դժվար թե այդ աշխարհի մարդկանց կողմից լիարժեք ընդունված անձ է: Թերեւս չի պատկանում, բայց կիսատ-պռատ պատճենում է այդ կյանքի բարքերը:
Ծեծի դեպքով առայժմ հետաքննություն է ընթանում, իրավապահներն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն հանգուցալուծելու համար: Մասնավորապես, նախագահի խոսքից է կախված՝ գործ կհարուցվի՞, թե՞ ոչ, ի՞նչ հոդվածով, եւ ովքե՞ր կանցնեն գործով՝ միայն թիկնապահնե՞րը, թե՞ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ահա, փաստորեն, «գողավարի» է ապրում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ յուրաքանչյուր լուրջ «չեպե»-ի դեպքում վերջին խոսքն իրենն է, եւ «բազար» փակողն ինքն է: Այս պարագայում լրիվ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանին պետք արդարադատության մարմինը, ինչ դեր ունի այն, ումից ինչ է ապահովագրում:
Այս ծեծերի շարունակական սերիալը երբեք ավարտ չի ունենա, քանի դեռ լիարժեք բացահայտված եւ օրենքի պահանջով դատապարտված չեն բոլոր մեղավոր եւ առնչակից անձինք: Եվ իշխանությունը, որ վերջապես ինքն է ստանձնել «գողի» դերը, չի կարող համահավաք կերպով արմատախիլ անել մի բան, որի կուռ պատվանդանն է, չի կարող ինքն իր դեմ պայքարել, ինքն իրեն կանգնեցնել դատական ատյանի առջեւ: Հնարավոր է՝ այս անգամ Արսեն Ավետիսյանը փրկվել է պարզապես բախտի բերումով: Գուցե վաղը քրեաօլիգարխիայի հաջորդ զոհի ճակատագիրն ավելի տխուր ավարտ ունենա: Ամեն ինչ դեռ առջեւում է: