Մշակույթ

Քաղաքագրություն. Գրիգոր Երեւանցու հիշատակարանը

Քաղաքագրություն. Գրիգոր Երեւանցու հիշատակարանը

Մեր ՌՃԻԸ (1679) թվականի հունիս ամսի չորսին, չորեքշաբթի օրը, Տիրոջ համբարձումից հետո եւ ժամը չորսին մոտ հանկարծակի դղրդալով շարժվեց Արարատյան երկիրը, եւ այնպես սաստիկ, կարծես նավը ծովի վրա ուժգին հողմից ալեկոծվում է: Երկրաշարժի սաստկությունից փլվեց Երեւան քաղաքը՝ բերդով ու պարսպով, կործանվեցին տներն ու գեղեցկաշեն ապարանքները, քանդվեցին եկեղեցիներն ու վանքերը, ցամաքեցին աղբյուրները եւ որոշ տեղերից սեւ ջրեր հոսեցին, պատռվեցին ժայռերն ու լեռները, եւ ժայռերի ճեղքերից ծիրանագույն բոց էր ելնում: Մառախուղը բարձրացավ եւ պատեց երկիրը Գառնիի գավառից մինչեւ Արագած լեռը, դաշտերով ու լեռներով հանդերձ, մինչեւ իսկ ծածկելով արեւի ճառագայթները: Եվ թվում էր, թե աշխարհի վերջը եկել է: Իսկ մահացածներին թիվ չկար: Տեսնելու էր մեծ տագնապի հուրը եւ մնացողների անհույս վարանման անպատմելի աղետները: Տեսնել էր պետք ծնողների ու զավակների կոծն ու կսկիծը, սիրելիների ու բարեկամների վայն ու եղուկը: Գոչում ու հառաչում էին, եւ չկար մեկը, որ օգներ նրանց: Դառնում ձեռքերով փորփրում էին այսուայնտեղ, եւ նրանց սրտերը չէին դիմանում: Եվ կսկիծներից վերստին զորանալով, ձեռքով պեղում էին հողերն ու քարերը: Հանում էին իրենց որդիներին գրկած մայրերին, եղբորը՝ եղբայրը, քույրը՝ քրոջը փաթաթված: Եվ բազում կանայք հաց եփելիս ընկել էին թոնիր ու խորովվել: Եվ ոտքերը հանում էին, շարքով իրար մոտ էին դնում եւ նրանց շուրջը պարում էին գլխաբաց եւ ողբում կսկծալի: Եվ մի գերեզման փորելով, չորս-հինգ հոգու միասին թաղում էին իրենց շորերով, առանց ծեսի ու քահանայի: Ուրիշ գավառներից նրանց օգնության էին գալիս, եւ օրեր շարունակ պեղում էին, հետո գտնում, փոս փորում ու թաղում: Եվ դարձյալ շարժվում էր երկիրը գիշեր-ցերեկ, մինչեւ ինն օր: Եվ իններորդ օրը, հինգշաբթի, ժամը հինգի կողմերը, առաջին երկրաշարժի նման կրկին շարժվեց երկիրը: Եվ ինչ որ խախուտ էր մնացել, առաջին երկրաշարժից իսպառ տապալեց սա ու կործանեց: Եվ դարձյալ երկիրը շարժվում էր գիշեր-ցերեկ: Եվ սեպտեմբերի ութին Կոզեռն կոչված սուրբ Հովհաննես վարդապետի դամբարանի մոտ էինք, Հրազդան գետի ափին, ուր Երեւան քաղաքի ննջեցյալների հանգստարանն է. երրորդ ժամն էր, հանկարծակի դղրդալով՝ շարժվեց երկիրը: Եվ երկրաշարժի ուժգնությունից գերեզմանի վիմատաշ քարերը բախվելով ճռնչում էին:



 



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image