16-19-րդ դարերի Երեւանի, հատկապես նրա բերդի մասին ուղղակի եւ անուղղակի շատ հիշատակություններ ու նկարագրություններ ունեն ճանապարհորդներն ու ուսումնասիրողները։ Երեւանի բերդի վերաբերյալ ստույգ, ընդարձակ եւ մանրամասն տեղեկություններ, քաղաքի ու բերդի հատակագծեր կան նաեւ արխիվային ֆոնդերում120։ Դրանք բոլորն ի մի բերելով մեր սույն աշխատության երրորդ գլխում, նրա բերդն ու խանի ապարանքը բնութագրել ենք ամենայն մանրամասնությամբ, մեր բոլոր ասածները հիմնավորելով պատմագրական համապատասխան նյութերով ու փաստերով։ Արդ՝ ի՞նչ էին իրենցից ներկայացնում Երեւանի 16-18 դարերի բերդը եւ սարդարների պալատը։ Երեւանի թուրքական բերդը, որ գտնվում էր Հրազդանի ձախ ափին եւ քաղաքից բաժանված էր մի մեծ հրապարակով, հիմնականում կառուցվել էր 1582 կամ 1583 թվականին, թուրքական Ֆահրադ-փաշայի կողմից։ Հետագայում այն մի քանի անգամ ավերվել է եւ նորից է վերակառուցվել։ 1679 թվականի երկրաշարժից հիմնահատակ կործանվել են նաեւ բերդը, սարդարի ապարանքները, բերդի պարիսպներն ու բուրգերը, պաշտպանական եւ օժանդակ կառուցվածքներ։
Այդ ժամանակվա Զալ-խանը պարսկական արքունիքից համապատասխան օգնություն ստանալով, Երեւանի ու շրջակա խանություններից հարկադիր աշխատանքի քշված գյուղացիների միջոցով վերակառուցում է բերդը՝ ավելի ուժեղացնելով նրա պաշտպանությունը։ Պարսկական տիրապետության շրջանում Երեւանի բերդի վերջին վերանորոգողն ու նոր կառույցներով հարստացնողը վերջիս սարդարն է՝ Հուսեի-Ղուլի խանը։ Բերդի եզրագիծն ըստ հիշատակությունների հասել է 800-1000 սաժենի։ Բերդի գրաված տարածությունը, մանր ոլորանները չհաշված, քառանկյունաձեւ է եղել։ Նա հյուսիսից, արեւելքից եւ հարավից պատած է եղել կրկնակի պարիսպներով՝ մեկը մյուսից գտնվելով 15-20 սաժեն հեռավորության վրա։ Դրանք երկուսը միասին ունեցել են 50-60 աշտարակներ ու բուրգեր։ Արեւմտյան կողմից բերդը պաշտպանվում էր Հրազդանի խոր ու զառիվեր ձորով, այս մասում պաշտպանական պարսպի կարիք չի զգացվել։ Բերդն ունեցել է երկու դարպաս, որոնցից մեկը գտնվում էր հյուսիսային մասում եւ կոչվում էր Բաբի-շիրվան, իսկ մյուսը հարավային կողմում էր եւ հայտնի էր Թավրիզ-գափուսի անունով։ Դրանցից բացի, ստորերկրյա անցք կար դեպի Հրազդան գետը, պաշարման ժամանակ այնտեղից ջուր վերցնելու համար։ Հիշատակություն կա այն մասին, որ ստորերկրյա անցքերով ե՛ւ Հրազդանից, ե՛ւ Գետառից ջուր է բերված եղել բերդ՝ երկար ժամանակ պաշարմանը դիմանալու նպատակով։ Պարիսպների ուղղությամբ դրանց շուրջը կառուցված էր բավական լայն ու խոր փոս, որի որոշ հատվածները վտանգի ու հարձակումների ենթակա պահերին լցրել են ջրով։ Բերդի պաշտպանությունն ապահովված էր մարդաշատ կայազորի ներկայությամբ, որի մեծությունը կախված է եղել քաղաքական հանգամանքներից։
17-18-րդ դարերում Երեւանի բերդն Արեւելքում անառիկ հռչակված բերդերից մեկն էր։ Իրոք որ, իրար հետ երկարաձիգ պատերազմների մեջ գտնվող թուրքական ու պարսկական բանակների համար Երեւանի բերդը դժվարամատույց էր։ Պարզունակ զենքերը, տրանսպորտային ողորմելի միջոցները, համապատասխան սակրավոր զորամասեր չունենալը պայմանավորում էին նրանց պարտությունները Երեւանի բերդի պարիսպների տակ։ Ընդ որում բերդն ավելի անառիկ էր արեւմտյան կողմից, որտեղ նա պաշտպանված էր Հրազդանի խոր ու զառիվեր կիրճով։ Երեւանի բերդն այլաբանորեն, բայց ամենից ճիշտ եւ գեղարվեստական կենդանի լեզվով նկարագրել է Խաչատուր Աբովյանը։ Նա այդ բերդն արդարացիորեն դիտում է որպես օտարի լծի խորհրդանիշ։
Երեւան քաղաքի պատմությունից