Հասարակություն

Քաղաքագրություն. Երևանի բերդը մաս 2

Քաղաքագրություն. Երևանի բերդը մաս 2

Երևանի բերդը Երևանի խանի (սարդարի) նստավայրն էր, նրա պալատի, հարեմի ու կայազորի տեղադրավայրը։ Այն լիովին հարմարեցված էր և համապատասխանում էր խանական աթոռանիստ լինելու բոլոր պահանջներին։ Այստեղ կառուցված էին խանի պալատը, հարեմը, զորանոցներ, բաղնիքներ, մզկիթներ, պահեստներ, զինանոցներ, կրպակներ ու խանութներ, բնակելի տներ և այլ շինություններ։ Այդ բոլորը, սակայն, բերդում զետեղված էին ոչ թե որոշակի հատակագծով, այլ խառնիխուռն, և բերդի նեղլիկ, ծուռումուռ փողոցները փաստորեն ոչ թե փողոցներ էին, այլ նեղ անցքեր, որոնք անկանոն դասավորված շենքերի քաոսում կազմում էին մի բարդ լաբիրինթոս։
Խանի ապարանքը գտնվում էր բերդի հյուսիս-արևմտյան կողմում, Հրազդանի կիրճի վրա կախված։ Այն քառանկյունի մի ընդարձակ և զանազան բաժինների մասնատված շինություն էր։ Այստեղ մեծ տեղ էր գրավում հատկապես հարեմի շենքը, որի երկարությունը հասնում էր 200 ոտնաչափի, իսկ լայնությունը 125 և բաժանված էր բազմաթիվ սենյակների ու միջանցքների։



Խանի՝ մեր նկարագրած պալատը կառուցվել էր Հուսեին-Ալի խանի որդի Մահմուդ խանի օրոք՝ 1798 թվականին։ Դրանից առաջ եղած խանական պալատներն ավերվել են և մշտապես հարկադրված են եղել դրանք վերանորոգել կամ դրանց տեղում կառուցել նորը։ Վերջին պալատը 1798 թվականին կառուցվածն էր։ Այն կառուցված էր պարսկական ճարտարապետական ոճով և իր տեսակի մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացրել։ Հայտնի է մանավանդ նրա հայելապատ հանդիսասրահը՝ Շուշաբանդ-այվան, խաների սիրած հովանոցը։ Նրա քիվերը պատած էին գույնզգույն հայելիներով, որոնք տարբեր հարթությունների վրա անդրադարձնելով լույսը՝ առաջացրել են գույների հրաշալի խաղ։ Առաստաղը զարդարված էր վառվռուն ծաղիկների նկարներով, իսկ դահլիճի պատերին փակցված էին կտավի վրա նկարված ութ պատկերներ՝ Ֆաթ-Ալի շահի, վերքին սարդար Հուսեին-Ղուլի խանի և այլոց նկարները։ Բերդից ու խանի ապարանքից հետո իրենց ճարտարապետությամբ աչքի էին ընկնում երկու մզկիթները, որոնց մասին ասվեց քաղաքի մզկիթները բնութագրելիս։



Հոյակապ էր սարդարի հարեմին պատկանող բաղնիքր։ Նրա ներսն ամբողջապես մարմարապատ էր, գույնզգույն նախշերով զարդարված։ Բուն բաղնիքին կից կառուցված էր 15 սաժեն երկարություն, 4 սաժեն լայնություն և 3 արշին խորություն ունեցող մի ջրավազան՝ ամառվա շոգերին լողանալու համար։ Մենք տեսանք, որ 17 դարի երկրորդ կեսին, Երևանի երկրաշարժի (1679 թ.) նախօրեին, ըստ Շարդենի վկայության, բերդում կար մինչև 800 բնակելի տուն։ Սակայն, սարդարները հետագայում՝ ըստ երևույթին խռովություններից խուսափելու նպատակով, բերդն ամբողջությամբ վերցնում են իրենց ձեռքը՝ այնտեղից դուրս քշելով բնակիչներին։ Այնպես որ, չհաշված պաշարումների ժամանակ հարկադրանքով կամ այլ եղանակներով ժամանակավորապես բերդի պարիսպների ներսը քշված բնակիչներին, 18 դարի վերջում և 19 դարի սկզբներին բերդում մշտաբնակ քաղաքացիներ չկային, այն գտնվում էր հարեմի ու կայազորի տրամադրության տակ։



Երևան քաղաքի պատմությունից

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image