Երեւանում քաղաքային տնտեսության՝ արհեստագործության եւ առեւտրի համար շատ թե քիչ նորմալ պայմաններ են ստեղծվում միայն 1639թ. թուրք-պարսկական հաշտությունից հետո, երբ Հայաստանից բռնի կերպով Պարսկաստան քշված բնակչության մի մասը, դրանց թվում՝ նաեւ արհեստավորներ, վերադարձան ու տեղում մնացածների հետ միասին նպաստեցին քաղաքի արհեստագործության աշխուժացման գործին։ Սկզբնաղբյուրների վկայություններից երեւում է, որ Երեւանում արհեստագործությունը բավական զարգացել էր 17-րդ դ. երկրորդ կեսին եւ հաջորդ դարի սկզբներին։ Երեւանի ամբողջ տնտեսական կյանքի հետ միասին քաղաքային արհեստագործությունն էլ պարսից տիրապետության շրջանում իր զարգացման բարձր կետին հասավ վերջին խանի՝ Հուսեին-Ղուլի սարդարի օրոք՝ 19-րդ դ. առաջին քառորդում։
Սկզբնաղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 16-18-րդ դարերում Երեւանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ։ Տարբեր առիթներով հիշատակված են քարտաշներ, հյուսներ, ոսկերիչներ, պղնձագործներ, արծաթագործներ, դերձակներ, գլխարկ կարողներ, բրուտներ, ժամագործներ, դրամահատներ, որմնադիրներ եւ այլ «ուստա»-ներ։ Այլ կերպ ասած, 19-րդ դ. սկզբներին քաղաքում եղած ավելի քան 40 արտադրական եւ ոչ արտադրական արհեստների մեծագույն մասը գոյություն ուներ նաեւ նախորդ ժամանակներում, եւ չնայած քաղաքի բնակչությունն ուներ ազգային խառը կազմ, բայց արհեստավորները գրեթե բացառապես հայերից էին։ Հիշատակություններից երեւում է, որ Երեւանի նշված շրջանի արհեստավորները, միջնադարյան մյուս քաղաքների արհեստավորների նման, իրենց արհեստը ժառանգել են որդիներին։ Ուշադրության արժանի է, որ որոշ խաներ հետաքրքրվել են քաղաքի արհեստագործության զարգացմամբ կամ տեղի կարիքները հոգալու համար հրավիրել նոր արհեստավորների։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մի ձեռագրից երեւում է, որ 18-րդ դ. վերջին քառորդում քաղաքում կենցաղի մեջ էր մտել ժամացույցը, եւ կարիք էր զգացվում ժամագործի։ Սակայն, քանի որ քաղաքում ժամագործ վարպետ չի եղել, ուստի սկզբում հրավիրել են Ախալցխայից։
Ժամանակավորապես Երեւան եկած ախալցխացի ժամագործին աշակերտում է ոմն Գեւորգ, որը ոսկերիչ Իսրայելի եղբոր որդին էր։ Որպեսզի վերջինս կատարյալ տիրապետի այդ արհեստին եւ կարողանա ինքնուրույն կերպով վերանորոգել ու սարքի բերել քաղաքի բնակիչների ժամացույցները, խանը խնդրում է Ղուկաս Կարնեցի կաթողիկոսին (1780-1799)՝ Գեւորգին հատուկ հանձնարարական նամակով ուղարկել Կարին՝ ժամագործ վարպետների մոտ այդ արհեստում լավ մասնագիտանալու համար... Երեւանում կային նաեւ մեծ թվով դինգեր եւ ջրաղացներ։ 19-րդ դ. առաջին քառորդում քաղաքում եղած մի քանի տասնյակ ջրաղացների մեծագույն մասը գոյություն ուներ նաեւ մեզ հետաքրքրող նախորդ շրջանում։ Հաքստհաուզենի հիշատակության համաձայն, քաղաքի մոտ հանված միայն երկու առուների վրա կային 38 ջրաղացներ։ Երեւանի այդ ժամանակների ջրաղացների մասին արժեքավոր հիշատակություններ ունի հատկապես Աբրահամ Երեւանցին՝ Երեւանի 1724 թվականի հերոսական պաշտպանության ականատես պատմագիրը։ Երեւանում տարածված արհեստներից մեկը կավագործությունն էր։ Տեղում եղած հումքը՝ կավը եւ գինեգործությունը, որն այնքան մեծ դեր էր խաղում քաղաքի բնակչության զբաղմունքի մեջ, խթանում էին կավագործության զարգացումը։ Այդ արհեստով գրեթե բացառապես զբաղվում էին ոչ թե բուն քաղաքացիները, այլ Նորքի բնակիչները։ Նորքը չնայած առանձին գյուղ էր, բայց բոլոր թելերով կապված էր Երեւանի հետ եւ իրականում կազմում էր նրա թաղերից մեկը։ Հիշատակություններից եւ անուղղակի տվյալներից երեւում է, որ բրուտությամբ զբաղվողների թիվը հասնում էր հարյուրավոր մարդու։ Ըստ երեւույթին, 17-18-րդ դդ. Երեւանի արհեստավորների մեջ ամենաբազմամարդը հենց Նորքի (Չոլմաքչի = «կավագործ», «բրուտ») բրուտներն էին։
Երեւան քաղաքի Պատմությունը