ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վաղուց մի մեծ ամերիկյան տիպի խոհանոցի է վերածվել, ուր պատրաստվում են տարբեր սենդվիչներ, տարբեր համերի ու տրամաչափերի, որոնք իրացվում են ագահորեն, մարսվում ու շատ արագ մոռացվում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաեւ հին կահույք է հիշեցնում` կնճռոտ, մի կողմ նետված, սակայն երբ գալիս է, այսպես ասած, հարգանքի տուրքը մատուցելու ժամանակը, տարվա մեջ մի անգամ այդ հին կահույքն առաջ է բերվում, հիշատակվում է նրա պատմական ողջ անցյալը, ձեռք բերած արժեքները, որոնք, թեկուզ մեռոտած, այնուհանդերձ, պահպանման կարիք ունեն:
Պուտինն ու Օբաման հանդիպել են, կես ժամ զրուցելու փոխարեն զրուցել են մեկուկես ժամ՝ աշխարհի համար ինչպիսի՜ առաջընթաց, ինչպիսի՜ բարօրություն: Նրանք խոսել են Մերձավոր Արեւելքից, մտահոգվել են Ասադով, Իսլամական պետության գրոհայիններով, հաստատ խոսել են ուկրաինական խնդրի շուրջ, իսկ այդ ընթացքում մարդկության կեսից ավելին՝ սրտատրոփ ու հուզառատ, սպասման գերլարվածությունը հաղթահարելով, հետեւել է լրահոսին, որ կայսրությունների հերթական «արարմունքը» հանկարծ բաց չթողնի: Իսկ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ ընդգծելով որոշ տարօրինակություններ.
«Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարեւանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ եւ ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում՝ դա անում է պետության ղեկավարի մակարդակով»:
Դե ինչ, իհարկե, տարօրինակ չէ, իհարկե, ոչ ոք չի զարմանա Ադրբեջանի վարած նման քաղաքականությունից, ինչպես չեն զարմանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ տերությունների հայտնի եւ աշխարհին ճանաչելի խառնվածքից: Ո՞ւմ վրա պիտի զարմանան, իրենք իրե՞նց: Ուրեմն՝ խեղճ ՄԱԿ, խեղճ սենդվիչ, հիմա արդեն անհամ, առանց հիմնատամների: Նրա Գլխավոր ասամբլեայի բեմից ինչ ասես, որ չի հնչել՝ էլ սպառնալիքներ, էլ կոչեր, էլ հույսեր, հուսահատություններ, ցուցամոլություններ: Այս բեմն ականատես է եղել դերասանական բազում հրաշալի կատարումների, որոնք նկարահանել է ու պահել իր հիշողության մատյանում:
Վերջիվերջո, ՄԱԿ-ը մեր աշխարհի թարմացված քաղաքականության ձեռքում կարծես այն անմեղ մկնիկն է, որին կատուն ոչ թողնում է ապրի, ոչ սպանում է: Նրա հռչակավոր բեմը, որ կոչված էր սաստելու մարդկային բռնությունը, գործելու հանուն մոլորակի խաղաղության ու ներդաշնակ ապագայի, ահա, վերափոխվել է մեծ, միջին, մանրիկ պետությունների աղբանետման մի վայրի, ուր գալիս են տարվա ընթացքում ամբարած թափոնները վառելու, այդ թափոնների ձայնն ինչքան հնարավոր է զիլ հնչեցնելու եւ չքվելու համար: