Հասարակություն

Շիզոիդ երթեւեկություն

Շիզոիդ երթեւեկություն

Եթե Երեւան քաղաքում մեքենա եք վարում, ուրեմն քաջատեղյակ եք այն ամբողջ խնդիրների մասին, որոնց հետ բախվում եք ամեն օր կամ էլ հենց այդ խնդիրների հեղինակներից եք:



Տարիներ առաջ, երբ Երեւան քաղաքը շինարարության մեջ էր, երբ խցանումներից ձերբազատվելու համար ընդարձակում էին ճանապարհները, ավելացնում-պակասեցնում էին խաչմերուկները, այլանդակ արտաքինով էսկադաներ էին գցում, մենք դեռ հույս ունեինք, որ համապատասխան մարմիններն իսկապես մեծ ցանկություն ունեն կարգավորելու քաոտիկ, անկազմակերպ քաղաքային երթեւեկությունը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ նոր կառույցները, նոր ճանապարհները մեծ հաշվով շատ բան չփոխեցին: Այսօր մեր ոչ մեծ քաղաքում ամեն քայլափոխի կրկին խցանումներ են եւ խցանումները կարող են լինել պատեհ-անպատեհ առիթներով, ինչ-որ չնչին միջադեպից, վարորդի անփութությունից, պետավտոտեսչության անտարբերությունից: Փոքր քաղաք լինելով՝ Երեւանը կարծես մեքենայի ու վարորդի պակաս չունի, եւ մեր աչքի առաջ մեքենաներն ու վարորդներն օրեցօր բազմանում են: Գուցե նման քաղաքների համար պիտի լինի՞ վերջնասահման: Եթե այսպես շարունակվի, 10 տարի անց մենք կունենանք միայն մեքենաներից ու վարորդներից բաղկացած քաղաք՝ շնչահեղձ ու անմարդկային:



Վարորդների համար իսկական պատուհաս դարձած հազարումի ակնհայտ ու ծպտյալ տեսախցիկներն այդպես էլ որեւէ արդյունք չեն տալիս: Հակառակը, կարծիքներ կան, որ դրանք ավելացրել են նեգատիվը, ավելորդ լարվածություն են առաջացրել: Իսկ կարմիր գծերի զզվելի պատմությունը բոլորս գիտենք: Լավ, ասենք՝ տեսախցիկներն անհրաժեշտ են եւ, ըստ պետավտոտեսչության ներկայացուցիչների, պրոֆիլակտիկ դեր ունեն: Մի քանի անգամ տուգանվելուց հետո վարորդն ի վերջո խելքը գլուխն է հավաքում (թեպետ սա կասկածելի վարկած է), մեքենան սկսում է աչալրջորեն վարել, չի բարձրացնում արագությունը, հոծ գիծը չի կտրում եւ այլն... բայց անհասկանալի է, թե, օրինակ, որն է քաղաքի փողոցներում զօրուգիշեր թափառող պետավտոտեսչության մեքենաների գործառույթը: Ամեն օր անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե ինչպես են թանկարժեք մեքենաներով վարորդները կաթվածահար անում երթեւեկությունը, հենց իրենց՝ պետավտոտեսուչների մեքենաների աչքի առաջ, այն պահին, երբ հարգելի տեսուչներն ավելի թեթեւ մի զոհ են գտել ու անհասկանալի ժպիտով՝ «մի հատ հինգ հազար գրեմ գնա», իրենց հանապազօրյա ակտն են լրացնում: Ինչի՞ նման է սա, եթե ոչ սեփական քաղաքացիներին ամեն գնով թակարդը գցելու, ամեն առիթով նրանց պատժելու, վերջապես՝ փող մաշկելու պարզագույն տրամաբանության:



Նույնքան մեծ խնդիր է դարձել կայանատեղիների հարցը: Լինում են օրեր, երբ պարզապես կես ժամ պտույտ ես գործում՝ չգտնելով ոչ մի ազատ տարածք: Քաղաքի կենտրոնական որոշ փողոցներում ասեղ գցելու տեղ չկա՝ մեքենաները երկշարք են կանգնած, կամ էլ մեկի քեֆը տվել է՝ համարյա փակել է երթուղին, հեռախոսով է խոսում կամ կողքի մեքենայի վարորդի հետ նոր բիզնես պլաններ է ծրագրում:



Որպես վարորդ՝ կարող եմ ասել, որ Երեւան քաղաքում մեքենա վարելը դարձել է իսկական փորձություն, գլխացավանք, սթրեսային վիճակ… Եվ հարյուրավոր տեսախցիկները, կարմիր գծերը, պետավտոտեսչության մեքենաները, որոնք կոչված էին բարելավելու քաղաքային երթեւեկությունը, այսօր ուղղակիորեն կազմաքանդում են այն:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image