Եվրոպական հեռարձակողների միության կողմից Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է՝ «Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի ժամանակ, Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի կողմից Արցախի դրոշը ծածանելու առնչությամբ: Զգուշացրել են, որ եթե Իվետան այդ «ոչ սոլիդար» արարքը կրկնի, ապա դրան կնախորդի որակազրկում, երգչուհուն թույլ չեն տա հանդես գալ եւ գուցե հետագայում նաեւ «սանկցիաներ» կիրառեն Հայաստանի նկատմամբ:
Թե ինչու է Իվետա Մուկուչյանը բարձրացրել Արցախի դրոշը, արժեր թե չարժեր այս լարված օրերին դա անել, սա հարցի այլ երեսն է: Սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը, արի ու տես՝ լրջախոհ մեկնաբանություններով մատ է թափ տալիս, պահանջում, որ այդ «հույժ տագնապեցնող արարքը» հանկարծ ու հանկարծ չկրկնվի: Իհարկե, Եվրոպական հեռարձակողների միությունը քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում, քաջատեղյակ է ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրա բերած հետեւանքներից: Եվ քանի որ այդ օրերին էլ տեսանելի էր, թե ինչ «չեզոք ու սթափ» վերաբերմունք ցուցաբերեցին իրականությանը, պարզ էր, որ Իվետայի արարքի մեջ վտանգավորության ու կազմաքանդության հատիկ են տեսնելու եւ փորձելու են կանխել դրա կրկնությունը:
Ամենազավեշտալին այն է, որ «Եվրատեսիլն» ինքնին ամենաքաղաքականացված շոուներից մեկն է, եւ սրա մասին իմանալով՝ մասնակիցները նույնպես իրենց երգի բառերը, կատարման եղանակը շատ ժամանակ կառուցում են հենց քաղաքական համատեքստի շրջանակներում: Բազմաթիվ դեպքեր կարելի է հիշել, թե քաղաքական այս կամ այն խնդիրը որքան է ազդել վերջնարդյունքի վրա, երբ, ասենք, Ռուսաստանի ներկայացուցիչը տուժել է այն պատճառով, որ պարզապես ազգությամբ ռուս է եղել եւ ներկայացնում է մի պետություն, որի հետ Եվրոպան, մեղմ ասած, լավ չէ: Ինքն իրեն պեչենու բաղերը գցող Եվրոպական հեռարձակողների միությունը, Իվետայի արարքը դատապարտելով ու մատ թափ տալով, հենց ինքն է սրում եղածը, ինքն է Արցախի դրոշի ծածանմանը քաղաքական աստառ տալիս, սահմանում, որ արարքն իսկապես քաղաքական է, եւ պարզվում է՝ «անհարկի» քաղաքական:
Սակայն փաստ է, որ քաղաքական եւ, առհասարակ, սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրներ ունեցող փոքր երկրների ներկայացուցիչների համար (երկրներ, որոնց ձայնը լռեցված է կամ անտեսված) հենց նման հարթակներն են, որ ինչ-որ առումով հնարավորություն են ընձեռում վեր հանել, խոսել, հիշեցնել դրանց մասին: Եվ Եվրոպական հեռարձակողների միությունը, միանշանակ, սրանից է երկյուղում, որ հանկարծ որեւէ անտեսված ու մոռացված խնդիր ջրի երես չելնի, իրենց վերահսկողության տիրույթից դուրս չգա: Բայց արդեն ուշ է: Եթե անգամ Հայաստանին որակազրկեն, միեւնույն է՝ դրանով չեն վերականգնելու իրենց կորցրած դիմագիծը:
Արամ ՊԱՉՅԱՆ