Այլ

Պուտինն ու Էրդողանը չեն խաբում

Պուտինն ու Էրդողանը չեն խաբում

Պուտին-Էրդողան հաշտությունը մեր աչքում էր հաշտություն։ Մենք էինք ներշնչել, թե երկու երկրների ղեկավարները գժտված են։ Եվ ներշնչել էինք, քանի որ այդպես էին ուզում հենց իրենք։ Թվում էր՝ գժտությունից գերշահեկան հնարավորություններ ու հորիզոններ են բացվելու մեզ համար։



Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատի հունական հյուրասրահում՝ երկու նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ, միմյանց հանդեպ հոգեթով հայացքներով, նույնքան հոգեթով բառերի ու ժեստերի կառնավալով աշխարհի երեսին գոռացին, որ իրենք չեն խաբում, որ գժտությունը քաղաքականության հիմնարար օրենքներից մեկն է, գուցեեւ առաջինը, որին պիտի հաջորդի հաշտության գործընթացը։



Ասում են՝ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանին ասել է, թե ինքն աշխարհում առաջիններից է, որը, տեղեկություններ իմանալով, հեռաձայնել է, տեղյակ պահել գործընկերոջ ապստամբության մասին։ Պուտինը նաեւ հայտարարել է, որ ինքը եւ իր երկիրը դեմ են ցանկացած հակասահմանադրական գործողության։ Էրդողանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Պուտինին։ Պուտինը կրկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին։ Թուրքիայի հայր-առաջնորդ Էրդողանը վերստին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հայր-առաջնորդ Պուտինին, եւ այսպես շարունակ։



Մինչդեռ այդ ընթացքում Հայաստանում շատերն ապշանքի ու ընկճախտի մեջ էին։ Ուրեմն ամեն ինչ մոռացվեց եւ այսքան շո՞ւտ։ Հիմա ինչ՝ հաշտվեցի՞ն։ Ոչ, չհաշտվեցին, այլ պարզեցին, որ գժտված չեն։ Սրանք էականորեն տարբեր բաներ են։ Պարզեցին այն ժամանակ, երբ Էրդողանը Թուրքիայի ներսում «զտման» աշխատանքները գրեթե ավարտին է հասցրել՝ ցեմենտելով ու հավերժացնելով իր իշխանության կազմությունը։
Արդարեւ, այս չակերտավոր հաշտության մեխն ընտրված ոճն էր։ Վերջիվերջո, հոգեւոր եղբայրները հենց այս ոճով են հաշտվում։ Քաղաքականությունից սեփական պատկերացումներ պահանջելը պարապ վախտի խաղալիք է։ Սպասում էինք, որ ի շահ Հայաստանի՝ Ռուսաստանն ու Թուրքիան կոկո՞րդ կկրծեն... Քաղաքականության համար «պատրանքներն» անցյալի ժանրից են, իսկ մենք դեռ հավատում ենք այդ ժանրի կենսունակությանը։



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image