Այլ

Իտալիայի երկրաշարժը

Իտալիայի երկրաշարժը

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, ըստ Тhe Guardian-ի, զոհվել է 200-ից ավելի մարդ։ Զոհերը Հռոմին հարակից Լացիո, Մարկե եւ Ումբրիա շրջաններից են։ Պեսկարա դել Տրոնտո քաղաքում անհետ կորած է համարվում ավելի քան 100 մարդ։ Աղետի կապակցությամբ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենզին ասել է. «Փլատակների տակից մարդկանց դուրս բերելն անչափ դժվար գործ է, սակայն դուք կարող եք տեսնել, թե որքան լավ են աշխատում քաղաքացիական անվտանգության պահպանման աշխատակիցները։ Այժմ մեր առաջնային խնդիրն է մարդկանց հապճեպ դուրս բերել կործանված շենքերի փլատակների տակից։ Օրվա երկրորդ կեսին ես կայցելեմ երկրաշարժից տուժած բնակավայրեր եւ հանդիպումներ կանցկացնեմ քաղաքացիական անվտանգությունն ապահովող համապատասխան կառույցների, այդ թվում նաեւ նախարարությունների հետ՝ մեր հետագա գործունեությունը կազմակերպելու համար։ Այսօրինակ պահերին Իտալիան գիտի, թե ինչպես են հաղթահարում դժվարությունները, եւ եթե ամեն ինչ լավ է ընթանում, Իտալիան էլ ավելի է դրսեւորում իր գերազանց կողմերը։ Այս պահից սկսած՝ վստահաբար, երկրաշարժից տուժած ընտանիքները մենակ չեն մնալու։ Մոտակա ժամերին մենք ամեն ինչ կանենք, որպեսզի փլատակների տակից ավելի շատ մարդ դուրս բերենք՝ ապահովելով նրանց բարենպաստ միջավայր» (Sky News):



Զոհվածների մեջ շատ են երեխաները: Ըստ Միջազգային հասարակական կազմակերպության տնօրեններից մեկի` Վալերիո Ներիի, այս պահին ամենախոցելի վիճակում հենց երեխաներն են, նրանց մի մասը խիստ սթրես է տարել ցնցումների ժամանակ եւ դրանից հետո. «Մոտակա ժամերին հարկավոր է, որ երեխաները մենակ չմնան, նրանց կողքին լինեն կամ ծնողները, կամ դաստիարակները, որպեսզի նրանք հոգածության, անվտանգության զգացողությամբ համակվեն: Հարկավոր է խոսել նրանց հետ, լսել, խաղալ հետները: Նաեւ պիտի արգելել նրանց հեռուստացույց նայել, որպեսզի նրանք չտեսնեն աղետը»:



Վատիկանը նույնպես օգնության ձեռք է մեկնել` աղետի վայր ուղարկելով իր ղեկավարության տակ գտնվող ուժերը, նաեւ՝ հրշեջ մեքենաներ: Միջազգային երեւելի կառույցներն արձագանքել են աղետին` ցավակցելով զոհերի ընտանիքներին, նաեւ աջակցություն եւ զորակցություն են հայտնել իտալական իշխանություններին: Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հայտնել են, որ յուրաքանչյուր րոպե պատրաստ են օգնության ձեռք մեկնել Իտալիային: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է զոհերի եւ տուժածների համար՝ ասելով, որ խիստ տխրության մեջ է եւ զորակցում է բոլորին: ԱՄՆ երկրաբանության ծառայությունը հայտնել է, որ սա 2009 թվականից ի վեր Իտալիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image