«Իսկ հետո լռություն է։ Ոչ անցյալ, ոչ ներկա, ոչ ապագա, ոչ զարգացում, ոչ շարժում, ոչ պատմություն, ոչ գիտություն, ոչ լույս, ոչ ստվեր, միայն ողորմելի ֆաբուլա՝ կիսամթի մեջ»: Այս պարբերությունը չիլիացի արձակագիր Խոսե Դոնոսոյի «Տունն արվարձանում» վեպից է: «...միայն ողորմելի ֆաբուլա՝ կիսամթի մեջ»... Առհասարակ, բնորոշումներին զոհ գնալը նաեւ անխոհեմ, արկածային քայլ է, որն իր սահմաններից դուրս ունակ չէ ավելի լայնախոհ տեսադաշտ պատկերելու, բայց սա անգամ բնորոշում չէ, թող լինի որպես ճշմարտության մի վարկած, որի մեջ ապրող գոյությունը դանդաղորեն զրկվում է կենսական ներուժից:
25 տարի անց արդեն գիտենք` վայրը, ուր ձգտում էինք, գոյություն չունի, իշխանությունները մեզ ոչ մի տեղ չեն տարել եւ իրենք նույնպես չեն իմացել, թե վերջնականապես ուր են գնում: Իմացել են, թե ինչպես են գնում, բայց վայրի անունը, ռելիեֆը, այլ մանրամասներ նրանց գիտակցության համար միշտ էլ անհասանելի են եղել: Պարզապես ունեցել եք «ողորմելի ֆաբուլա՝ կիսամթի մեջ», այլաբանորեն` ազգայնական, բուրժուական, լիբերալ դեմոկրատական գաղափարներ, որոնք այդպես էլ չեն թրծվել, բաց չեն եղել, չեն հրավիրել, չեն երկխոսել, ուղղակի ապրել են հասարակության մեջ, այնուհանդերձ, մեծ քաղաքականության շրջանակից դուրս, ապրել են՝ կարծելով, թե անցյալ ունեն եւ, ուրեմն, լուսավոր ապագայում կունենան նաեւ լուսավոր ապագա: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքական, հասարակական կյանքը գոյատեւել է՝ միայն իբր թե ապագայի տեսլականը հաշվի առնելով: Հիմա չի լինի, հետո կլինի: Չէ՞ որ այդ լուսավոր համընդհանուր, ծանրակշիռ փոփոխությունները մեծ արագությունների հակումներ չունեն: Տասնամյակներ շարունակ մեր պետության հասարակական կյանքը հապաղությամբ է սնվել: Իտալո Կալվինոն իր «Արագություն» էսսեում գրում է. «Թեթեւության ձոնը ենթադրում է, որ ես լիովին հարգում եմ «ծանրությունը», այնպես եւ գովքն Արագության չի ժխտում հապաղման արժանիքները:
Ժամանակի վազքի հապաղման համար գրականության մեջ զանազան հնարքներ են մշակված, դրանցից մեկը` կրկնությունները, արդեն հիշատակել եմ, այժմ նշեմ շեղումները: Գործնական կյանքում ժամանակը հարստություն է, որը մենք թանկ ենք գնահատում, իսկ գրականության մեջ թեթեւ սրտով եւ վերացականորեն ենք տնօրինում` իմաստ չունի փութալ ավարտին, մյուս կողմից` ժամանակի տնտեսումը բարիք է, որքան ավելի շատ այն խնայենք, այնքան հետո ավելի շատ կարող ենք այն կորցնել: Ոճի, ինչպես նաեւ մտքի արագությունն առաջին հերթին ճկունությունն է, շարժունակությունը, անբռնազբոսությունը, որ լիովին համատեղելի է սյուժեից շեղումներին, թեմայից թեմա ցատկելուն, բյուր անգամ թելը կորցնելուն, որպեսզի, պտույտ տալով, դարձյալ վերադառնաս դրան»:
Հայաստանում չեն շտապում փրկել, կերպափոխել պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքը` ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ հասարակական ուժերը, անգամ Հայ առաքելական եկեղեցին ոչ մի տեղ չի շտապում: Կասեն` երիտասարդ պետությանը շտապողական բնավորությունը հարիր չէ... բայց առմիշտ մեզ հետ է հենման ապահով կետը` Ողորմելի ֆաբուլա՝ կիսամթի մեջ:
Արամ ՊԱՉՅԱՆ