Իսրայել Օրու նամակներում եւ զեկուցագրերում առանձնահատուկ տեղ է տրված Երեւանին՝ նրա բերդի նկարագրությանը, ստրատեգիական ու քաղաքական նշանակությանը, զինվորական այն ուժերին, որ քաղաքը կարող էին դուրս բերել խանության շրջանների հետ միասին, քաղաքի ազատագրման կարեւորությանը։ Դեպի Պարսկաստան կատարած իր մի ճանապարհորդության մասին տված բացատրականներից մեկում Իսրայել Օրին գրում է, որ Երեւանը հայկական քաղաք է, նրա 12 ավագները հայեր են, որ հայերը պարսիկների կողմից ճնշվում ու հալածվում են եւ խորհրդակցելով որոշել են իրենց ազատագրության համար դիմել ձերդ կայսրական մեծությանը։
Անգեղակոթի 1699 թվականի ժողովի լիազորմամբ գրած նամակներից մեկում Օրին հավանական է համարում, որ ռուսական զորքի՝ Անդրկովկաս մտնելուց հետո թուրքերը կարող են պատերազմ հայտարարել, բայց այդ պատերազմը, ըստ Օրու, նրանց ոչ մի օգուտ չի բերի, «որովհետեւ առնելու մի քաղաք միայն կա, այն է՝ Երեւանը»։ Հայաստանում Երեւանի ազատագրումը համարելով ռուսական զորքի ենթադրվող արշավանքի ամենահիմնական խնդիրներից մեկը՝ Օրին 1701 թվականի իր հուշերում պատմում է Երեւանի բերդի պաշտպանական կառույցների, կայազորի, հրետանու ու ռազմամթերքի մասին։
Ինչպես իր մյուս նամակներում, հուշերում, այնպես էլ այստեղ նա Պետրոս Առաջինին հավատացնում է, որ Երեւանը չնայած ունի քարաշեն բերդ, 30 դաշտային թնդանոթ՝ 200 թնդանոթաձիգներով եւ այլն, բայց այն ռուսական զորքով կարելի է գրավել նույնիսկ առանց մարտի, որովհետեւ, ինչպես Օրին է հաղորդում, բերդում չկան ռումբեր, վառոդ։ Վառոդը եւ մյուս ռազմական զինամթերքները գտնվում են հայերի ձեռքին, որ հայերի ձեռքին են նաեւ դրամահատությունը, բերդի ունեցած երկու դարպասները պաշտպանում են միայն մեկական զինվորներ, որ այստեղ ապրող հայերը հեշտությամբ կարող են բաց անել դարպասները, եւ այգիների միջով դրանց մոտեցած զորքերը հեշտությամբ կգրավեն բերդը։
1703 թվականի նոյեմբերին գրած մի այլ նամակ-խնդրագրի հետ միասին Իսրայել Օրին Պետրոս Առաջինին է ներկայացնում Հայաստանի բավական մանրամասն քարտեզը եւ վերջինիս ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկրում (Արեւելյան Հայաստանում) միակ բերդը Երեւանի բերդն է, այլ ամուր բերդաքաղաքներ ամբողջ երկրում չկան։
Թ. Խ. Հակոբյան, «Երեւանի պատմությունից»
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ