Հինգշաբթի օրն Արամ Աբրահամյանի հաղորաշարի հյուր Խոսրով Հարությունյանը շատուշատ բաներից էր խոսում, խոսում էր, իհարկե՝ նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից եւ ասում՝ եթե լավ թիմ հավաքի, եւ այդ թիմը կարողանա հավատալ ինչ-որ պինդ գաղափարի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի կարգի բերել երկրի տնտեսությունը, հասարակական կյանքը, պայքարել ստվերի դեմ եւ այլն:
Հետո խոսք գնաց, թե ԱԺ-ում առհասարակ չինովնիկները բավականին շատ են, Խոսրով Հարությունյանը հանկարծ հիշեց ԱՄՆ-ի սենատը՝ նշելով, որ այնտեղ նույնպես ունեւոր մարդիկ, մեծահարուստները շատ են, եւ, առհասարակ, դա լավ է, որ աղքատները, աղքատության մեջ ապրող մարդիկ հեռու են այս ամենից, քաղաքականությունից, որ դա իրենց տեղը չէ, եւ մի բան էլ՝ պետք չէ, որ աղքատներն զբաղեցնեն պաշտոններ, որ ինքը լավ գիտի, թե դրանից հետո ինչ է լինում:
Սրանք ինքնաբերաբար արտաբերված մտքեր չեն, Խոսրով Հարությունյանը գուցեեւ խորհրդային կարգերի ժամանակ էլ աղքատ չի եղել, բայց, այնուամենայնիվ, երեւում է, որ դրանից հետո բավականաչափ ապրել է աղքատների շրջապատում եւ բավականաչափ տեղյակ է, թե ինչ է լինում, երբ պետական պաշտոնին հավակնում է աղքատը: Սակայն խնդիրը նախկինում ֆաբրիկաների տնօրեն Խոսրով Հարությունյանի փորձառությունից ծնված վախը չէ:
Հայաստանում մուտացիոն կապիտալիզմի սրացումը, որ արարել է խոսրով հարությունյաններ եւ շատ այլոց, կերտել է քրեաօլիգարխիկ կայուն մի համակարգ, որի համար աղքատությունը, աղքատ լինելը «զապադլո» ստորոգություն է: Ո՞ր մի աղքատն այսօր կարող է ոտք գցել, ասենք, նույն Խոսրով Հարությունյանի, Սուրեն Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի, վերջապես՝ Սերժ Սարգսյանի հետ: Որքան էլ աղքատը եւ կամ աղքատությունը հոգով է հարուստ, միեւնույն է՝ դա չի փրկում, նրա հոգին վաղուց չի փրկում, երբ ուտելու հաց, խմելու ջուր չկա: Եվ Խոսրով Հարությունյանի ակնարկը, թե «աղքատը չտես է, կգա կթալանի», ամբողջովին սահմանում է տասնամյակներ շարունակ իշխանության դիմագիծը: Մի հանցավոր իշխանության, որ, փաստորեն, պեչենու բաղերն ընկած՝ հարուստ է ման գալիս, որ հանկարծ երկրի վերջին հյութերն ու ռեսուրսները, հարուստ լինելով, չքամի:
Իսկապես յուրօրինակ զավեշտ է: Այս տրամաբանությամբ, փաստորեն, նորանշանակ վարչապետը գտնված երազ է՝ հարուստ է, չի գողանա: Տեսնես ո՞վ է ավելի հարուստ՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Սարոյա՞նը, թե՞ Մանվել Գրիգորյանը: Բայց ուրիշի փողերը հաշվելն անպատկառություն է, ուստի՝ թողնենք: Աղքատը կամ աղքատությունը կարող է սփոփվել բյուր տարրերով կրոնով, անդրաշխարհով, կորուսյալ դրախտի տեսլականով, սակայն ոչ այստեղ, ոչ այսօրինակ աշխարհում եւ ոչ Հայաստանում:
Հայաստանում տարեցտարի բարձրանում է աղքատության ցուցանիշը, իսկ դա մի բան է նշանակում՝ ապագայում քրեաօլիգարխիկ կապիտալիստները հեշտ օրեր չեն ապրելու՝ ամբողջովին շրջապատված աղքատներով ու աղքատությամբ: Պատկերացնելն անգամ ծանր է, թե ինչպիսի անելանելի վիճակում կհայտնվեն Խոսրով Հարությունյանը եւ նրա մյուս հարուստ ընկերները, շնչելու օդ չեն ունենա: Օդը վարակված կլինի «աղքատությամբ»: Տխուր, տխուր ճակատագիր:
Արամ ՊԱՉՅԱՆ