Քաղաքականություն

Յոթ հազար «հերո՞ս»

Յոթ հազար «հերո՞ս»

Իրականում, այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ի շարքերը համալրած մարդկանց թիվն ուռճացված է, նկարված, ըստ իս՝ չեն համապատասխանում իրականությանը: Հակառակը՝ գուցե իսկապես Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, քիչ չեն այն երիտասարդները, ուսանողները, սկսնակ մասնագետները, որոնք երազում են լինել հանրապետական՝ երկրի ղեկը տարիներ շարունակ զավթած կուսակցության հետ փրկելով պետության լուսավոր ապագան, մի նոր քար ավելացնելով պետականաշինության պարսպին: 



Եվ, իրոք, ինչո՞ւ պիտի քիչ լինեն, ինչո՞ւ պիտի շահագրգռված չլինեն նրանք: Հանրապետականն այսօր բացել է թեւերը, իր գիրկն է առնում «հայրենիքի համար զոհաբերվելու» պատրաստ անձանց, իսկական նահատակների, որոնք երեկվանից արդեն լծվել են սուրբ առաքելությունն իրականացնելու աշխատանքներին: Օրինակելի մարդիկ էլ քիչ չեն, ասենք՝ ամենավառ օրինակը՝ շատերի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտ թարմություն բերած վարչապետ Կարեն Կարապետյանը, որ համալրեց «փառապանծ» կուսակցության շարքերը եւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական լրջագույն հավակնություններ ունի եւ հենց այնպես, ակնթարթորեն չի հայտնվել այս նվագախմբում: Վերջիվերջո, մեկնարկել է «փրկության» ծրագիրը՝ ազգ-բանակ տեսլականը, որն արդեն ունի առաջին արդյունքներից մեկը՝ հազար դրամի պատմությունը: Իշխանության այս ողջ ռազմահայրենասիրական պաթոսը, ռադիոեթերներով, հեռուստատեսային սերիալներում «հայրենապաշտի» կարկառուն նախատիպը, ազգի ու ցեղի մասին գրավոր ու բանավոր խոսքի նմանօրինակ սրտառուչ ու վեհանձն շարադրանքը «հույս արթնացնող» շարժառիթներ են, հույս՝ «նոր մարդու, նոր սխրանքների, նոր մարտիրոսության»: Այս պահին Հայաստանում ամենահարգի, ամենակարեւոր առաքելությունը, միանշանակ, մեռնելն է: Հենց այս պահին իշխանությունների համար իր գոյությունը պահպանելու հաշվին քաղաքացու մահը մեծապատիվ բարիք է, չէ՞ որ այն, վերջիվերջո, «անմահություն» է խոստանում: Հիշենք Ումբերտո Էկոյին․ «11. Յուրաքանչյուրին ու ամենքին դաստիարակում են այնպես, որ նա դառնա հերոս: Առասպելներում հերոսը մարմնավորում է բացառիկ, արտասովոր մի երեւույթ, մինչդեռ ուռ-ֆաշիզմի գաղափարախոսության մեջ հերոսականությունը նորմա է: Հերոսականության պաշտամունքն անմիջականորեն կապված է մահվան պաշտամունքին: Պատահական չէ, որ ֆալանգիստների կոչը Viva la muerte-ն էր: Նորմալ մարդկանց ասվում է, որ մահը վշտալի է, բայց հարկ է դիմավորել նրան արժանապատվությամբ: Հավատացյալներին ասում են, որ մահը վերերկրյա երանության հասնելու տառապալից մեթոդ է: Մինչդեռ ուռ-ֆաշիզմի հերոսը մահ է տենչում, որը նախանշված է նրան որպես լավագույն փոխհատուցում հերոսական կյանքի դիմաց: Ուռ-ֆաշիզմի հերոսն անհամբեր է մեռնելու: Այդ հերոսական անհամբերության մեջ, նկատենք փակագծերում, շատ ավելի հաճախ է պատահում իրեն մեռցնել ուրիշներին» (աղբյուր՝ http://arteria.am/): Ֆաշիզմի կեցության բաղկացուցիչ հանգրվաններն ընտրելով՝ ՀՀԿ-ն համալրվում է 7 հազար անձով, որոնք իրենց ճակատագիրը կապում են «երկրի ճակատագիրը» տնօրինող միահեծան կուսակցության հետ, ուզում են դրա մասը դառնալ՝ «հերոսանալ», պետականաշինության ու վերափոխությունների համար անհամբեր են մեռնելու: Յոթ հազար «հերո՞ս», միանգամի՞ց… հիրավի, ՀՀԿ-ի համար «նոր, մեծ թռիչք»…



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image