Մշակույթ

Ինչպես պիտի կարդալ

Ինչպես պիտի կարդալ

Դեռեւս 1925 թվականին Երեւանում լույս տեսած «Պահակ» ռազմաքաղաքական ամսագիրը ոչ միայն ներկայացնում էր զինվորական գործին վերաբերող մանրամասներն ու անցուդարձերը, այլեւ խորհում էր գրքերի ընթերցանության կերպի մասին: 1997 թվականին Ալբերտո Մանգուելի «Ընթերցանության պատմությունը» գրքում կարելի է հանդիպել խիստ նմանօրինակ մտորումների: Ստորեւ ներկայացնում եմ հատվածներ «Ինչպես պիտի կարդալ» ուշագրավ հոդվածից:



Մաս առաջին. ընթերցանության հիմնական կանոնները



Գրքի ընտրությունը



Մարդկության հարստագույն «թղթե հիշողությունից», այսինքն՝ գրքերից օգտվելու խոչընդոտներից առաջինը խտրականություն չդնելն է, որը նկատվում է յուրաքանչյուր քայլափոխի, եւ որի շնորհիվ ընթերցանությունը դատարկ ժամավաճառություն է դառնում, իսկ երբեմն նույնիսկ ուղղակի վնասակար ազդեցություն է թողնում:



Ընթերցանության գիտակցականությունը



Խելացի ընթերցանության առաջին կանոնը նրա լիակատար գիտակցականությունն է: Հասարակ, մեքենայական ընթերցանությունը, իհարկե, ընթերցանություն չի կարող համարվել այդ բառի իսկական իմաստով, մինչդեռ նման ընթերցանությունը չափազանց տարածված երեւույթ է ընթերցողների լայն շրջանում: Յուրաքանչյուր գիտակից ընթերցող պիտի հոգա ամենից առաջ իր ընթերցանությունից ընթերցանության մեքենայական տարրերը վերացնելու եւ ընթերցանությունն սկզբից մինչեւ վերջ միանգամայն գիտակցական դարձնելու մասին:



Ընթերցանության ակտիվությունը



Ընթերցողների լայն շրջանում նույնպես չափազանց տարածված է ընթերցանության մի այլ խիստ անբավարար կողմ, այն է՝ ընթերցանության լիակատար կրավորականությունը, այսինքն՝ ընթերցողը ծանոթանում է գրքի բովանդակությանը՝ առանց իր կողմից որեւէ ակտիվ աշխատանք կատարելու։ Կարդացած գիրքը ոչ թե պատրաստի մտքերի աղբյուր պիտի ծառայի, այլ այնպիսի նյութ պիտի լինի սեփական մտքերի համար, որ հեշտացնի այս կամ այն ասպարեզում նրա լուրջ, ինքնուրույն աշխատանքը: Գիտակից ընթերցողի համար գրքում մեկնաբանվող փաստերն ու մտքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մի նյութ՝ սեփական մտքի ակտիվ աշխատանքի համար:



Սիստեմի բերելը



Կարդացածի ակտիվ եւ գիտակից մշակման խնդիրներից մեկն էլ այն է, որ ընթերցողը կարողանա սովորություն դարձնել հնարավորինս սիստեմի բերել բոլոր գիտելիքները եւ յուրաքանչյուր նոր յուրացրած գիտելիք օրգանապես կապել իր արդեն իսկ ունեցած պաշարի հետ: Սիստեմն իր պարապմունքների բարձրացման եւ ստացած գիտելիքներից օգտվել կարողանալու համար ամենաանհրաժեշտ պայմաններից մեկն է:



Ընթերցանության դանդաղությունը



Գիտակցորեն եւ ակտիվ կերպով կարդալու համար պահանջվում է, որ ընթերցանությունն անպայման դանդաղ կատարվի: Մինչդեռ չափազանց տարածված է միանգամայն հակառակ երեւույթը: Համարյա յուրաքանչյուր ընթերցող ձգտում է՝ որքան կարող է, արագ կարդալ-վերջացնել գիրքը: Շատ ընթերցողներ կան, որոնք իրենց առաջ նպատակ են դնում առավելագույն արագությամբ մեկը մյուսի ետեւից գրքեր կլանել: Անսխալ կարելի է ասել, որ այս ձեւի արագությունը վատթարագույն ազդեցությունն ունի ընթերցանության արդյունքի վրա: Ամեն մի խելացի ու գիտակից ընթերցող իր փորձով կարող է ասել, որ դանդաղ ընթերցված գիրքը, որը կարդացել է հիմնավոր, ավելի շատ օգուտ է տվել իրեն, քան մի ամբողջ տասնյակ գրքեր, որ արագ կլանել է: Սակայն ինքնըստինքյան հասկանալի է, որ ընթերցանության այս օրգանական դանդաղությունը չպետք է սկզբունք դարձնել: Ընդհակառակը՝ պիտի վարժվել հիմնավոր ընթերցանության այնպես, որ տվյալ ընթերցողի համար առավելագույն չափով ինտենսիվ լինի:



Ընթերցանության չափավորությունը



Խելացի ու արդյունավետ ընթերցանության հիշյալ պայմաններից բխում է այն, որ ընթերցանությունն անպայման պիտի չափավոր լինի: Վերին աստիճանի աննպատակահարմար ձեւով են վարվում նրանք, որոնք աշխատում են իրենց պարտադիր պարապմունքներից ամբողջ ազատ ժամանակը նվիրել ընթերցանությանը եւ, ինչպես ասում են, «գիշեր-ցերեկ կարդում են»: Եվ այսպիսի ընթերցանության հետեւանքն այն է լինում, որ ընթերցողն այլեւս ժամանակ չի ունենում ինքնուրույն մտածելու, իսկ նրա ընթերցանությունն անխուսափելիորեն կրավորական բնույթ է կրում եւ դառնում է ապարդյուն: Չափից դուրս ընթերցանությունը կապ ունի հիշողության նշանակության սխալ վերագնահատման հետ, որը տարածված է մինչ այժմ:



«Պահակ» ռազմաքաղաքական ամսագիր, 1925 թիվ, հունվար




Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image