Հասարակություն

«Խոսող ծառը» նախագծի շնորհանդեսը

«Խոսող ծառը» նախագծի շնորհանդեսը

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19-ին Հրաչյա Քոչար 13, Ստուդիո 33-ում տեղի ունեցավ «Խոսող ծառը» ժամանակակից արվեստի հանդիսանքի գրքի եւ տեսաֆիլմերի շնորհանդեսը, որը տալիս էր այն հարցի պատասխանը, թե ինչպես են ժամանակակից արվեստն ու գրականությունը շփվում, ներշնչվում բնությունից եւ մասնակցում բնապահպանությանը: 



Նախագիծն իրականացրել է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ եւ մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):



«Խոսող ծառը» նախագիծ է, որն արվեստի լեզվով դիմադրություն է բնության ապականման դեմ, «Խոսող ծառը» նախագծի մասնակիցներն էին արվեստագետ-հեղինակներ Արման Գրիգորյանը, Վիոլետ Գրիգորյանը, Հասմիկ Սիմոնյանը, Վարդան Հարությունյանը, Արամ Պաչյանը, Մանան Թորոսյանը, Արմեն Հայաստանցին, Վահրամ Աղասյանը, իսկ ամբողջ նախագծի կոորդինատորն ու խմբագիրը՝ Վահան Իշխանյանը: Նախագիծն իրականացրել է «Ինքնագիր» գրական ակումբը՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ:
«Խոսող ծառը» նախագծի կոորդինատոր Վահան Իշխանյանի խմբագրականից. «Ձյան վրա մարդու ոտնահետքը միջամտությո՞ւն է արդյոք բնությանը, թե՞ հենց բնությունն է: Եվ արդյո՞ք այդ ոտնահետքով բնությունը հակադրվում է մարդու մեկ այլ միջամտության՝ արդյունաբերականին, որ ապականում է բնությունը»: Արման Գրիգորյանը, մերկ վազելով ձյան վրա, իր ոտնահետքերով շրջան է գծում, ինչպես քամին կամ ջրերը կգծեին շրջաններ: Այսպես սկսվեց «Խոսող ծառը» նախագծի առաջին ստեղծագործությունը:
«Խոսող ծառը» մի նախագիծ է, որ ժամանակակից արվեստի լեզվով դիմադրություն է ներկայացնում Հայաստանում չվերահսկվող որսի, հանքարդյունաբերության, անտառների հատման, գետերի ու հողի ապականման դեմ:



Ագահությունը չի խնայում բնության ոչ մի անկյուն, եւ այժմ նույնիսկ վտանգի տակ են հայտնվում բնության հատուկ պահպանվող տարածքները (Մեղրիում նախատեսվում է 19 նոր հանքավայր բացել «Արեւիկ» ազգային պարկի եւ Բողաքար պետական արգելավայրի հարեւանությամբ):



Բնապահպանական թեմաներով ժամանակակից արվեստի գործեր ստեղծելու մտահղացումը հուշեց Երեւանից 60 կմ հարավ-արեւելք Խոսրովի արգելանոցի հարեւանությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որը Հայաստանի այն հազվագյուտ տարածքներից է, ուր կենդանական ու բուսական աշխարհը պահպանվում ու վերահսկվում է:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն «Ինքնագիր» գրական ակումբի «Խոսող ծառը» նախագծին տրամադրեց ապաստարանի հյուրատունը, որտեղ էլ մի շաբաթ ստեղծագործեց արվեստագետների խումբը: 2016-ի փետրվարի 16-ին, դեռ այն ժամանակ, երբ ձյունով ծածկված էին սարերն ու հետի հովիտը, «Խոսող ծառն» առաջին անգամ այցելեց ապաստարան՝ ուսումնասիրելու տարածքն ու հնարավորությունները, բայց Արման Գրիգորյանը միանգամից մտահղացավ եւ իրականացրեց իր «Մեծ շրջանը» ներկայացումը (պերֆորմանս)… Ձայն, խոսք, պատկեր, ձայնի, խոսքի, պատկերի համադրում. «Խոսող ծառն» արվեստագետները՝ գրող, նկարիչ, քանդակագործ, երաժիշտ, ժամանակակից արվեստագետ… Ամենաերկար աշխատանքն արվեստագետ Վահրամ Աղասյանինն է՝ մի քանի ժամ. ապաստարանի տարածքում գտնվող ծառի շուրջը խնամքով փորում է, փորում այնքան, մինչեւ արմատները հանգիստ դուրս գան, ապա ծառն ամբողջությամբ հանում է հողից ու տանում մի հինգ հարյուր մետր հեռու, ապաստարանից դուրս, կրկին տնկում, ապա ջրում, ինչպես նորատունկ ծառը կջրեն: Բնության նկատմամբ հոգատարությունն էլ մի այլ միջամտություն է բնությանը, «Դեպի ամայություն» գործը բնությունը հսկողությունից դուրս է բերվում…
Շնորհանդեսի ընթացքում նաեւ ցուցադրվեց նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները ներկայացնող մի քանի տեսաֆիլմ:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image