Պիտի խոստովանեմ, որ Երեւանում չկա ինձ համար ավելի սիրելի բան, քան Աբովյան փողոցը. սիրում եմ նրա անվերջ շարժումը, նրա եռուն աղմուկը եւ նրա սլացիկ ընթացքը դեպի վեր` դեպի սարը, դեպի կապույտ հորիզոնը... սիրում եմ նրա զվարթաձայն առուները, որ փողոցի երկու կողմով շտապում են վար, ասես գրազ եկած ուղեւորներ, թե ով շուտ կհասնի... առուներ, որ ցերեկները կլկլում են անվերջ, իսկ գիշերները օրոր են կարդում տներում ննջողներին, եւ մի այլ բան, թե իրենք արթուն են դեռ, հսկում են փողոցը եւ խնամում ծառերը։ Աբովյանի ծառերը, որ օրեցօր երկինք են պարզում իրենց ջահել կատարները։ Սիրում եմ Աբովյանը եւ նրա համար, որ նա մեր Բուլվար Միշելն է, մեր Հայդ Պարկը, մեր Ֆորումը եւ Կոլիզեյը, մեր ուրախությունը եւ... Բայց Աբովյանը սիրում եմ առավել նրա համար, որ նրանից ավելի հարստահարված եւ շահագործվող փողոց չկա Երեւանում, գուցեեւ՝ ամբողջ աշխարհում: Ո՞ր փողոցն է այնքան քանդվում, տրորվում, այնքա՜ն հայհոյանք ու բամբասանք լսում, որքան Աբովյանը:
Տանջվա՛ծ Աբովյան փողոց:
Բայց, չնայած դրան, այնուամենայնիվ, Աբովյանը սիրտն ու զարկերակն է Երեւանի։ Կամ, ուրիշ կերպ ասած, նա այն մեծ գետն է, որին իրենց ջրերն են խառնում բոլոր վտակները։ Ամեն օր, անգամ ամեն ժամ, մանավանդ երեկոները, քաղաքի բոլոր թաղերից` Կոնդից, Ձորագեղից, Նորքից, Շենգավիթից ու համալսարանից այցի են գալիս Աբովյանին` մեծ ու փոքր խմբերով ծառայողներ, չծառայողներ, բանվոր, արհեստավոր, ուսուցիչ, ուսանող եւ ամեն պրոֆեսիայի մարդ... ուստի եւ կյանքի, մարդու առատությունը թույլ չի տալիս, որ կարգ հաստատվի Աբովյանում։
Ինչպես հորդացած գետը չի ընդունում պատ ու պատնեշ, այնպես էլ մարդահոսն այստեղ լցնում է մայթ ու փողոց, ամենքը քայլում են փողոցի միջով իրար խառնված, իրար հրելով, հրմշտելով։ Չկա ո՛չ աջ, ո՛չ ձախ... Քայլում են՝ ինչպես դաշտում, ու գոհ են, որ արգելք չկա, որ կառք չի անցնում, կարելի է մինչեւ իսկ պառկել - էլ ի՜նչ աջ, էլ ի՜նչ ձախ... Կառքերի անցուդարձը, երթեւեկն արգելված է Աբովյանով, ուստի եւ մեծ տհաճություն են զգում շրջողները, երբ պատահաբար մի արտոնյալ ավտո է անցնում։ Դա հուզում, զայրացնում է ամենքին.
- Այսպես էլ անկարգությո՜ւն...
- Ո՞վ է թույլ տվել, որ սա անցնի Աբովյանով:
Իսկ եթե անցնում է հրշեջ խմբի ավտոբուսը տագնապի սուլոցով, դեղնագլուխ հրշեջներով եւ ավելի արտակարգ արտոնյալ ընթացքով, մարդիկ ձեռները բռունցք շինած թափահարում են օդում.
- Տեսե՛ք, տեսե՛ք, բան ու գործի՜ ենք...
- Ավարանե՛ր...
Աբովյանում զբոսնողները զիջողություն են անում միայն մեռելներին. հուղարկավորություն թույլ են տալիս, բայց հարսանիք՝ երբեք։ Այո, չեն սիրում նրանք իրենց խանգարող որեւէ երեւույթ, որովհետեւ սիրում են շրջել թեւանցուկ, քառյակներով, հաճախ նաեւ խմբերով, վաշտերով... Սիրում են խոկալ ու խորհել բարձրաձայն եւ խոսել, խոսել... բացօթյա պառլամենտ է Աբովյանը։
Ու այդ անվերջ խոսքերից, զրույցներից մի անլռելի մռմռոց է կանգնում փողոցի գլխին, իսկ կոշիկների, կիսակոշիկների եւ պայտակրունկ սապոգների տակ հեծում, հեծեծում է Աբովյանը... Ուստի եւ այդ բոլոր ձայների վախից թռչունները հեռու են անցնում Աբովյանից։
Հատված Ստեփան Զորյանի «Աբովյան փողոցը» ակնարկից
Արամ ՊԱՉՅԱՆԸ