Օրերս Նիգերիայում հերթական աղետը գրանցվեց, որը կարծես մեր ուշադրության կենտրոնից մի տեսակ սպրդում է: Նիգերիայի օդուժը, ըստ իրենց պնդումների, սխալմամբ ռմբակոծել է Կամերունի հետ սահմանին գտնվող Ռեն քաղաքում ներքին տեղահանության ենթարկված անձանց ճամբարը, ինչի արդյունքում զոհվել է 100-ից ավելի մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի թվում են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ «Բժիշկներ՝ առանց սահմանների»-ի աշխատակիցները։ Մինչ պատահարը Նիգերիայի Բոռնո նահանգում իրավապահ մարմինների հետախուզական ենթակառույցները տեղեկություններ են ստացել հայտնի «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների գտնվելու վայրի մասին՝ փորձելով հայտնաբերել նրանց եւ մեկուսացնել:
Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունն ասպարեզ է մտել 2002 թվականից, հիմնադիրն է Մուհամեդ Յուսուֆը: Հաուսա լեզվից «Բոկո Հարամ» թարգմանաբար նշանակում է արեւմտյան կրթությունն արգելվում է, կամ արեւմտյան կրթությունը մեղք է: «Բոկո Հարամն» առաջնորդվում է հակաարեւմտյան գաղափարներով, դեմ է ընդհանրապես արեւմտյան աշխարհի կրթությանը, գիտությանը եւ, առհասարակ, դրա գոյությանը: Կազմակերպության ղեկավարները խիստ քննադատության են ենթարկում նաեւ նրանց, ովքեր որեւէ կերպ, թեկուզ աննշան, առնչություն ունեն արեւմտյան արժեքների հետ, սկսած նիստուկացից, վերջացրած հագուստ-պահուստով: Նրանց կարծիքով, Նիգերիայում հաստատված իշխանությունները կազմված են «անհավատներից», որոնք չեն առաջնորդվում շարիաթի օրենքներով եւ, ուստի, անպատճառ պիտի տապալվեն: Մուհամեդ Յուսուֆը, 2002 թվականին հիմնադրելով այս կազմակերպությունը, կարճ ժամանակահատվածում ակտիվ գործունեություն է ծավալել՝ բացելով հատուկ դպրոցներ ու մզկիթներ: 2004 թվականին «Բոկո Հարամը» տեղափոխվել է Կանամա քաղաք, որտեղից նրա զինյալները հարձակվում էին ոստիկանական զորքերի եւ քրիստոնյաների վրա: 2009 թվականին Մուհամեդ Յուսուֆը, իսլամական պետություն ստեղծելու նպատակով, Հյուսիսային Նիգերիայում իր զինյալների հետ միասին հեղաշրջման անհաջող փորձ է անում, սակայն բռնվում է իրավապահ մարմինների կողմից եւ դեռեւս չպարզված հանգամանքներում զոհվում: 2014 թվականին Կամերունի հյուսիսում Նիգերիայի բանակին հաջողվում է ոչնչացնել «Բոկո Հարամի» մեծ թվով զինյալների:
Այս կազմակերպությունը, 2002 թվականից սկսած, բազում ահաբեկչական գործողությունների հեղինակ է՝ բնակավայրերի ոչնչացում, քաղաքական գործիչների սպանություններ, առեւանգումներ, դպրոցականների վրա հարձակում, շորթում, թմրադեղերի, զենքի առքուծախ, քրիստոնյաների զանգվածային ոչնչացում: Տարիների ընթացքում Նիգերիայի իշխանությունները բազմիցս փորձ են արել բանակցել «Բոկո Հարամի» ղեկավարների հետ, սակայն որեւէ դրական արդյունքի այդպես էլ չեն հասել:
Հունվարի 17-ին տեղի ունեցած սարսափելի դեպքի կապակցությամբ Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հարազատներին, ափսոսալով արդարադատություն իրականացնող մարմինների այդօրինակ կոպիտ սխալի համար, նշելով, որ մեղավորները կպարզվեն, կենթարկվեն պատասխանատվության եւ խստագույն պատժի: Այս պահի դրությամբ միջազգային բարեգործական կազմակերպությունները փորձում են ուղղաթիռներով բուժաշխատողներ եւ անհրաժեշտ դեղորայք ուղարկել Նիգերիա, որպեսզի ծանր վիրավորներին անհապաղ օգնություն տրամադրեն:
Արամ ՊԱՉՅԱՆ