Եթե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ազգ-բանակ տեսլականն իր խոսքերի համաձայն լոկ սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ ե՞րբ են ի կատար ածվելու վերոնշյալ գաղափարախոսության սկզբունքներն ու դրույթները: Պարզ է, որ այս իշխանությունն իր իսկ կողմից վատնած ռեսուրսներով չի կարող, կայծակնային արագություն հավաքելով, միանգամից տարատեսակ բնույթով մեծագոչ ու հուզումնալից գաղափարախոսությունները կյանքի կոչել:
1000 դրամներ ժողոված մեծագոչ գաղափարախոսությունները կարող են միայն լռել ու մի կողմ քաշվել: 1000 դրամների հանգանակությունը կարելի էր եւ առանց գաղափարախոսություն բեկբեկելու անել: Բայց, ինչպես ասում են, նման գաղափարախոսությունների եղանակը, որ առաջին հերթին միտված է հույզեր, զգացմունքներ բորբոքելուն, զուտ երեսանց շպար է, սեփական գործին ու մտքին ծանրակշռություն հաղորդելու միջոց:
Ցավոք, բովանդակ իրականության փաստերը լրիվ այլ բան են ասում: Հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Արդեն երեկ՝ հունվարի 25-ին, ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:
Վերստին հունվարի 25: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Lեռնային Ղարաբաղից Երեւանի հոսպիտալ տեղափոխված երկու վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվել է ստորին վերջույթներից, ծնկի շրջանում ոսկրային դեֆեկտով վիրավորում է ստացել: Արդյունքում հեռացրել են մեկ ստորին վերջույթը:
Սրանից առաջ էլ զորամասերում եղել են դեպքեր, որոնք հիմնականում ավարտվել են ցավալի կորուստներով: Հիմա, ազգ-բանակի գաղափարախոսները որեւէ պատասխանատվություն կրո՞ւմ են չվերջացող կորուստների համար եւ, առհասարակ, իրականության մեջ ինչպե՞ս են պատկերացնում այդ հնչեցրած սկզբունքների ու գործառույթների իրականացումը: Թե՞ սա հերթական պոպուլիստական տեսաֆիլմն է՝ սինլքորություն, որ թոզ է փչում իրականության աչքերին՝ իրական կորուստներով լի իսկությունը տեղավորելով խանդավառող հերոսականության, տեղական ուռ-ֆաշիզմի համատեքստում (ուռ-ֆաշիզմի համար չկա պայքար հանուն կյանքի, այլ կա կյանք՝ հանուն պայքարի՝ Ումբերտո Էկո): Ուրեմն այս դեպքում ազգ-բանակը դեր է կամ, ավելի ճիշտ՝ հասարակության վրա ներգործության հոգեմետ միջոց:
Արամ ՊԱՉՅԱՆ