ԱՄՆ նախագահ միլիարդատեր Դոնալդ Թրամփին ընդամենը մի քանի օր պահանջվեց, որպեսզի ոտքի հանի հասարակության մի ստվար հատվածի։ Այնպիսի տպավորություն է, ասես ամերիկացիներն արթնանում են լեթարգիական քնից, դեմոկրատների ներարկած նարկոզից, որը վերջնականապես երկփեղկել է հասարակությանը։ Թերեւս քաղաքականության պատմությունը չի ամրագրել այսօրինակ դեպք, երբ համայն աշխարհը, պետությունների ղեկավարները, միջազգային մամուլը, վերջիվերջո՝ տեղի մեծ հռչակ ու հեղինակություն վայելով լրատվամիջոցները զօր ու գիշեր աչալրջորեն հետեւեն ԱՄՆ նախագահի թվիթերյան էջին՝ սրտատրոփ սպասելով, թե այս անգամ Թրամփն ինչ գրառում է անելու, ում տունն է քանդելու, որ կազմակերպությունն է փակելու, ում առջեւ է դարպասներ գոցելու, ինչ նոր օրենքներ է մոգոնելու, ում է պետությունից արտաքսելու։
Այս ողջ պատմության ամենահետաքրքրական կողմն այն է, որ, փաստորեն, ԱՄՆ այդչափ մեծահամբավ անվտանգության մարմիններն ի զորու չեն կասեցնել Թրամփի թվիթերյան ոդիսականը։ Գոնե մինչ այս պահը Թրամփը «Թվիթերում» անում է այն, ինչ ուզում է, եւ, ինչ խոսք, դրանով բուռն կրքեր բորբոքում։ Չի բացառվում, որ ուշ թե շուտ Թրամփի թվիթերյան էջում զետեղվեն պետական գաղտնիքներ կամ, ասենք, արվեն այնպիսի հայտարարություններ, որոնք ողբերգական ու լուրջ հետեւանքներ ունենան։ Ամերիկյան էլիտայի համար Թրամփը դժվարամարս է, քանի որ նրա մտքերն ու քայլերը կանխագուշակելը գրեթե անհնար է։
Բայց, այնուամենայնիվ, կարծես թե սայլը տեղից շարժվում է՝ ԱՄՆ օդանավակայաններում մարդիկ ցույցեր են անում ի պաշտպանություն միգրանտների, նրանց միանում են հայտնի կինոդերասանները, երգիչներ, հասարակական գործիչներ, միանում են Google-ի, Twitter-ի ղեկավարները՝ լոզունգներով, որ ԱՄՆ-ում ձեւավորված քաղաքակրթական արժեքները բացարձակ վտանգի տակ են, որ ԱՄՆ-ում դեմոկրատիան կործանվում է, որ այստեղ չի կարող ռասիզմը նոր արմատներ գցել, չի կարող խտրականություն լինել, որ երկիրը գնում է դեպի տոտալիտարիզմ եւ այսպես շարունակ։
Օբամայի նախագահության ժամանակաշրջանում ԱՄՆ-ում կային թե՛ ռասիզմի ցայտուն դրսեւորումներ, որոնք որոշ դեպքերում ողբերգական ավարտ էին ունենում (ասենք՝ ոստիկանները պարզապես գնդակահարում էին սեւերին այն բանի համար, թե իբր նրանց մոտ հնարավոր է զենք լինի), թե՛ առկա էին խտրականության բազմաթիվ դեպքեր մուսուլմանների, ԼԳՏՊ անձանց հանդեպ։ Սակայն, ինչ խոսք, այդ դեպքերը հանրության լայն արձագանքին չէին արժանանում, թեպետ բողոքի ավելի փոքրաթիվ ակցիաներ, իհարկե, լինում էին։ Հիմա Թրամփի իշխանությունն ասես օրինականացնում է իրավախախտումների կենսագրությունը։ Միգրանտներն այսինչ-այնինչ երկրից պիտի ոտք չդնեն ԱՄՆ, Մեքսիկայի հարցը պիտի միայն պատով լուծվի, երկրի գլխավոր դատախազն իրավունք չունի վիճարկել նախագահի որոշումը, եթե վիճարկել է, ուրեմն պիտի ազատվի պաշտոնից։
Սա մահակի լեզուն է։
Մի լեզու, որին վաղուց սովոր չէր ԱՄՆ-ի էլիտան, ԱՄՆ-ի հասարակությունը, միջին խավը։ Սա այն լեզուն է, որի համար ԱՄՆ իշխանությունները տարիներ շարունակ մեղադրել են այլ երկրների եւ այդ երկրների նկատմամբ կիրառել սանկցիաներ, հանդես են եկել դասեր տալով՝ դեմոկրատիայի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների մասին անվերջ բարբաջանքներ կարդալով։ Եվ ո՞ւր կտանի ԱՄՆ-ին այսպիսի երկփեղկվածությունը, արհամարհանք միջազգային նորմերի, ընդունած կոնվենցիաների նկատմամբ։ Թրամփը, փաստորեն, այն ծանր, խիստ ծանր առիթը պիտի լիներ, որպեսզի ԱՄՆ հասարակության մի զգալի մասը վերջապես հասկանար, թե ուր հասցրեց իրենց, ողջ երկրին նեոլիբերալ համակարգը։ Ինչ խոսք, պարզ է, որ Թրամփն ընտրված նախագահ է, եւ ամերիկացիները, հանձին Թրամփի, տեսել են այն ղեկավարին, ով ունակ է լուծել իրենց առջեւ ծագած բոլոր խնդիրները։ Եվ, ուրեմն, Թրամփը հերթով կատարում է իր նախընտրական խոստումները։ Նրան ընտրողները պիտի որ շատ գոհ լինեն այսօրվա ԱՄՆ-ի պատկերից։
Արամ ՊԱՉՅԱՆ