Հասարակություն

Քաղաքագրություն. Ռուբեն Զարյան՝ «Կաֆե Տուրիստը»

Քաղաքագրություն. Ռուբեն Զարյան՝ «Կաֆե Տուրիստը»

Իմ դասընկեր Մինաս Հյուսյանը, որին երբեք չտեսա Աբովյան փողոցում, ասաց, թե գրողները, նկարիչները, դերասանները մեծ մասամբ լինում են «Կաֆե տուրիստում»: «Կաֆե տուրիստը» սրճարան էր Ազիզբեկովի հրապարակի անկյունում, «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագրության նկուղային հարկում: Հյուսյանն ինձնից մեծ էր, ընտանիք ուներ՝ կին ու երեխաներ, եւ նրա համար դժվար էր սովորել եւ աշխատել: Պետական թատրոնի լուսանկարիչն էր, ամեն երեկո պարտադրաբար լինում էր թատրոնում: Ընդառաջ գնաց խնդրանքիս եւ մի երկուշաբթի երեկո ինձ տարավ «Կաֆե տուրիստ»: Պատվիրելով երկուսիս համար մի-մի գավաթ սուրճ եւ թխվածքներ: Երկու ժամից ավելի մնաց ինձ հետ: Ցույց էր տալիս ու ասում, թե նստածը կամ ներս եկողն ով է: Ինքը բոլորին գիտեր, շատերի հետ ծանոթ էր անձամբ: 



Նստած էր Չարենցը` մի խումբ երիտասարդների հետ: Լսվեց Թոթովենցի ծիծաղի պայթյունը անկյունի սեղանից: Եկան Մկրտիչ Ջանանն ու Արա Սարգսյանը, ապա՝ Ազատ Վշտունին եւ Նաիրի Զարյանը: Խմբով մտան Մահարին, Ալազանը, Նորենցը եւ Տարոնցին: Հանկարծ երեւաց Ռոմանոս Մելիքյանը, մի փոքր անց` Մկրտիչ Արմենը, նրանցից անմիջապես հետո՝ Միքայել Մազմանյանը` Գեւորգ Քոչարի հետ: Մտան մի խումբ երիտասարդ գրողներ՝ Աղավնին, Հրաչյա Քոչարը, Սուրեն Վահունին, Գարեգին Բեսը, Վահան Գրիգորյանը:



Որի՞ն հիշեմ, որի՞ն բաց թողնեմ: Առանձին-առանձին մի քանիսին տեսել էի, բայց այսքան գրող ու արվեստագետ մի տեղում, միասին, իրար գլխի հավաքված՝ մի նոր աշխարհ էր ինձ համար:



Երեւանի կոլորիտային դեմքերից էր Էմին Տեր-Գրիգորյանը: Նիհար, կարճահասակ, երեւում էր Աբովյան փողոցում եւ միշտ` ձեռնափայտով: Մորուքը թվում էր ավելի երկար, քան ինքն էր: Գավառական Երեւանի հասարակական գործիչներից էր, որ լրագիր էր հրատարակել եւ, բաժանորդ չունենալով, անվճար բաժանել երեւանցիներին: Ճի՞շտ է, չգիտեմ: Նրա անվան հետ է կապվում այն սառնորակ ջուրը, որ վայելում են երեւանցիներn ամռան պապակ օրերին: Սա էլ ճիշտ է, թե ոչ՝ չգիտեմ: Բայց ստույգ է, որ նա հին Երեւանի մտավոր կյանքի հերոսներից է՝ թատերական եւ, առհասարակ` գեղարվեստական գործի նախաձեռնողներից, հեղինակ մի ամբողջ շարք պիեսների, որոնցից մեկը՝ «Բարեգործության դիմակի տակ», երկար տարիներ պահպանվել է խաղացանկում: Իսկ հիմա… նա ասես անցած-գնացած օրերի ներկայացուցիչը լիներ, որ հայտնվում է երբեմն մենակ, երբեմն հայտնի մտավորականներով շրջապատված:
Ռուբեն Զարյան՝ «Մայրամուտից առաջ»



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image