Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին, փաստորեն, մեր դիվանագիտությանը, նաեւ ԱԺ-ին զարմանք պատճառեց: Ինչպե՞ս կարող էր բարեկամի, դաշնակցի համբավ ունեցող Բելառուսի իշխանությունը նման խայտառակ պահվածք դրսեւորել: Հենց այդպես, ուղղակի երրորդ երկրի քաղաքացուն Բելառուսը վաճառեց կամ նվիրաբերեց իր եղբորը: Ալիեւն ու Լուկաշենկոն եղբայրներ են, չէ՞: Մեկը մյուսի կրծքին շքանշան է փակցնում, մյուսը մարդ է նվիրում իր հորեղբորը: Չասենք, թե սա մեր դիվանագիտության հերթական պարտությունն է: Պարտվելը նաեւ մինչ պարտությունը հաղթանակի համար պայքար մղելն է: Իր ո՞ր լծակն ու միջոցը գործի դրեց ԱԳ նախարարությունը, որպեսզի Լապշինին գոնե չարտահանձնեն Բաքվին: Համենայնդեպս, հանրությունը համապատասխան տեղեկատվություն չունի: Գուցե արտաքին գործերի նախարարությունն իր իրավասության շրջանակներում իսկապես ամեն ինչ արել է, որպեսզի կանխի այս կեղտոտ գործարքը: Ամեն ինչ արել է եւ որեւէ արդյունքի չի հասել:
Ինչ-որ առումով այս ողբերգական դեպքը կարծես Սաֆարով ոճրագործի դեպքի օրգանական շարունակությունն է: Այն ժամանակ էլ, մինչ մենք մեր թմրաքնի մեջ ճեմում էինք՝ վստահելով հունգարական ոչ թե արդարադատություն իրականացնող մարմիններին, այլեւ նախեւառաջ հունգարական արդարամտությանը, հանկարծ լսեցինք այդ արդարամտության պայթյունը, որը բռնեց ու ոճրագործին հեշտ ու հանգիստ ծախեց Ադրբեջանին: Դրանից հետո նման երկրի իշխանության հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, դեսպան հետ կանչելը, նմանօրինակ քայլը որպես անազնվություն ու անպատվություն որակելը լոկ հերթական արձանագրություններ են, մի տեսակ միջազգային քաղաքական պատշաճության կնիքներ, որոնք շուտով նետվում են համապատասխան գզրոցները:
Աջից-ձախից ասեղնահարում են, թե Բելառուսը, հենց Բելառուսն իրավունք չուներ, իբր Լուկաշենկոն Հայաստանի բարեկամն էր, ստորագրած, երդում կերած ախպերացուն: Հայաստանն այսօր (բարեկամ ու ախպերացու) երկիր ունի՞: Այսպիսի համբակ ու նողկալի եզրույթները ոչ մի լուրջ պետության քաղաքականության մեջ տեղ չունեն: Ալիեւն ու Լուկաշենկոն բռնապետեր են: Բոլոր ժամանակներում էլ բռնապետերը թանկարժեք նվերներով են փոխանակվել: Ալիեւը Հունգարիայից գնեց Սաֆարովին՝ հերոսի կոչում տվեց, խնկարկեց մարդասպանին, Բելառուսից գնեց Լապշինին, որի կյանքն այլեւս վտանգված է:
Այսօր ո՞ր միջազգային կառույցն է ի զորու զսպել Ադրբեջանին, զսպել Բելառուսին: Միջազգային կառույցների գործառույթը մնացել է միայն դատապարտելը, ահա՝ դատապարտում են ու անցնում առաջ: Դատապարտելը մասնագիտություն է դարձել, հետույք սրբելու թուղթ: Լապշինի գործին իբրեւ թե հետամուտ երկրների՝ Ռուսաստանի, Իսրայելի ներկայացուցիչները հայտարարում են, թե աչալրջորեն հետեւում են դեպքերի զարգացմանը: «Հետեւում են»… մի տեսակ կախարդական է հնչում՝ հետեւել-հսկել, դիտել, հետեւից գնալ, անսալ, գոյանալ: Հայաստանի իշխանություններն ի՞նչ անեն: Գուցե հիմա էլ հետեւե՞լն առիթ հանդիսանա, որպեսզի խոսք բացվի «բարեկամության հրաշալի ավանդույթների» մասին, որոնք «եղել են ու դեռ կան»:
Արամ ՊԱՉՅԱՆ