Քաղաքականություն

Գործող իշխանության «Պյուռոսյան հաղթանակը»

Գործող իշխանության «Պյուռոսյան հաղթանակը»

Նիկոլենք՝ կարգալույծ արված նախկին Արամ քահանա, Ասատրյան Ստեփանով հանդերձ, մեկ-երկու օր առաջ հայտարարել էին, որ 10 հազար մարդ է հավաքվելու կիրակնօրյա պատարագին:  Շեշտեմ՝ անօրինական պատարագին: Տեսանյութերից երևում է, որ 10 հազարի մեկ տասներորդն էլ չկա:

Իսկ եթե հավաքվածների թվից հանենք նաև գործող իշխանության ներկայացուցիչներին ու ոստիկաններին՝ համազգեստավոր թե առանց դրա (քաղաքացիական հագուստով), ապա կպարզվի, որ նախօրոք հայտարարված թվի մեկ քսաներորդն էլ չկար Հովհաննավանքում:

Դա ցույց է տալիս, «իրական» Հայաստանի «մեծարգո վարչապետի» հեղինակության իրական չափը: Կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: 

Իշխանությունն այդ դատարկությունը փորձել է լրացնել հայոց աշխարհի «փափկասուն» տիկնանցով: Որոնք, հիշեցնեմ, առկա են եղել ՀՀՇ-ի ժամանակ (հայտնի էին որպես ՀՀՇ-ի «բետեեռներ»), Սերժի օրոք՝ բնորոշվեցին որպես «չեբուրաշկաներ»:

Եվ, բնականաբար, չէին կարող չլինել «ժողբաստիոնում»: Չգիտեմ, սրանք անվանում ունեն թե, ոչ, բայց ես դրանց կանվանեի «Ամերիկայեն եկածներ»՝ նախօրոք ներողություն խնդրելով իրական ամերիկահայ տիկնանցից: Հա, ի դեպ, տարածքի դատարկությունը լցնելուն նպաստել են նաև լրագրողները՝ իրենց ակտիվությամբ: Այսինքն՝ ներկաներին հարցազրույցի հրավիրելու փորձերով: Չմոռանանք նաև լրագրողների նկատմամբ նիկոլապաշտ զանգվածի այս կամ այն ներկայացուցչի՝ ագրեսիվ վարքագծով պայմանավորված ակտիվությունը:   

Ընդհանրապես, երբ որևէ ընդդիմադիր գտնվում է նման ագրեսիվ միջավայրում՝ նա չի նկատում նրբություններ, որ բացահայտվում են այդտեղ:

Իսկ երբ դու նստած ես համակարգչի առջև ու դիտում ես տեսանյութերը՝ դրանք աչքի են զարնում: Դա ասում եմ որպես մեկը, ով նախկինների օրոք շուրջ երկու տասնամյակ անընդհատ եղել է այդ միջավայրում, իսկ վերջին տարիներին՝ հազվադեպ: Ինչն, ի դեպ, պայմանավորված է թե՛ տարիքով և թե՛ առողջականով: Ինչևէ, իմացա, որ, Նիկոլի օրոք այսպես կոչված ժողովրդի կողմից կարող է ընտրվել հայոց եկեղեցու քահանա:

Ինչը նշանակում է, որ նրան այլևս անհրաժեշտ չէ քահանայական ձեռնադրությունն ու օծումը, որ կատարվում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում: Ենթադրաբար, Նիկոլ պաշտողները մտածում են, որ քահանա ձեռնադրելու եկեղեցական գործառույթն Նիկոլի օրոք ավելորդ բան է, անցյալի մնացուկ:

Բայց, իհարկե, ամենատպավորիչը կաթողիկոսի կարգավիճակի վերաբերյալ պնդումն է: Նման «միջոցառումներին» է երևում, թե իրականում ովքեր են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վկայակոչած ժողովուրդը: Դրանք քահանա ընտրող են, դրանք հաստատում են կաթողիկոսի «կարգալույծ» լինելը՝ չիմանալով թե ինչպես և ում կողմից է դա կատարվել: Նման դրվագներն ինձ անընդհատ հիշեցնում են 2019-ին Փաշինյան-Հակոբյան զույգի Սինգապուր այցը և այնտեղ հայտարարելը, որ Հայաստանում ևս այսուհետ իրականացվելու է արժանիների կառավարում: Փաստորեն, տեղյակ չենք եղել, որ 2019-ից մեզանում ձևավորվել է արժանիների կառավարում: Իրականում, իհարկե, դա գերանարժանիների կառավարում է համապատասխան սոցիալական բազայով: Թե ինչու հենց գերանարժանիների, քանի որ նախկինների օրոք արդեն հիմնականում առկա էր արժանի կոչվելուց բավական հեռու անձանց կառավարում:

Ինչևէ, ինչի հասավ Նիկոլն իր այդ հերթական անօրինական գործողությամբ: Խոստացված 10 հազարի փոխարեն հավաքեց ընդամենը երևի երկու-երեք հարյուր անձ:

Ստիպեց, որպեսզի լրագրողների առջև պաշտոնյաները հավասարվեն նիկոլական անուղեղ «ժողջանին»՝ կրկնելով այն անհեթեթությունը, թե «Կտրիճը կարգալույծ է արվել»: Եթե երբեմնի «դուխով» Նիկոլի կողմից Հովհաննավանքը «գրավելու» գործողությունը համեմատենք ճակատամարտի հետ, ապա պետք է ընդունենք, որ ինքը հաղթեց դրանում:

Բայց իր հաղթանակը խիստ նման է հին հռոմեացիների նկատմամբ անտիկ շրջանի հունական թագավոր Պյուռոսի հաղթանակին: Ենթադրում եմ, որ ինքը տեղյակ է «Պյուռոսյան հաղթանակ» թևավոր խոսքին: Կարծում եմ, որ այդ առումով իրեն չէր փրկելու նույնիսկ դերասանությունը՝ անօրինական պատարագի ընթացքում լացելը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image