Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզ ու տարածքային պահանջներ ներկայացրել՝ պնդելով, որ Սև լիճն ամբողջությամբ իրենցն է։
Գեոդեզ-քարտեզագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու, «ԷԼՄԱ» նախագծի հեղինակ Շահեն Շահինյանի «լկտի սուտ» որակեց ադրբեջանական այն պնդումները, թե լիճն ամբողջությամբ Ադրեբջանին է պատկանում։
Երեկ նաև ադրբեջանական «Հաքքին.az» կայքը հոդված էր հրապարակել՝ ներկայացնելով մի շարք կեղծ պնդումներ լճի պատկանելության մասին։
Մայիսի 13-ին «ԷԼՄԱ» նախագծի թիմը Սև լճի վերաբերյալ հետազոտություն էր ներկայացրել՝ «օգտագործելով հասանելի քարտեզագրական նյութեր»։
«Համաձայն մեր ունեցած նյութերի, Սև լճի մակերեսը կազմում է մոտ 177 հա։ Սև լճի ամբողջ տարածքից առավելագույնը 24 հա կարող է գտնվել ադրբեջանական տարածքում, այսինքն՝ լճի մոտ 13,5%-ը», - ասվում էր «ԷԼՄԱ»-ի տարածած հայտարարության մեջ։
«Լկտի սուտ են պնդումները, թե լիճն ամբողջությամբ Ադրեբջանին է պատկանում։ Անգամ 1975 թվականի 1։100000 մասշտաբի քարտեզով, որը համացանցում կա և որի ճշտությունը բավականին ցածր է, թույլ է տալիս լճի տարածքն ուսումնասիրել։ Երևում է, որ լիճը մասամբ է գտնվում Ադրբեջանի տարածքում։ Կարող եմ ասել ոչ ավելին, քան լճի 15 տոկոսը։ Իսկ այն փաստը, որ երեկ երեկոյան հաստատվեց կառավարության կողմից, որ թշնամին գտնվում է մեր տարածքից 3-3,5 կիլոմետր խորության վրա, երեկվա վերլուծության արդյունքում մենք հայտնաբերել ենք, որ թշնամին խորացել է մոտ 3,2 կմ և զբաղեցնում է լճից հարավ-արևմուտք ընկած բարձունքները, որը Հայաստանի պետական սահմանների խախտում է։ Դա այլևս սահմանների ճշտում չէ, դա ներխուժում է պետության սուվերեն տարածք», - «Հրապարակին» ասաց «ԷԼՄԱ» նախագծի հեղինակը։
«ԷԼՄԱ»-ն նշել էր, որ ենթադրաբար հակառակորդը զբաղեցրել է Լերկասար լեռը (Дзагедзори Глух), որը գտնվում է Սև լճից 2-2,5 կմ հեռավորության վրա, կամ Ամլասեռ լեռը (Խորհրդային տարիներին անանուն), որը գտնվում է Սև լճից 3,5-3,8 կմ հեռավորության վրա։ «Վերոնշյալ լեռներն ունեն ծովի մակարդակից գրեթե 3000 մ բարձրություն։ Հաշվի անռնելով այս հանգամանքները՝ ադրբեջանցիների զբաղեցրած տարածքները կարող է գերազանցել 17-25 քառ կմ», - նշված է հայտարարության մեջ։
Ադրբեջանական «Հաքքին» կայքը երեկ գրել էր, որ «ադրբեջանցի սահմանապահները լիճը վերցրել են լիակատար վերահսկողության տակ», «վերահսկողություն են հաստատել նաև Իշիգլիի [Իշխանասարի ադրբեջանական անվանումն է] գագաթի վրա, և այնտեղից Հայաստանի տարածքի մեծ մասը մնում է լիակատար հսկողության տակ, ներառյալ՝ Սիսիանի օդանավակայանը»:
Անդրադառնալով սրան՝ Շահինյանն ասաց, որ Իշխանասարը բարձր լեռ է և այնտեղից շատ բան է հնարավոր տեսնել։ «Բայց իրենք Մեծ Իշխանասարից դեպի հարավ ընկած հատվածով առաջացել են։ Իրենք առաջացել են, երկու բլուր զբաղեցրել են։ Փաստացի երեկ երեկոյան դրությամբ, երբ բանակցությունները դեռ ընթանում էին, այդ տարածքում էին և հետ չէին քաշվել։ Իսկ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության սահմանից ներս է գտնվում», - հավելեց նա։
«Քանի որ մենք մեր պաշտոնական աղբյուրներից գիտենք, որ վերջին ժամանակներում սահմանների վերաբերյալ բանակցություններն ընթացել են 1970-ական թվականների քարտեզների հիման վրա, և 1975 թվականի 1։100000 մասշտաբի քարտեզով Սև լիճն ընդամենը 13-15 տոկոսով է գտնվում իրենց տարածքում։ Իրենք ինչ նկարագրություն ուզում են տան, անկախ աշխարհագրական տեղանուններից, համաձայն այդ քարտեզների՝ մեծ մասը մեր տարածքում է գտնվում; Եվ այն բլուրները, որոնք իրենց զբաղեցրել էին, ի դեպ, Վերնիշեն բնակավայրից բավականին բարձր են և ունեն հսկող դիրք, այդ բլուրները նույնպես մեր տարածքների խորքում են, 3 կմ-ից ավելի խորության վրա են գտնվում», - ընդգծեց Գեոդեզ-քարտեզագրողը։
Ադրբեջանական կայքը նաև գրել էր․ «Տարածքը, որն այժմ վիճաբանության և լարվածության առարկա է, ներառյալ՝ բարձր լեռնային Ղարագյոլ լիճը, որը տեղակայված է Իշիգլի լեռան վրա, ծովի մակարդակից 2,658 մետր բարձրության վրա, իրականում տարածքն է Ղարագյոլի պետական արգելոցի՝ ստեղծված Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների խորհրդի 1987 թվականի նոյեմբերի 17-ի հրամանագրով»:
Շահինյանն ասաց, որ նման հրամանագրի կամ որոշման ծանոթ չէ։ «Ես Խորհրդային Ադրբեջանի նման որոշման կամ հրամանի ծանոթ չեմ։ Ի սկզբանե քարտեզագիրներս պնդել ենք, որ առաջին հերթին պետք է հստակեցվի, թե որ թվականի քարտեզն է ընդունելի մեր և ադրբեջանական կողմի համար, հետո սկսեն բանակցությունները։ Հետո հունվար ամսին իմացանք, որ մեր կառավարությունը հիմք է ընդունում և պայմանավորվել է հիմք ընդունել, եթե չեմ սխավում, 1975-76 թվականների քարտեզները [50 000 մասշտաբով]: Ենթադրենք, 1980-ականներին իրենց այդ խորհուրդը որոշում է ընդունել, որ այդ լիճն իրենց ազգային պարկի տարածքում է, եթե հիմք է ընդունվել 1975 թվականի քարտեզը, ապա 1987 թվականի որոշումն արդեն իսկ չի կարող տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Ես կարող եմ օրինակ բերել։ Եթե այսօր ՀՀ կառավարությունը որոշում կայացնի, որ Բայկալ լճի տարածքը հանդիսանում է ՀՀ ազգային պարկ, և այդ որոշումը կարո՞ղ է օրինական ուժ ունենալ։ Նույնն այդ որոշման դեպքում է։ Ադրբեջանի ԽՍՀ-ն որոշում է կայացրել Հայաստանի ԽՍՀ տարածքի վերաբերյալ, դա անհեթեթություն է», - պարզաբանեց նա։
«Գուգլի քարտեզներ» (“Google Maps“) հավելվածի համաձայն՝ Սև լճի մի փոքր հատվածն է Հայաստանի տարածքից դուրս։
Այս մասով Շահեն Շահինյանն ասաց․ «Այո, այդ քարտեզի համաձայն՝ մի փոքր հատվածը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա շատ նման է այն քարտեզին, որը որ ունենք մեր ձեռքի տակ։ Ու մոտավոր նույն սահմանների մասին է խոսքը գնում։ Google Maps-ի մասով չեմ կարող Ձեզ մեկնաբանություն տալ, քանի որ ինքս ծանոթ չեմ՝ ի՞նչ հիմքով է այդ քարտեզները դրել։ Google Maps-ը տեղեկություոններ չի հրապարակել, թե ինչ նյութ է օգտագործել այդ սահմանները գծելիս։ Հավանաբար օգհտագործել է ինչ-որ Սովետական քարտեզներ, բայց ի՞նչ քարտեզներ, դրա մասին հրապարակումներ չկան»։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝ լճի 2/3-ը Հայաստանի տարածքում է գտնվում։ «Հստակ է, որ լիճը մեր սահմանի մեջ է։ Լճի 2/3-ը մերն է, իսկ մի փոքր արևելյան հատվածն իրենց հսկողության տակ է Խորհրդային տարիներից։ Բացահայտ մտել են մեր տարածքը։ Այդտեղ մեկնաբանելու որևէ խնդիր չեմ տեսնում», - նշեց Մելքոնյանը։
Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների խորհրդի 1987 թվականի նոյեմբերի 17-ի հրամանագրի վերաբերյալ ակադեմիկոսն ասաց, որ առաջին անգամ է դրա մասին լսում։ «Առաջին անգամ եմ լսում, չգիտեմ։ Կարող են իրենք ինչ-որ որոշում կայացնել, հետո դրա վրա պնդել։ Բայց պարզ է, որ դա հստակ մանիպուլյացիա է», - նշեց նա։
Իսկ թե Խորհրդային տարիներին լճի վերահսկողությունն ինչպես էր կատարվում, Աշոտ Մելքոննյանն ասաց, որ հայկական վերահսկողության տակ է եղել։ «Մեր հսկողության տակ է եղել, մանավանդ որ շրջակա գյուղերի ջրի պաշարներն ամբողջապես ապահովվել են այդ լճից։ Մեր հսկողության տակ է եղել, ուղղակի մերոնք ժամանակին [12․05․2021] հսկողության տակ չեն վերցրել, բաց են թողել, և թշնամին եկել-նստել է այդտեղ»։
Մելքոնյանն այն կարծիքին չէ, որ կա ինչ-որ փաստաթուղթ, որով ադրբեջանցիները կարող են պնդումներ անել լճի պատկանելության վերաբերյալ։
«1920-30-ական թվականների մասին մասին մենք ինստիտուտում գիրք ունենք գրած, մեր ինստիտուտի 3 աշխատակիցներն են տպագրել, որտեղ, ընդհակառակը, բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Վարդենիսի հայտնի ելուստի լճերի տարածքը, ևս եղել են Հայաստանի հսկողության տակ, երբ որ 30-ական թվականների 2-րդ կեսին անցել են ադրբեջանցիներին։ 1929 թվականին Անդրերկոմի որոշումը կա, որով Հայաստանը հայտարարում է, որ ինքն այդ տարածքների տերն է։ 1929 թվականին Անդրերկոմին Հայաստանի կառավարության բողոքը կար, որի համաձայն՝ ադրբեջանցիները փորձում են տեր դառնալ Վարդենիսի շրջանի ելուստի լճերին և հայկական կողմն առարկում է դա։ Այսինքն, Կապանի գյուղերի շրջանը, 20-ից ավելի գյուղեր, Վարդենիսի շրջանը, Մեղրի հարավային հատվածում մի քանի գյուղեր ամբողջապես եղել են մեր հսկողության ներքո։ Եվ հիմա մեր աշխատակիցները պատրաստում են աշխատություն, որը շուտով կհրապարակենք։ Այնտեղ մանրամասնորեն նկարագրվում են այդ տարածքների փոփոխությունները 1920-30-ական թվականներին և հետագայում, եթե այդպիսիք եղել են», - շարունակեց պատմաբանը։
Հարցին՝ Խորհրդային Միության առավել ամրապնդումից հետո, 1930-ական թվականներից հետո Սև լճի հետ կապված ինչ-որ փոփոխություններ, հրամաններ, որոշումներ եղե՞լ են, պատասխանեց, որ ոչ։
«Բացարձակապես ոչ։ 1988 թվականին դեմարկացիա պետք է անցկացվեր, գործը մինչև այնտեղ չհասավ։ Նոյեմբերյանի շրջանով սկսեցին, եկան-հասան մինչև Զոդի հանքերը և դրանից հարավ չիջան։ Եվ այդ խնդիրը բաց մնաց։ Բայց Սովետական ժամանակի բոլոր քարտեզներում՝ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում տպագրված, միանշանակ այդ տարածքը եղել է մեր հսկողության ներքո», - ասաց նա։
Իսկ թե ինչ «Ղարագյոլ» անվանումով արգելոցի մասին է պնդում Ադրբեջանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենն ասաց․ «Հնարավոր է, որ որոշում են կայացրել, բան չունեմ ասելու, բայց իրենց որոշելով չէ։ Գոյություն ունի 1978 թվականի Սահմանադրության այն կետը, որի համաձայն՝ հանրապետության տարածքը չի կարող փոփոխվել առանց նրա Գերագույն խորհրդի որոշման։ Դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը որոշում է կայացրել, որ այդ տարածքը որպես արգելոց վերցնում է իր հսկողության տակ, իր գործն է։ Ինքը չի որոշում մեր տարածքը տրվում է իրեն, թե ոչ»։
Այսինքն, Խորհրդային ժամանակահատվածում «Ղարագյոլ» անվանումով արգելոց չի էլ գործե՞լ․ «Ես չգիտեմ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում»։

