Մշակույթ

«Հրապարակ»․ Նախ կոշտ մեխանիզմներ են ներդնում, հետո հասկանում են, որ մտան փակուղի՝ նահանջում են

«Հրապարակ»․ Նախ կոշտ մեխանիզմներ են ներդնում, հետո հասկանում են, որ մտան փակուղի՝ նահանջում են

2024-2025 ուսումնական տարում քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ԿԳՄՍ նախարարի 2024 թ․օգոստոսի 1-ի հրամանը։ 

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Այս կարգի ընդունումը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային եւ հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից է բխում։ Հաստատված կարգով սահմանվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ ՀԱԱՀ բակալավրիատի համապատասխան կրթական ծրագրերով փորձնական ընդունելության ընթացակարգը, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ըստ կրթական ծրագրերի առկա տեղերի եւ համապատասխան արհեստագործական եւ միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկերը»։ Առկա ուսուցման համար դիմումներն ընդունվում են մինչեւ օգոստոսի 30-ը։ Հեռակա ուսուցման համար՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս օրինակը դիտարկում է ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականության համատեքստում: «Վերջին տարիներին ի՞նչ արեց նախարարությունը․ փորձեցին բոլոր հարցերում ներդնել խիստ մոտեցումներ, օրինակ՝ նախկինում Ագրարային համալսարանում շատ բաժիններում ընդունվում էին առանց քննության, դպրոցական ատեստատով կամ մեկ քննությամբ, ընդ որում, նույնը նաեւ Մանկավարժական համալսարանում։ Ինչո՞ւ էր սա արվել, որովհետեւ այս բուհերը դիմորդ չունեին, եւ որպեսզի չմնան առանց կադրերի, նախարարությունը որոշել էր այդ շեմն իջեցնել իրենց համար, եւ կային ֆակուլտետներ, որտեղ դպրոցական ատեստատով ընդունվում էին։ Բայց հանկարծ նախարարությունը որոշեց, որ բոլոր բուհերում, այդ թվում՝ ագրարայինում եւ մանկավարժականում, պետք է առնվազն 2 քննություն տան դիմորդները։ Սրա արդյունքում այս 2 բուհերը տուժեցին, որովհետեւ այդ բուհեր դիմողների ակադեմիական մակարդակը ցածր էր, եւ, բնականաբար, ագրարայինն ու մանկավարժականը մեծ խնդիրներ ունեցան, որովհետեւ նախկինում մեկ քննությամբ կամ առանց քննության ընդունվում էին, ինչը հեշտ էր ավելի, հիմա արդեն նախարարությունը, տեսնելով, որ Ագրարային համալսարանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, որովհետեւ 50-60 հոգի է ընդունվում (իհարկե, հետագայում տարբեր տեղերից՝ քոլեջներից կամ հեռակայով տարեկան ոչ թե 50-60, այլմավելի շատ են ընդունվում, սակայն իրականում դա էլ է քիչ), եւ եթե ագրարայինը տարեկան 200-300 հոգի էլ ընդունի, էլի բավարար չէ։ Հիմա նախարարությունն իր այդ կոշտ քաղաքականությունը ներդրեց, իրավիճակը վատացավ, ու նահանջեցին։ Դրանից հետո նոր որոշեցին, որ քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտներին պետք է հնարավորություն տան»,- նշում է Ս․ Խաչատրյանն ու նախարարության վարած անհեռատես քաղաքականությունից բերում ևս մի քանի օրինակ: 

«Մյուս օրինակը, երբ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակ ասացին, որ եթե ուսուցիչն իրար հետեւից 2 տարի անբավարար է ստանում, պետք է աշխատանքից ազատվի, բայց նորից նախարարությունը, հասկանալով, որ սա կոշտ քաղաքականություն է, այն պարագայում, երբ ուսուցիչ չունես, բայց մի քանի հարյուր հոգու աշխատանքից ազատում ես։ Արդյունքում այստեղ էլ զիջման գնացին եւ այդ ուսուցիչներին տվեցին 3-րդ հնարավորությունը։ Նույնը եղավ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների պարագայում, որոնց հնարավորություն տվեցին 2-րդ անգամ էլ մասնակցել։ Այսինքն, նախարարության քաղաքականությունն այսպիսին է․ նախ կոշտ մեխանիզմներ են ներդնում, հետո հասկանում են, որ այդ կոշտ մեխանիզմներով գնում են փակուղի՝ նահանջում են։ Սա նշանակում է, որ նախարարությունը ռեալ իրավիճակը չի պատկերացնում։ Երբ դու ագրարայինի կամ մանկավարժականի համար խիստ բաներ ես սահմանում, պետք է մտածես, որ, լավ` եթե խստացրինք, ու շատերը դուրս մնացին, ի՞նչ ենք մենք դրանից ստանում»։

Կրթության փորձագետն անդրադառնում է նաեւ այս 2 ոլորտներում տրվող բարձր կրթաթոշակներին, որոնք, փաստորեն, որեւէ ձեւով չեն մոտիվացրել դիմորդներին․ «Մանկավարժական համալսարանում շատ մեծ կրթաթոշակներ սահմանեցին, բայց էլի դիմորդների թիվը 700-750-ից չանցավ, ընդ որում` դիմորդների մեծ մասը չի գնում ուսուցիչ դառնալու, այլ ընտրում են հոգեբանությունը, օպերատորությունը, մոդելավորումը, իսկ ուսուցչական մասնագիտությունների գծով մի 400 դիմորդ հազիվ լինի։ Սա է խնդիրը։ Երբ դու ինչ-որ բան ես անում, պետք է քո քայլը բխի իրավիճակից, ոչ թե ասես՝ եկեք խստացնենք, հետո ինքդ սկսես նահանջել»։

Ըստ Խաչատրյանի, ԿԳՄՍՆ-ի այս որոշման արդյունքում որոշակի տեղեր, այնուամենայնիվ, կհամալրվեն Ագրարային համալսարանում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս բոլոր հարցերը պետք է ֆունդամենտալ լուծվեն․ «Ոչ այս քայլը, ոչ կրթաթոշակ տալն այս հարցերը չեն լուծելու։ Թվում է՝ 70-80 հազար դրամ կրթաթոշակն էլ գայթակղիչ է, համարյա ուսուցչի աշխատավարձ է, բայց դու ի՞նչ երաշխիք ունես, որ մարդը գա այդ թոշակը ստանա, հետո չի թողնելու ու գնա, ուրիշ տեղ աշխատի։ Դրա համար այս բոլոր հարցերին պետք է ֆունդամենտալ լուծումներ տալ, այսինքն՝ ուզո՞ւմ եք, որ մարդիկ գնան Մանկավարժական համալսարան, ուսուցչի կենսաթոշակը բարձրացրեք։ Մենք տեսնում ենք, չէ՞, թե ինչ բարձր կենսաթոշակ են ստանում իրավապահները, բա ուսուցիչների կենսաթոշակն էլ բարձրացրեք, դարձրեք 150 հազար։ Եթե այդպիսի քայլ անեք, մարդիկ կգնան ուսուցիչ կդառնան, նաեւ աշխատավարձերը բարձրացրեք, աշխատանքի պայմանները բարելավեք, դասագրքերի որակը լավացրեք, որովհետեւ դա էլ է ուսուցչի համար կարեւոր գործիք։ Այս տեսակ քայլերով պետք է խրախուսել, ոչ թե դրվագային։ Նույնը` գյուղատնտեսության ոլորտում, ինչո՞ւ մարդիկ չեն ուզում անասնաբույժ դառնալ, չնայած ինքը շատ պահանջված մասնագիտություն է, որովհետեւ ծիծաղելի աշխատավարձեր են տալիս, իսկ դա էլ ծանր աշխատանք է, կարող է գիշերվա կեսին կանչեն, գյուղից գյուղ գնաս։ Այս ամեն ինչը պետք է հաշվի առնել, ու եթե դրանք կարեւոր ռազմավարական ոլորտներ են, ուրեմն պետք է նաեւ ինչ-որ կերպ խրախուսել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image