ՔՊ-ական պատգամավորների ամենասիրած թեման բանակից փողով ազատվելն է ու նախկինների կոռուպցիոն անցյալը, չնայած իրենք էլ բանակից ազատված նախարարների ու պատգամավորների մի ստվար ցանկ ունեն։ Մեկ էլ՝ բանակային սոված տարիները։ Պատահական չէ, որ ԱԺ-ում նույնիսկ «Բանակի սովյալների վկաների» խումբ է ձեւավորվել։ Իրենց կենսագրության այլ շրջաններին իշխող մեծամասնությունն այնքան էլ չի սիրում անդրադառնալ։
Ինչո՞ւ, որովհետեւ թյուր է պատկերացումը, թե ՔՊ-ականների շրջանում միայն նախկին առաքիչներ են, դիջեյներ, խոպանչիներ, կոֆե դնողներ ու գործավարներ։ ԱԺ 7-րդ եւ 8-րդ գումարման ՔՊ-ական կազմում բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք գործել ու անգամ բարգավաճել են նախկինների օրոք։
Այս մասին երեկ հիշեց Վահե Հակոբյանը՝ ասելով, որ նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն արտասվում էր, երբ «Պարա թիվիում» իր գլխավոր խմբագիր կինը գոռում էր նրա վրա։ Դրանից առաջ Հովհաննիսյանն աշխատել է «լրագրողական քիլլերների» բուծարանում՝ Tert.am-ն էր, որտեղից նա հեռացավ ավելի լավ պայմաններով «Պարա թիվի»։ Անդրադառնանք եւս մի քանի ՔՊ-ականի։
Անուշ Բեղլոյան․ 2008-2014 թվականներին ղեկավարել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ 2014 թվականի մարտից մինչեւ հոկտեմբեր եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար։
2015-2018 թվականներին տնօրինել է «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ-ն։
2016-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի հաղորդակցության եւ հանրային կապերի խորհրդատու։ 2018 թվականին աշխատել է «Իրավական կրթության եւ վերականգնման ծրագրերի իրականացման կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ՀՀ արդարադատության նախարարության հաղորդակցություններում՝ որպես խորհրդատու։
2016-2017 թվականներին՝ ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագրի՝ շահերի պաշտպանության եւ հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում։ Կասեք՝ լավ մասնագետ է։ Գուցե։ Բայց ամենակարեւորը՝ Սերժի Հայաստանում գորշ կարդինալի համարում ունեցող Արիկ Սաղաթելյանի «մարդն» էր։
2003-2006թթ․ աշխատել է որպես ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թթ․՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թթ․ եղել է նույն ծառայության պետ։ 2016-2018 թթ․ աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։
Բաբկեն Թունյան․ աշխատում էր այսօրվա իշխանականների համար խիստ «սեւ» «168 ժամ» թերթում, հիանալի հարաբերություններ ուներ բոլոր նախարարների, փոխնախարարների ու փոխվարչապետերի հետ, որոնց հետ ծավալուն տնտեսական հարցազրույցներ ու վերլուծություններ էր անում։ Վերջին հարցազրույցներից մեկը Կարեն Կարապետյանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ զրույցն էր, ապա Թունյանը սահուն հանգրվանեց «Իմ քայլի» ցուցակում։
Վահագն Թեւոսյան․ 2011-2015թթ.` «Արմնյուզ», ապա հանրապետականների «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր։ Ի դեպ, Վիքիպեդիայի հոդվածում գործունեության այս փուլը, ինչպես նաեւ «Հրապարակում» աշխատելու 2 տարին բաց է թողնված։
Շիրակ Թորոսյան․ տարիներ շարունակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր։
Գեւորգ Պապոյան․ չնայած երիտասարդ է, բայց Հանրապետականի 13-ամյա գործունեության պատկառելի փորձ ունի։ Նրա մասին ազատ էլեկտրոնային հանրագիտարանում կարդում ենք․ «2005-2018 թթ․ անդամակցել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին հեռացվել է կուսակցությունից՝ ներկուսակցական աշխատանքներին չմասնակցելու եւ կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառների ուժով»։ Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ ինքը նշյալ կուսակցությանն անդամակցել է մինչեւ 2007 թվականի հոկտեմբեր ամիսը, եւ նրա անդամակցությունը կրել է բացառապես ֆիկտիվ բնույթ։ «Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012 թվականը համակրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»,- ասել է նա։
Սերգեյ Բագրատյան․ Ռոբերտ Քոչարյանի օրոք Վայոց Ձորի մարզպետն էր, Սերժ Սարգսյանի օրոք՝ ԲՀԿ խմբակցության 2 գումարումների պատգամավոր։
Հրաչյա Հակոբյան․ թեպետ նրա մասին Վիքիպեդիայի հոդվածում գրված է․ «Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում», սակայն դրանք նշված չեն։ Թեեւ մենք հիշում ենք, որ նա նկարահանվում էր Միքայել Մինասյանի «ATV»-ում՝ «Խաչվող հետքեր», Սերժ Սարգսյանի օրոք Հանրային հեռուստատեսության նկարահանած «Հատուկ բաժին» սերիալներում։ Որոշ ֆիլմերում անգամ ադրբեջանցիների դերեր է տարել։ Նկատենք, որ օրերս նույն Հանրայինը դադարեցրեց դերասան Տիգրան Ներսիսյանի հետ համագործակցությունը՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Արարատ Միրզոյան․ նրա կենսագրությունից թերեւս ամենախոսուն մասը վերաբերում է 2011-2012 թթ․ «Որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում»։ Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող համարվող այս գործակալությունում Հայաստանից պատահական մարդիկ չէին կարող հոդվածներ գրել՝ առանց երաշխավորագրերի եւ այլն։
Այ, այսպիսի հին ու նոր Հայաստան։