Մշակույթ

Ինչու Տիգրան Հեքեքյանն ազատվեց պաշտոնից

Ինչու Տիգրան Հեքեքյանն ազատվեց պաշտոնից

Երեւանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։ Աշխատանքից ազատման հիմք է ընդունվել Հեքեքյանի դիմումը:
Մեզ հետ զրույցում Տ. Հեքեքյանն ընդգծում է` իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, ոչ թե իրեն են ազատել. «Դիմումս գրել եմ օգոստոսի սկզբին ու ոչ թե խնդրել եմ ինձ ազատել պաշտոնից, այլ տեղեկացրել եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես տնօրենի, եւ վերջին աշխատանքային օրս համարել օգոստոսի 14-ը»։ Թե որն է նման որոշման պատճառը, Տ. Հեքեքյանը նկատում է. «Չեմ ուզում աշխատել»։ Ապա հավելում. «Այս պահին ուղղակի իմաստ չեմ գտնում... ես դպրոցը հասցրել եմ այն մակարդակին, որ կարող է մեկ ուրիշը գալ եւ շարունակել, նույնիսկ կարող է զարգացնել, ինչու ոչ, բայց շատ կտխրեմ, որ այդպես չլինի....»:

Արդյո՞ք դա կապված է իր կողմից ղեկավարվող մեկ այլ կառույցի` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ անցած տարվա հունվարին Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց կրճատել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի 14 հաստիք, որից հետո 9 աշխատակից դատի տվեց քաղաքապետին։ «Այո, դա կապված է «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ, այնտեղ վիճակն իրապես շատ մտահոգիչ է, բայց դրա մասին կխոսեմ սեպտեմբերին, երբ շատ բան մոտ օրերս պարզ կդառնա... օրինակ՝ թե «Հայաստանի փոքրիկ երգիչները» հնարավորությո՞ւն են ունենալու շարունակելու իրենց գործունեությունը, թե՞ ամեն ինչ արվելու է, որպեսզի դադարի աշխարհի լավագույն մանկական երգչախմբի գործունեությունը: Այսօր աշխարհում բոլորն են ընդունում, որ «Հայաստանի փոքրիկ երգիչները» մրցակցությունից դուրս են, իսկ դա կատակ բան չէ, ուրեմն ինչքա՜ն պետք է դու աջակցես նման երգչախմբին, որովհետեւ չաջակցելն արդեն մեծ վնաս է»,-ասում է Հեքեքյանն ու նկատում, որ շատ խնդրահարույց, մտահոգիչ վիճակ է ստեղծվել երգչախմբի շուրջ` թե՛ կրճատված հաստիքների, թե՛ կիսավեր Արամի 23 շենքի եւ թե՛ մի շարք այլ հարցերի հետ կապված: 

Ինչո՞վ է պայմանավորված նմանօրինակ վերաբերմունքը` իր քաղաքացիական կեցվածքո՞վ։ «Ես քաղաքական որեւէ հայացքներ չունեմ, այլ ունեմ միայն քաղաքացիական դիրքորոշում, որն ունեցել եմ խորհրդային տարիներից առայսօր եւ միշտ բավական կտրուկ արտահայտվել եմ ու միշտ էլ խնդիրներ եմ ունենում դրա պատճառով։ Այսինքն, այդ առումով դժվար եմ ապրում, բայց դա կապ չունի.... հիմա սպասում եմ, թե ինչ է լինելու մոտակա մեկ ամսվա մեջ, հասկանալու համար՝ կարողանալո՞ւ ենք ստեղծագործել, թե՞ ոչ»,- նկատում է Տ. Հեքեքյանը` խոստանալով առաջիկայում մի շարք փակագծեր բացել:

Ինչ վերաբերում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցին, որի տնօրենն էր Տիգրան Հեքեքյանը 2003-ից, ապա այստեղ քաղաքապետարանի եւ խմբավարի հարաբերությունները լարվել են դեռ ամիսներ առաջ, երբ Երեւանի քաղաքապետարանի մի բարձրաստիճան պաշտոնյա ինքնիրավչություն է թույլ տվել եւ խառնվել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի գործերին։ Դպրոցի տնօրեն Տ. Հեքեքյանն ազատել էր աշխատակիցներից մեկին, ով մշտապես թերանում էր իր գործում եւ ուղղակի չէր համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Վերջինիս աշխատանքում պահելու պահանջով է հանդես եկել վերոհիշյալ պաշտոնյան, բայց մերժում է ստացել Տ. Հեքեքյանից։ Այս մերժումը պաշտոնյան, ըստ երեւույթին, «ծանր է տարել» եւ որոշել է համապատասխան դժվարություններ ստեղծել Հեքեքյանի համար՝ հնարավոր բոլոր միջոցներով։ Եվ, ըստ ամենայնի, ամիսներ անց հասավ իր ուզածին:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե դպրոցի տնօրենի պաշտոնում ով է փոխարինելու Տ. Հեքեքյանին։ Ի պատասխան՝ մեզ փոխանցեցին, որ օգոստոսի 15-ին դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակվել Գարիկ Նազարյանը, մինչեւ նոր սահմանված կարգով տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի: Ի դեպ, Գարիկ Նազարյանը քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղակալն էր, ով ազատվել է այդ պաշտոնից եւ քաղաքապետի որոշմամբ նշանակվել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի ԺՊ: Պետք է ենթադրել, որ հենց նա էլ կընտրվի տնօրենի պաշտոնում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image