Հարցազրույց

Եթե Սփյուռքն այսքանից հետո ոտքի չկանգնի, ուրեմն ընդունում են՝ մեր պապերը մազապուրծ են եղել տուրիստական ինքնաթիռներով

Եթե Սփյուռքն այսքանից հետո ոտքի չկանգնի, ուրեմն ընդունում են՝ մեր պապերը մազապուրծ են եղել տուրիստական ինքնաթիռներով

Օրերս ականատես եղանք, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի ներկայացուցիչների առջև հանրային քննարկման առարկա դարձրեց Հայոց ցեղասպանության փաստը։ Սփյուռքում ապշած են Փաշինյանի պահվածքից։  «Հրապարակ»-ի զրուցակիցը Վալենսիայի հայկական համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանն է։

- Պարոն Ղուկասյան, մինչ դուք այդտեղ պայքարում եք  հայոց ցեղասպանության ճանաչման եւ  դրա աշխարհագրության ընդլայման համար, ՀՀ վարչապետն այլ բան է ասում։

- Իմ կարծիքով, այս վերջին խոսույթները կամ հանրությանը իշխանությունների կողմից ծրագրվող ևս մեկ, գուցե` ավելի դաժան, հայրենադավության փաստից շեղելու համար են կամ էլ, պարզապես, Փաշինյանն Էրդողանի պատվերն է կատարում, գուցե նրա գիրքը կարդալուց հետո։ Ես կարծում եմ` Ալիևի ձեռքին բազմաթիվ կոմպրոմատներ կան Փաշինյանի նկատմամբ, իսկ վերջինս ցանկանում է հաճոյանալ Էրդողանին, որպեսզի ազդի Ալիևի վրա, եւ նա օր առաջ չհանրայնացնի այդ կոմպրոմատները։

Ինչ էլ որ լինի, պետք է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց ցեղասպանության փաստը մերժելը քրեորեն պատժելի է Հայաստանի Հանրապետությունում։ Դեռ ավելին, այն մերժելը քրեորեն պատժելի է նաև այն երկրում, որտեղ մեր երկրի վարչակարգի ղեկավարը բարբաջել է` կասկածի տակ դնելով մի փաստ, որը ճանաչել են 30-ից ավելի երկրներ, առանձին նահանգներ, մարզեր, քաղաքներ, կազմակերպություններ, Եվրախորհրդարանը և այլն։Եվ ընդհանրապես, Ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, իսկ այն իրականացնողները վաղ թե ուշ պատժվելու են։Ի դժբախտություն Փաշինյանի և ի լրումն վերոհիշյաի` ասեմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, և ամեն մի նոր ճանաչումով հիշեցնելու ենք նրան և իրեն պատվեր իջեցնողներին, որ Օսմանյան Թուրքիան իրագործել է պետականորեն նախանշված հայերի, հույների և այլ ազգերի կոտորածներ, որոնց հիմքի վրա լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը միջազգային իրավունքի քրեական բառարանում ավելացրել է «Ցեղասպանություն» տերմինը` համարելով այն, որպես մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցանքը, որը պատժելի հենց նույն միջազգային իրավունքով։ Ի վերջո` բազմաթիվ երկրների կողմից ճանաչված ցեղասպանության ո՜չ թե պատճառները պետք է որոնել, այլ, նախ և առաջ` ցեղասպանի կողմից ճանաչումը, ներողությունն ու նրանից հատուցումը, մի բան, որն այս իշխանություններն ի զորու չեն անել։ Այդ իսկ պատճառով, պարզ է դառնում, որ ցեղասպանը պիտի ձգտի Փաշինյանի վարչակարգը, որքան հնարավոր է, երկարացնել Հայաստանում` իր վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, մի բան պետք է լավ հասկանալ. թուրքը չի համակերպվելու իր հարևանությամբ թեկուզ մի հողակտոր ինքնիշխան Հայաստան ունենալու գաղափարի հետ, քանզի նա լավ է հասկանում, թե ի՜նչ է արել և, որ հայը մշտապես պահանջատեր պետք է լինի։ 

-ՀՀ վարչապետն առաջարկում է ոչ միայն ցեղասպանության իրողությունից, այլև Արարատից հրաժարվել, դրանք խանգարում են մեզ որպես պետություն կայանալու։

-Մինչև բոլորովին վերջերս Հայաստանում կամ աշխարհում ոչ ոք Արևմտյան Հայաստանի, Արարատի կամ Հայկական լեռնաշխարհի հայկականության մասին չէր խոսում։ Այս խոսույթներն արհեստականորեն բերվել են հասարակական և, անգամ, քաղաքական դաշտ` կամ Փաշինյանի հնարած «խաղաղության խաչմերուկ»-ը լեգիտիմացնելու կամ էլ Էրդողանի՝  «Ավելի լավ կյանքը հնարավոր է» մտքի  «գոհարներն»   իրականացնելու համար, որտեղ, ըստ նրա պատկերացմամբ, հայկական պետություն գոյություն չունի։ Հայկական լեռնաշխարհ, Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան տերմինները մենք չենք ստեղծել, առավել ևս` հորինել։ Դրանք միջազգայնորեն ճանաչված աշխարհագրական տերմիններ են, ի տարբերություն` Անատոլիա անվանման կամ «Արևմտյան Ադրբեջան» զառանցանքի, որը մեր կամակատարը, դժբախտաբար հավասարեցնում է իրավաբանորեն ճանաչված հայկական տերմինների հետ, առանց հասկանալու, որ արհեստածին Ադրբեջանի եկող սերունդները 20-30 տարի հետո պիտի սրտին մոտիկ ընդունեն և գան ու «պահանջեն իրենց հողերը»: Իսկ գուցե դա Փաշինյանը հասկանալո՞վ է անում։ Ես արդեն լուրջ կասկածներ ունեմ սրա մասին։ Ու թե աշխարհագրական տերմիններից ո՜վ վատ կզգա` Էրդողանը, Ալիևը, թե Փաշինյանը, դա մեզ չպետք է հուզի։

Եթե Սփյուռքն այսքանից հետո էլ ոտքի չկանգնի, ուրեմն նրա հարյուր-հազարավոր ներկայացուցիչներ փաստորեն ընդունում են, որ իրենք և իրենց ծնողներն ու պապերը աշխարհի տարբեր երկրներ են հասել ո՜չ թե մազապուրծ, այլև նավի կամ ինքնաթիռի տուրիստական տոմսեր գնելով։

-Հիմա երկու սարի, երկու քարի արանքում ենք՝ կարծես ոչ Արևմուտքի, ոչ էլ Ռուսաստանի հետ ոչինչ չի ստացվում։Դաշնակիցներ ենք փնտրում, բայց չենք գտնում կամ գուցե լավ չենք փնտրում։

-Արևմուտքը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան, քանի որ ուզում է հենվել հենց մեր երկրի վրա։ Եվ նա չի մոռացել, որ Հայաստանի իրական սահմաններն ամենեւին էլ աղերս չունեն ներկայիս արհեստականորեն գծված սահմանների հետ։ Արևմուտքն ուզում է գալ Հայաստան, և նրա համար Հայաստանը նաև Արևմտյան Հայաստանն է, ոչ թե միայն ներկայիս Հայաստանը։ Եվրոպային և ԱՄՆ-ին հարկավոր են մոնոէթնիկ պետություններ, որոնց վրա ավելի հեշտ է հենվելը, և, ըստ այդմ, նաև` օժանդակելը և տնտեսապես և ռազմականապես։ Վերջին պատերազմից պարզ դարձավ, որ մեր դաշնակիցը, մեղմ ասած, այդքան էլ դաշնակից չէ, իսկ այն ռազմական կառույցը, որում գտնվում ենք, ծնվել է արդեն մեռած։ Մենք իրավունք չունենք մնալ մի կառույցի մեջ, որի գլխավոր դերակատարները միջազգային պատժամիջոցների և իզգոյի մեջ են։ Եվ, այսուհանդերձ, արդեն գրեթե պարզ է դառնում, որ Փաշինյանը մեր երկիրը տեսնում է հենց այդ տարածաշրջանային հարթակների մեջ խցկված` աջուձախ սրան-նրան խաբելով։ Մի բան, որով նա տակավին կարողանում է պահպանել իշխանությունը և երկիրը տանել կամ դեպի գուբեռնիայի կամ էլ` վիլայեթի մակարդակի։

-Մի՞թե անհույս ենք, ո՞րն է ելքը։

- Մենք հիմա ո՜չ միայն թույլ ենք, այլև տառապում ենք ընկճախտով, որը սակայն երկար չի տևի։ Այս արհավիրքից հնարավորինս շուտ դուրս գալուն, մեծ հաշվով, օգնում է նաև Փաշինյանի թիմը, քանի որ նրանք մշտապես, գիտակցաբար, թե անգիտակցաբար, հիշեցնում են, որ պատվեր են կատարում։
Փաշինյանին և նրա թիմակիցներին հանապազորյա հայհոյանքներ նվիրելու փոխարեն, քրեական պատասխանատվության կանչեք նրան։ Այո, պետք է վերջապես հասկանալ մի բան, որ հայհոյանքները նվեր են նրանց համար, նրանք հենց դրանց էլ սպասում են` իրենց իշխանությունը մեկ օր ավել պահելու համար։ Նրանք կոնտենտ են հավաքում իրենց պոդքաստները քննադատողների, նրանց ամենօրյա ռեժիմով հայհոյողների վարվելաձևից, հանրությանը շեղում են դրանցով, քանի որ, չմոռանանք, որ առնվազն երեսուն տարի հայ հասարակությունը ենթարկվել է դեգրադացիայի, որի հետևանքով էլ ծնվել են նիկոլներ, դեռ ավելին` հասել իշխանության։ Ահա այս հանրությունը սկսել է ավելի շատ տուրք տալ հայհոյանքներին ու մեկը մյուսին վիրավորելուն` ետին պլան մղելով ազգային գաղափարախոսությունն ու մարդկային արժեհամակարգը։ Որպես օրինակ, ասեմ. հանրության մեծամասնությանը հիմա ավելի շատ հուզում է տրանսպորտի գների բարձրացումը, քան թե կորսված Արցախն ու ազգային արժանապատվությունը։ Եվ այսուհանդերձ` գուցե հենց տնտեսական այս հարվածը քաղաքացիների գրպանին պատճառ դառնա Փաշինյանի իշխանության տապալման։ Պարադոքսալ և ցավալի բան եմ ասում, սակայն մեր ներկայիս իրականությունը սա է։ Այս պահին հիշեցի մի առիթով իմ կողմից հնչեցրած հետևյալ միտքը. այս իրականության մեջ Փաշինյանին միայն կարող է տապալել իրենից ավելի պոպուլիստ ու դեմագոգ մեկը, որը գրեթե անհնար է, թե գտնվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image