Այս օրերին բոլորը քննարկում են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը, TRIPP անունով (Trump Route for International Peace and Prosperity - «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման») ենթակառուցվածքային նախագիծը: Եվ չնայած փորձագետները, ընդդիմադիրները եւ հանրության մի ստվար զանգված պնդում են, որ սա հերթական միակողմանի զիջումն է, ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ, ցնծում են, միմյանց շնորհավորում եւ տոնում իրենց «հաղթանակը»: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:
- Իշխանությունները հայ ժողովրդին խոստանում են երկարատեւ խաղաղություն, հարուստ ու բարեկեցիկ ապագա, Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ: Ադրբեջանը փաստացի ստանում է իրեն անհրաժեշտ հնարավոր բան, սակայն Հայաստանն անգամ հայ ռազմագերիներին հետ չի ստանում: Ի վերջո` ի՞նչ պրոցեսներ են սրանք` ըստ Ձեզ: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել ապագայում:
- Խաղաղություն ասելով նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում: Հրադադար է, կռիվ չկա այս պահին, բայց դա չի նշանակում, որ խաղաղություն է, ասեմ ավելին` ես խիստ կասկածում եմ, որ, որպես այդպիսին, երբեւէ լինելու է խաղաղության պայմանագիր: Ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները խաղաղություն չեն ցանկանում, սա պետք է մեկընդմիշտ հիշել: Այս երկու պետությունները չեն ուզում հանդուրժել Հայաստանի գոյությունը: Նրանք բոլոր առիթներն օգտագործելու են Հայաստանը վերացնելու համար` այնպես, ինչպես վարվեցին Արցախի հետ: Ինչ-որ հայտարարություններ, հանդիպումներ, պայմանագրեր ոչինչ չեն նշանակում: Տա Աստված, որ ես սխալվեմ, սակայն իրականությունն այլ է: Իսկ բոլոր նրանք, ովքեր այս ամենից ուրախանում են, կասեմ մեկ բան` ուրախությունն անիմաստ է, եւ ուրախանալու ոչինչ չկա:
- Թրամփ-Ալիեւ-Փաշինյան․ ինչո՞ւ Վաշինգտոնում հանդիպեցին կողմերը, ո՞րն էր նպատակը: Ո՞ր կողմն ինչ շահեց:
- Ադրբեջանը շահեց ամեն ինչ: Հայաստանը շահելու ոչինչ չունի, որովհետեւ թուլացած վիճակում է եւ միջազգային հարաբերություններում ոչինչ չի ներկայացնում իրենից: Թույլ ենք ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքականապես.... բոլոր առումներով: Ամերիկան, մեծ հաշվով, շահելու շատ բան չունի: Այն գերտերություն է: Թրամփի համար սա կարեւոր ու էական հարց չէ: Իհարկե, նրանց համար լավ է, որ հանդես են գալիս որպես միջնորդ, որեւէ հարցում խաղաղություն հաստատելու նպատակով, սակայն սա ԱՄՆ-ի համար էական հարց չէ: Թե ինչու ենք թուլացած վիճակում եւ ինչպես պետք է դուրս գանք այս վիճակից, սա էլ առանձին խոսակցության առարկա է: Հայաստանը ներքին քաղաքականության մեջ գերջանքեր պետք է գործադրի, որպեսզի դառնա կայացած պետություն: Ցավոք, մենք այդպես էլ չենք կայանում` մեր իսկ մեղքով, սա այն հարցն է, որտեղ թշնամին մեղք չունի: Պետք է կարողանանք դասեր քաղել մեր բոլոր սխալներից, պարտություններից ու ձախողումներից: Ցավոք, մեր պատմությունից առայսօր ոչ մի դաս չենք քաղում:
- Ասում եք` այս ամենից ոչ մի բան Հայաստանը չշահեց, սակայն կան կարծիքներ, որ ոչ միայն ոչինչ չենք շահել, այլեւ վտանգավոր դրության մեջ ենք հայտնվել:
- Սարսափելի դրության մեջ կհայտնվենք, եթե այդ պայմանագրերը կյանքի կոչվեն, բայց ես համոզված եմ, որ կյանքի չի կոչվելու ոչինչ, խիստ հասկանալի պատճառներով` Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, ոչ էլ Թուրքիան: Նրանք ոչ մի խաղաղության պայմանագիր չեն ուզում կնքել, մի պարզ պատճառով` մեր գոյությունը չեն ցանկանում: Այնպես, ինչպես հայկական Արցախի գոյությունն էր նրանց համար խիստ անընդունելի, այնպես էլ` Հայաստանի գոյությունը: Մենք ցանկացած քայլից առաջ պետք է այս կարեւոր հանգամանքը հիշենք, սին հույսեր փայփայելու փոխարեն: Ոխերիմ թշնամիների հետ ոչ մի համագործակցություն չի լինելու:
- Բայց Սյունիքի հայտնի ճանապարհը վարձակալում է Թրամփը, ասում են` Ադրբեջանն ու Թուրքիան այստեղ անզոր են:
- Սա առանձին փոքր խնդիր է: Թրամփը վարձակալում է, այո, բայց մենք չենք հասնելու այդ կետին, քանի դեռ կողմերի միջեւ չի հայտարարվել բուն խաղաղությունը: Խնդիրը սա է: Ադրբեջանը Հայաստանի առջեւ այնպիսի նախապայմաններ է դնում, որ դրանք իրագործելը շատ դժվար է: Օրինակ` սահմանադրական փոփոխություններ, 300 հազար ազերիների բնակեցում, դրանից հետո նորից կավելանան նախապայմանները եւ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի:
- Այսինքն` այս բոլոր իրադարձությունները, դրսից հնչող գնահատականներն ու շնորհավորանքները կե՞ղծ են:
- Խնդիրը զուտ հայտարարությունների մասին է, գործնականում էական ոչինչ էլ չի կնքվել: Իրավական տեսանկյունից չկա պարտադրող փաստաթուղթ: Ձեռքսեղմումները, ժպիտներն իրականում ոչինչ են, եթե Ադրբեջանն ու Թուրքիան չեն ցանկանում Հայաստանի գոյությունը:
- Բայց Էրդողանն ասում է` գոհ է այս ամենից:
- Ինչո՞ւ պետք է դժգոհ լինի, միեւնույն ժամանակ նա չի ցանկանում խաղաղություն: Տեսնո՞ւմ եք հարեւան Սիրիային: Հասան նրան, որ Սիրիա պետություն այլեւս գոյություն չունի: Գոյություն չունեցող Սիրիայի երեսին էլ կարող են ժպտալ կամ պայմանագրեր կնքել, սակայն տվյալ պետությունը գոյություն չունի: Նույնը Իրաքում է: Այդ երկրները Հայաստանից ոչ պակաս լուրջ երկրներ էին, սակայն թուրքական աշխարհը հասավ նրան, որ տվյալ երկրները, որպես գործոն, այլեւս գոյություն չունեն: