Քաղաքականություն

Մենք մի երկրին մյուսի նկատմամբ նախապատվություն չենք տալիս

Մենք մի երկրին մյուսի նկատմամբ նախապատվություն չենք տալիս

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպանությանը հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ, հատկապես որ որոշ շրջանակներից մեղադրանքներ են հնչում Մեծ Բրիտանիայի հասցեին, որ պատերազմի ընթացքում տարբեր խողովակներով ակտիվ մասնակցություն է ունեցել՝ ի նպաստ Ադրբեջանի հաղթանակի, եւ հստակ շահեր ունի Ադրբեջանում, որոնք խանգարում են Հայաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության բալանսավորմանը։ Դեսպանությունը, բնականաբար, տվել էր դիվանագիտական պատասխան՝ հավասարաչափ գնահատականներով։ Սակայն ողջունելի է, որ այս ամենով հանդերձ՝ մեզ ուղարկած պատասխանում չեն սահմանափակվել միայն հերթապահ հայտարարություններով, նաեւ բովանդակություն են ներառել։  

Նախ նշել են, որ Միացյալ Թագավորությունը հավասարապես կարեւորում է հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ «Մենք մի երկրին մյուսի նկատմամբ նախապատվություն չենք տալիս»,- շեշտել են ՄԹ դեսպանությունից։ Ապա հավելել, որ 2020 թվականի հակամարտության ընթացքում Միացյալ Թագավորությունը բռնությունների, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին․ «ՄԹ կառավարության դիրքորոշումը միշտ հստակ է եղել՝ հակամարտության միջոցով հնարավոր չէ կայուն խաղաղություն հաստատել։ ՄԹ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա։ Մենք լիովին սատարում ենք ՄԽ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահների ջանքերը եւ կողմերին խրախուսում կառուցողական կերպով ներգրավվել բանակցային գործընթացում»։

Շարունակելով թեման՝ ՄԹ հայաստանյան դեսպանությունից ընդգծել են, որ կան գործակցության մի շարք կարեւոր ոլորտներ, որոնցում Միացյալ Թագավորությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ներառյալ՝ աջակցությունը ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին, տնտեսական դիմակայունության ամրապնդումը, մշակութային ու կրթական հաղորդակցության միջոցով մեր ժողովուրդների միջեւ ավելի սերտ կապերի հաստատումը, ինչպես նաեւ աջակցությունը «կանաչ զարգացմանն» ու կլիմայի փոփոխության նվազեցման հավակնոտ հանձնառություններին։

«ՄԹ նոր դեսպան Ջոն Գալագերի ժամանումը Հայաստան կօգնի հաջորդ մակարդակին հասցնել այդ համագործակցությունը»,-եզրափակել են ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունից։ Պատասխանում ուշագրավ է «կանաչ զարգացմանն» ու «կլիմայի փոփոխության դեմ պայքարի» շեշտադրումը։ Այս համատեքստում հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են մտածում մեր անգլիացի բարեկամները Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image