Ընտրապայքարը Գյումրիում զարկերակի վրա է, Գյումրին շարունակում է եռալ քարոզարշավի բուռն ընթացքով։ Քարոզարշավներն արտաքուստ անխոչընդոտ են ընթանում, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վախերը դրսևորվում են ամենուր։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն յուրաքանչյուր քաղաքական ուժի քարոզարշավին իր մարդկանց է ուղարկում՝ մոնիթորինգ անցկացնելու նպատակով, փորձում են հասկանալ, թե որքան քաղաքացի էր հավաքվել տվյալ քաղաքական ուժի թեկնածուի քարոզարշավին։
Երեկ Գյումրիի Անի թաղամասը բազմամարդ էր, պետք է արձանագրենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին մեծ թվով քաղաքացիներ էին սպասում։ Թեկնածուն այստեղ էլ հայտարարեց, որ իշխող ուժը օր առաջ պետք է լքի հանրապետության երկրորդ քաղաքը. սա իրենց քաղաքական ուժի առանցքային հարցերից է։ Տնտեսությունից մինչև փողոցների բարեկարգում, խաղահրապարակների կառուցում, ներկայացրեց նախընտրական ծրագրի դրույթները՝ հիշեցնելով «Ազատ տնտեսական գոտի» ստեղծելու առաջնահերթությունը Գյումրիում։
Ցուցակի երկրորդ համարով առաջադրված, լրագրող, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն էլ խոսեց իրենց թիմի նկատմամբ կիրառվող ճնշումներից ՝ շեշտելով , որ իշխանական քարոզչամեքենան փորձում է գյումրեցուն ապակողմնորոշել․
«Սկսել են շատ էժան ու կեղտոտ քարոզչություն իրականացնել մեր դեմ։ Ֆեյսբուքում, տարբեր սոցիալական հարթակներում այնքան գումար են ծախսել մեր դեմ հակաքարոզչություն անելու համար, որ կարող էին այս թաղամասում մի փողոց ասֆալտապատել։Կարող էին մի խաղահրապարակ ստեղծել, բայց իրենք այդ գումարները ներդրել են մեր ու մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ քարոզչություն անելու մեջ», -ասաց ավագանու թեկնածուն։


