Ոչ միայն գաղտնիք չէ, այլեւ սպասելի ու տրամաբանական է, որ թուրք-ադրբեջանական օրակարգով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ շարունակվող արշավին առանձնահատուկ հրճվանքով են հետեւում Ադրբեջանում: Եթե Հայաստանի թիվ մեկ ղեկավարի տգեղ որակումները եւ ցեխարձակումները՝ Գարեգին Բ-ի եւ հոգեւոր առաջնորդաց կուսակրոնությունը վիճարկելու, Վեհարանը Վեհափառից «ազատելու եւ նոր կաթողիկոս ընտրելու», այդ նպատակով «համակարգող խորհուրդ» ստեղծելու եւ այլնի մասին, մեզանում արդեն դուրս են եկել մարդկային տարակուսանքի շրջանակից, հարեւան ու ոչ բարեկամ երկրում իսկական «հոգետոն» ու ոգեւորություն է Փաշինյանի՝ սեփական ժողովրդի, պետության ու եկեղեցու դեմ հայտարարված խաչակրաց արշավանքից:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր տեղեկատվություն ստանալ Գարեգին Բ կաթողիկոսի կողմից իր կուսակրոնության ուխտի խախտման եւ երեխա ունենալու մասին բացառապես հետախուզական ուղիներով»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքագետ Էլհան Շահինօղլուն: «Փաշինյանը կարող էր նման տեղեկատվություն ստանալ կա՛մ հայկական հատուկ ծառայություններից, կա՛մ օտարերկրյա պետությունների հետախուզական ծառայությունների միջոցով, որոնք հետաքրքրված էին նրա իշխանությունը պահպանելով եւ ռուսամետ ուժերի վերադարձը կանխելով Հայաստանի ղեկավարություն»,- նշել է նա:
Նրա կարծիքով, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հարձակմանը զուգահեռ, Փաշինյանը նաեւ հարձակում է սկսել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա՝ հայտարարելով նրա կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին: Շահինօղլուն կարծում է, որ «Գարեգին Բ-ի մասին տեղեկատվություն տրամադրած աղբյուրները, հավանաբար, նաեւ փոխանցել են Քոչարյանին վերաբերող կոմպրոմատ՝ թե՛ նրա նախագահության ընթացքից, թե՛ պաշտոնը թողնելուց հետո»: «Փաշինյանը կփորձի օգտագործել այս նյութերը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական հակառակորդներին վերացնելու համար։ Նման գործողությունները մեր շահերից են բխում»,- անթաքույց գոհունակությամբ ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը։ Իսկ որ Ադրբեջանում միայն նա չէ, որ այդ կարծիքին է ու շահագրգռություն ունի, կասկածից վեր է: Դա վաղուց պաշտոնական Բաքվի եւ ալիեւյան ռեժիմի՝ մեզ համար չարաղետ քաղաքականության դրսեւորումն է, որի մետաստազները հասել են ՀՀ իշխանության կաբինետներին։