Քաղաքականություն

«Հրապարակ». ՆԳՆ-ն իր վրայից գցում է կալանավորներին ուղեկցելու պարտականությունը

«Հրապարակ». ՆԳՆ-ն իր վրայից գցում է կալանավորներին ուղեկցելու պարտականությունը

Օրերս ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ պատրաստվում է փոխել ազատազրկված անձանց ուղեկցման կարգը: Ըստ նոր կարգի, ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է միայն ձերբակալված անձանց ուղեկցումը նրանց պահման վայրից դատարան եւ հակառակ ուղղությամբ: Իսկ կալանավորված եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումն իրականացնելու է ոչ թե ՆԳՆ-ն, այլ՝ արդարադատության նախարարությունը, դատարանում գտնվելու ժամանակամիջոցում էլ տվյալ անձի պահպանությունն իրականացնելու է Դատական դեպարտամենտը։ Ըստ տարածված հաղորդագրության, օրենսդրական եւ գործնական հարցերը, ժամանակացույցը կարգավորման փուլում են: Այսպիսով, ՆԳՆ-ն, կարելի է ասել, գցում է իր վրայից կալանավորների ուղեկցման եւ ամբաստանյալների պահպանության պարտականությունը՝ այն փոխանցելով ՔԿՀ-ներին եւ դատարանին:

Ազատազրկված անձանց տեղափոխությունը վաղուց էր համակարգային ու բարդ խնդիր դարձել: Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՆԳՆ ուղեկցող գումարտակները չեն կարողանում կալանավորված անձանց քրեակատարողական հիմնարկներից հասցնել դատարան, եւ դրա հետեւանքով դատերն ամիսներով հետաձգվում են, մարդիկ մնում են կալանքի տակ` տարիներով սպասելով իրենց դատավճիռներին: Խախտվում է ողջամիտ ժամկետում արդարադատության հասնելու մարդու իրավունքը:

Կալանավորված անձինք իրենց բողոքն այս իրավիճակի դեմ հաճախ արտահայտում են ծայրահեղ միջոցների, մասնավորապես նաեւ հացադուլի դիմելով: Մարտի 5-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 33-ամյա կալանավոր Ասատուր Հովհաննիսյանին պետք է տանեին դատարան՝ իր գործով դատական նիստին: Սակայն նիստը հերթական անգամ հետաձգվել էր: «Մեզ ասել են՝ մեքենա չկա, որ տանեն դատարան: Մե՛կ ասում են՝ մեքենա չկա, մե՛կ ասում են՝ ուղեկցող չկա, մե՛կ դատախազն է հիվանդ»,- ներկայացնում էր փաստաբանը: Դատապարտյալը նույն օրը հացադուլ էր հայտարարել եւ ձեռքի ափը մեխել հսկիչի սեղանին: Նա արդեն 8 ամիս կալանավայրում է, եւ այդ 8 ամսվա ընթացքում նրա գործով ընդամենը 4 դատական նիստ է եղել: Վերջին 2-3 նիստերն անընդհատ հետաձգվել են` ուղեկցող եւ մեքենա չլինելու պատճառով:

Ըստ ՆԳՆ ներկայացրած թվերի՝ 2024 թվականի ընթացքում նախարարությունը, ընդհանուր առմամբ, ստացել է 17 հազար 165 ուղեկցման հայտ` 20 հազար 170 ձերբակալված եւ կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ: «Չի կատարվել 5 հազար 581 անձի ուղեկցումը կամ 27,7%-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12 հազար 530 հայտ՝ 14 հազար 724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27,3%-ը»,- վիճակագրական տվյալներ են նշվում ՆԳՆ տեղեկանքում։

Ուղեկցող անձնակազմի պակասը բացատրվում է չափից դուրս ցածր աշխատավարձերով: Ուղեկցող ոստիկաններն ընդամենը 120 հազար դրամ են վաստակում: Նման աշխատավարձով շատերը չեն ցանկանում կալանավորի հետ աշխատել, ինչը հայկական մտածողության պարագայում արդեն իսկ հարգելի գործ չի համարվում: Հաստիքները թափուր են մնում: Համեմատության համար նշենք, որ ոստիկանության պարեկների աշխատավարձը միջինը 400 հազար դրամ է: Ուղեկցորդների հաստիքներն ավելի գրավիչ դարձնելով, դրանք դարձրել են սպայական: ՆԳՆ ձեռնարկած այլ քայլերի թվում նշվում է նաեւ նոր 22 տրանսպորտային միջոցի ձեռքբերումը, 12 տրանսպորտային միջոցի կահավորումը, ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով այլ ստորաբաժանումների ծառայողների ներգրավումը: Նշվում է, որ ձեռնարկված քայլերն արդեն արդյունք են տվել, չբավարարված ուղեկցման հայտերի թիվը կրճատվել է: Բայց այս քայլերի արդյունավետությունն արձանագրելու համար ժամանակ է պետք, եւ թեմային մենք առաջիկայում կանդրադառնանք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image