Քաղաքականություն

Գիժն ինքն է, մենք ենք խելագարվում. Հայաստան-հոգեբուժարան

Գիժն ինքն է, մենք ենք խելագարվում. Հայաստան-հոգեբուժարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ԱԺ հերթական նիստում հանրապետության նախկին առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև նրանց մերձավոր թիմերին ուղղված անհավասարակշիռ ու հոգեխանգարված արտահայտությունները՝ «ոտի տակ տալու, պատերով տալու և քաղաքական դիակի մնացորդները դուրս հանելու» մասին, ոչ այլ ինչ են, քան սեփական վախերի քաղաքական «հրավառություն»:

Ժամանակ առ ժամանակ նման պոռթկումները բնավ էլ պատահական չեն: Դրանք ոչ թե իրեն ուղղված առողջ քննադատության հակադարձումն են, այլև՝ հերթական կապիտուլյացիան նախապատրաստող հատուկ փաշինյանական օպերացիայի «մաս», եթե ոչ՝ սևեռուն ռազմավարություն:

Ղարաբաղյան շարժումից հրաժարումն իբրև պետության պաշտոնական դիրքորոշում ներկայացնող իշխանության թիվ մեկ գլուխը մյուս կողմից օգտվում է ներընդդիմական պառակտման ընթացքից, նրանց՝ փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող քաղաքական հայտարարություններից, և որ, ամենաուշագրավն է, ժողովրդի համընդհանուր անտարբերությունից: Վերջինից՝ հատկապես:

Ղարաբաղյան շարժման մասով, ի դեպ. այն ավարտվել է 1991 թ. սեպտեմբերի 21-ի հայտնի դիպվածով: Մնացյալը՝ ոչ թե գրոտեսկային հայտարարությունների ծիրում է, այլ պետության կայացման և նրա անմիջական պատասխանատուների պատասխանատվության տիրույթում:

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների արձագանքը հայտնի է. Քոչարյանի գրասենյակը Փաշինյանին հորդորում է բանավիճել մոտակա հոբեբաժարանի սանիտարների հետ, իսկ Սերժ Սարգսյանի անունից տարածված հաղորդագրության մեջ նշվում է՝ նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց՝ բանավիճել:

Երկու նախագահներն էլ գրեթե միակարծիք են՝ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է: Բայց, սխալվում են: Հենց այս կլիշեն է 2018-ից առաջ և հատկապես 2018-ին ու դրանից հետո շահարկել, հաղթաթուղթ դարձրել Նիկոլը, որի համընդհանուր ընկալումը մեզանում «անմեղսունակի, հոգեխանգարվածի կամ գժի» մակդիրներով է: Իսկ սա փակուղի տանող մտայնություն է:

Նրան «խելագար ու գիժ» համարելով՝ իրականում մի ամբողջ ժողովուրդ է խելագարվում՝ առողջ գիտակցումի և լուծումների ելքը խճողելով: Մեծ հաշվով, ցավ ի սիրտ, բոլորս խաղում ենք հենց այդ «գժի» խաղի կանոններով, առանց մեր խաղը կառուցելու: Ֆուտբոլային տերմինով ասած՝ խաղն ընթանում է մեկ դարպասի ուղղությամբ և այդ խաղավարը Փաշինյանն է, որ ավելի քան լուրջ է ու համառ: Այդպես չի՞ եղել: Այդպես չէ՞...

Հայաստանը հոգեբուժարանի վերածած Նիկոլը հիմա էլ այլ խաղ է սկսել Արցախը հանձնելուց հետո: Ալիևի բոլոր պահանջները կատարած «հոգեշեղվածը» նոր հոգեբանական գրոհի է անցել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն արագացնելու համար բորբոքելով ներքին լսարանը: 

Դրսում կզած, ներսում «գժական, ուժեղ տղայի» կեցվածք ընդունած Փաշինյանը, բացառված չէ, խաղում է իր վերջին խաղը: Միջազգային գործընկերներին, իսկ որ ամենանվաստացուցիչն է՝ Ալիրին դիմելուն, թախանձելուն զուգահեռ նա հավասարապես  կարևորում է հայ՝ ազգային համատարած կորուստների նկատմամբ անհավական կերպով անտարբեր հասարակության ներգրավվումը՝ նախկինների նկատմամբ հնարավոր ատելությունը վերաբորբոքելով: 

Եվ սա, վստահաբար, Փաշինյանի վերջին խաղն է, եթե մեր մեջ դեռ սկզբունքային խաղացողներ կան, ոչ թե բազմակապիտուլյանտի քաղաքական կամակորությունների համար գործածվող «խաղալիքներ»...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image