Ասում են՝ շունը մարդու բարեկամն է: Կարծիք կա նաեւ, որ շունը ոչ թե մարդու, այլ իր տիրոջ բարեկամն է ու պաշտպանը, որի հրահանգով կարող է հարձակվել այլ մարդու վրա: Պարբերաբար լսում ենք, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում թափառող, անտեր շները հարձակվել են մարդկանց, այդ թվում՝ անչափահասների վրա, նրանց մարմնական վնասվածքներ հասցրել։ Տարիներ առաջ Հայաստանի բնակավայրերում թափառող, անտեր շների թիվը նվազեցնելու համար արմատական, սակայն բարբարոսական միջոց էր կիրառվում։ Համայնքապետարանը նախապես հայտարարություն էր տարածում բնակիչների շրջանում, որ այսինչ օրը, գիշերվա ժամերին կատարվելու է թափառող շների վնասազերծման գործողություն, բնակիչներին խնդրում էին գիշերային կրակոցներից չանհանգստանալ։ Զենք կրելու իրավունք ունեցող, օրինական զենք ունեցողները նշանակված օրը, գիշերը թափառող, անտեր շների որս էին կատարում, դաժանաբար սպանում կենդանիներին։ Համայնքապետարանի հետ պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր անտեր, թափառող շան սպանության համար «որսորդները» նույնիսկ գումար էին ստանում` 5 հազար դրամ։
Կյանքը փոխվում է, Հայաստանում թափառող, անտեր շների նկատմամբ վերաբերմունքն էլ է ինչ-որ չափով փոխվել` կենդանիներին արդեն գիշերներով չեն գնդակահարում, սակայն թափառող շների հիմնահարցը լուծելու համար հասարակության վերաբերմունքի մեծ փոփոխություն եւ ֆինանսական մեծ ռեսուրսներ են հարկավոր։ Թափառող, անտեր շների խնդիրն ուզում եմ դիտարկել Տավուշի մարզկենտրոն Իջեւանի օրինակով։ Այս տարվա ամռանը Իջեւանի բնակիչներից դժգոհություններ կային, որ քաղաքի կենտրոնում, Շատրվանների հրապարակում մշտապես գտնվող Ռիժիկ շունը վտանգ է ներկայացնում` ագրեսիվ է քաղաքի կենտրոնով անցնող մարդկանց հանդեպ։ Իջեւանցիներից ոմանք էլ նշում էին, որ այդ շունը ագրեսիվ է միայն իր հանդեպ ագրեսիվություն ցուցաբերող մարդկանց նկատմամբ։ Հուլիսին Ռիժիկին հատուկ մեքենայով Երեւան` շների ապաստարան տեղափոխեցին։
Իջեւանում թափառող, անտեր շներն այս տարի երկու անգամ հարձակվել են համայնքի կոմունալ ծառայության հավաքարարների վրա, որոնք առավոտյան վաղ են աշխատանքի դուրս գալիս։ Իջեւանի բնակչուհի Ռ․ Զ․-ն գրավոր դիմել է համայնքապետարան, որ թափառող, անտեր շունը հարձակվել է իր ձեռքին գտնվող սննդամթերքի փաթեթի վրա։ Մարդկանց վրա հարձակման դեպքեր են գրանցվել նաեւ Իջեւան համայնքի Լուսաձոր, Ազատամուտ գյուղերում։
Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Նեկրասովան իր ռուս ամուսնու հետ բնակվում է Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում, Նեկրասովան Իջեւան քաղաքի մոտակա Գետահովիտ գյուղում «Պրիյուտ» անվանումով ապաստարան է ստեղծել։ Նա ինձ հայտնեց, որ թափառող, անտեր շների խնդրի լուծումն ինքը տեսնում է համայնքապետարանի, կենդանասեր կամավորների եւ միջազգային կազմակերպությունների համագործակցված աշխատանքով։ Իջեւանցի կենդանասեր Լիլիթ Օքմինյանը, որը երաժշտության ուսուցիչ է աշխատում, մեզ հայտնեց, որ ինքն ամիսներ շարունակ շների համար ճաշ է պատրաստել, տարել Գետահովիտ գյուղում գործող ապաստարան, սակայն Նեկրասովան անհայտ պատճառներով արգելել է իրեն դա անել եւ պահանջել է լքել տարածքը՝ հայտարարելով, որ դա մասնավոր տարածք է, չլքելու դեպքում ինքը ոստիկանություն կկանչի։ Լ․ Օքմինյանն ասաց նաեւ, որ Նեկրասովան համացանցում փակել է շների ապաստարանի էջը, հավանաբար՝ այն պատճառով, որ մարդիկ չտեսնեն, թե ով ինչքան է հովանավորում, աջակցում այդ ապաստարանին։ Իջեւանի բնակչուհի Աիդա Մկրտումյանն էլ մեզ հայտնեց, որ չնայած ինքը սոցիալապես անապահով է, սակայն խանութներից շների համար մակարոնեղեն է գնել, եփել, հարեւաններն էլ սննդով օգնել են, որ ինքը կերակրի թափառող, անտեր շներին։ Բայց այժմ իր ընտանեկան նպաստը «կտրել են», ինքը դժվարանում է շների համար սնունդ գնել։
Իջեւանի համայնքապետարանից տեղեկացա, որ համայնքապետարանը մայիսից մինչ հոկտեմբեր կազմակերպել է շուրջ 100 թափառող, անտեր շների ստերջացումը։ Համայնքապետարանն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի եւ Իջեւանի կենդանասերների հետ։ Իջեւանի կոմունալ ծառայության իրավաբան, կենդանասեր Դավիթ Սահակյանը գրեթե ամեն օր զբաղվում է թափառող շների խնդրով, այդ հարցն այս տարի ներկայացրել է նաեւ Տավուշում աշխատող եվրոպացի դիտորդներին։ 2026-ին գերմանական աջակցությամբ Իջեւանում թափառող շների ստերջացման ծրագիր կիրականացվի։ Հույս կա, որ իրավիճակը կփոխվի` ո՛չ մարդիկ կտուժեն, ո՛չ կենդանիները: