Մայիսի 5-ին ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում Հայաստանի Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայ-իրանական հարաբերությունների մասին դասախոսությամբ է հանդես եկել։
Հայ-իրանական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
- Պարո՛ն Միսակյան, Իրանագիտության ամբիոնում Իրանի դեսպանը հայ-իրանական հարաբերությունների մասին դասախոսությամբ էր հանդես եկել։ Սահմանային իրավիճակը քննարկե՞լ եք, շատ է խոսվում Մեղրիով միջանցք տալու մասին, Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցով, ի՞նչ է խոսել դեսպանը։
- Ընդհանուր առմամբ, եթե անդրադառնանք Մեղրիի միջանցքին, ի սկզբանե Իրանը և՛ փորձագիտական դաշտում, և՛ որոշ պաշտոնական հայտարարություններում, կարելի է ասել, դեմ է արտահայտվել Մեղրիի միջանցքի՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկմանը։ Եթե պաշտոնական հայտարարություններում դրանք հիմնականում արտահայտվել են հայ-իրանական սահմանի անխափան գործունեության կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անխափան լինելու վերաբերյալ հայտարարություններով, ապա փորձագիտական դաշտում մշտապես խոսվել է, կարելի է ասել, Իրանի աշխարհաքաղաքական շահի ոտնահարման վերաբերյալ՝ և՛ էներգետիկ հաղորդակցման, և՛ նույնիսկ առևտրի կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Նախ շեշտվում է, որ եթե հանկարծ հայ-իրանական այս ցամաքային սահմանին որևէ վտանգ սպառնա, ապա իրանական կողմը կորցնելու է այդ Հյուսիս-հարավ ուղիներից մեկը, այսինքն՝ Պարսից ծոցից Սև ծով կապող ուղիներից մեկը: Այսինքն՝ այս վերջին հանգամանքն Իրանում բավականին լուրջ է, քանի որ Իրանը մշտապես փորձել և ներկայումս էլ փորձում է խուսափել թյուրքական պետությունների տարածքներից կամ գոնե ունենալ ալտերնատիվ ճանապարհ Թուրքիայով ու Ադրբեջանով անցնելու փոխարեն։ Նաև շատ են խոսել Հնդկաստանից դեպի Սև ծով ելքի համար։ Այսինքն՝ մինչև այս վերջին սահմանային դեպքերն Իրանում «Հյուսիս-հարավի» վերաբերյալ քննարկումները բավականին լուրջ են եղել։ Նույն Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերին (վերջերս Իրանագիտության ամբիոնում դասախոսությանը) եթե անդրադառնամ, Իրանի դեսպանը շեշտեց, որ Իրանի համար բավականին կարևոր է «Հյուսիս-հարավի» շինարարությունը, և կարևոր է այդ շինարարության վերսկսումը։ Քանի որ վերջին շրջանում, գիտենք, լուրջ շինարարություն չի ընթանում։ Նույնիսկ այդ «Հյուսիս-հարավի» սկսման փուլից ի վեր լուրջ շինարարություն չի ընթացել։ Իրանյան կողմը հետաքրքրված է շինարարական աշխատանքներին մասնակցությամբ, սակայն նաև դրա համար, կարելի է ասել, Հայաստանը պետք է փորձի ապահովել Սյունիքի անվտանգությունը, այսինքն՝ այսքան անվտանգային խնդիրները Սյունիքի շուրջ, իհարկե, անհանգստացնող են Իրանի համար։ Դա նաև խաթարում է Հայաստանի և՛ հեղինակությունը, և՛ Սյունիքի անվտանգությունը որպես միջպետական մայրուղի։ Այսինքն՝ նախ Հայաստանը պետք է լուծի Սյունիքի հետ կապված անվտանգային խնդիրները, որպեսզի կարողանա այդ միջազգային տարանցման հնարավորությունները տալ և՛ իրեն, և՛ Իրանին։
- Իրանի դեսպանն ուղիղ ասե՞լ է, որ իրենց ձեռք չի տալիս Մեղրիով միջանցքի կամ երթուղու բացումը, որը կմիացնի Նախիջևանը և Ադրբեջանը։
- Իրանական պաշտոնական մակարդակում և քաղաքականության մեջ, կարելի է ասել, ուղիղ երբևէ որևէ հայտարարություններ չեն անում։ Իրանի հայտարարությունները միշտ եղել են հայ-իրանական ցամաքային սահմանի անխափան գործելու հետ կապված, այսինքն՝ շեշտելով, որ այդ սահմանը երբեք չպետք է ընդահատվի և պետք է անխափան գործի։ Սա նաև ուղղված է այն բանին, որ եթե միջանցքը անցնի հենց Մեղրիով կամ այնպիսի միջանցք, տարածք տրամադրվի, որը դուրս լինի Հայաստանի վերահսկողությունից կամ ընդհանրապես խաթարի հայ-իրանական սահմանների գործունեությունը, դա դեմ է Իրանի պետական շահերին։ Իսկ Ձեր ասած «ուղղակի դեմ արտահայտվելը Մեղրիի միջանցքին», արդեն տեսնում ենք Իրանի փորձագիտական դաշտերում, նաև ԶԼՄ-ներում, որոնք իրանական պետական հովանավորությամբ են հիմնականում գործում, նույնիսկ մասնավորները։ Այսինքն՝ սրանք կարելի է համարել պետական դիրքորոշում արդեն փորձագիտական վերլուծությունների դաշտում։
- Այսինքն՝ միջնորդավորված տեղեկատվությունը ենթադրել է տալիս, որ Իրանը դե՞մ է այս հաղորդակցման բացմանը։
- Իհարկե, Մեղրիի վերաբերյալ այս փորձագիտական տիրույթի խոսույթը վկայում է, որ Իրանի կառավարությունը, նույնիսկ անվտանգային ուժերը դեմ են այդ միջանցքի գործարկմանը։ Միևնույն ժամանակ, բացահայտ պաշտոնական հայտարարություն չի հնչում, բայց կապված նրա հետ, որ հենց հայկական կողմը դեռևս ամենաբարձր մակարդակում չի հայտարարել, որ չի լինելու միջանցքը, կամ դեմ են այդ միջանցքին։ Այսինքն՝ մեր կողմից էլ պետք է լինի հայտարարություն, որպեսզի Իրանն իր պաշտոնական դիրքորոշումն ըստ դրա հայտնի։