Երեկ Հ1-ում Պետրոս Ղազարյանը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին հարցրեց՝ «Ինչու՞ չեք ծառայել Բանակում»: Նման հարցը ոչ միայն անուղղակի մեղադրանք է, այլև դիրքավորում՝ հրահանգված կամ առնվազն իշխանությանը ծառայող մեխանիզմ, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել ծառայության թեմայի վրա: Անուղղակի մեղադրանք, որովհետև հայ հանրության համար բանակում ծառայելը համարվում է հայրենասիրության և պարտքի կարևոր ցուցիչ: Հոգեբանորեն Պետրոսի քայլը բնութագրվում է որպես «դիտորդի դիրքավորում». նա իրեն ներկայացնում է ոչ միայն որպես լրագրող, այլև որպես «դասատու», ով իրավունք ունի հարցնել՝ արդյո՞ք հարցազրույցի հյուրն իրացել է հանրության համար կարևոր նորման: Հետաքրքիրն այն է, որ Պետրոսը հանրության մոտ լայն ճանաչում ունի որպես իշխանության խոսափող, և անգիտակցաբար այս հարցը ուղղվեց իշխանության դեմ: Քանի որ Պետրոսին բոլորս ճանաչում ենք, որ իշխանության խոսափողն է, որը հանրային շահի հետ ոչ մի կապ չունի, մտածում ես՝ հարց տվողը, այսինքն իշխանությունը, ինքը պիտի գտնվի բարոյական «բարձր կետում», որ նման հարց տա։ Մինիմալը՝ գոնե իշխանության առաջին դեմքերը բանակում պիտի ծառայած լինեն, որ Պետրոսին հրահանգեն՝ նման հարց տուր։
Պետրոսը կամ իշխանությունն այդ հարցով ի՞նչ էին ակնկալում։ Որ մարդիկ կկենտրոնանան այդ փաստի վրա, թե՞ հոգեբանորեն կակտիվացնեն հանրությանը՝ բանակում չծառայած իշխանության հանդեպ։ Երբ նա հարցնում է՝ «ծառայե՞լ եք բանակում», իրական թիրախ է ոչ թե Նարեկը, այլ ՀՀ վարչապետ կոչվող Նիկոլ Փաշինյանն ու բանակում չծառայած իր նախարարները։ Հանրության ենթագիտակցության մեջ ակտիվացավ այս հարցը. «Ինչպե՞ս են մեզ ղեկավարում մարդիկ, ովքեր չեն կիսել մեր կամ մեր երեխաների զոհաբերությունը։ Ու այդքանից հետո ղեկավարել են Բանակը, պատերազմը, անվտանգության թեմաները»։ Նրանք կառավարում են, բայց չեն ծառայել։ Փաստորեն իշխանությանը ծառայող Պետրոս Ղազարյանն ակտիվացրեց հակաիշխանական տրամադրությունները, պահանջը՝ «իրենց տեղը ցույց տալու»։ Նարեկն ընդամենը քաղաքական ուժ է, իսկ Փաշինյանը երկրի ղեկավար, որը կառավարությունը համալրել է բանակում չծառայածներով։