Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել։ Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Այնուհետև հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում՝ առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակմանն ուղղված որևէ քաղաքականություն։
Թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։
«Իրանի առաջնորդի հայտարարությունները որոշ չափով խանդավառություն առաջացրեցին Հայաստանի քաղաքական և վերլուծաբանական դաշտում, որը ոգևորեց նաև մեր քաղաքացիներին։ Բայց դա ապացուցում է, որ Հայաստանը տարածաշրջանում դարձել է քաղաքական օբյեկտ և այլ պետություններ են մեր փոխարեն որոշում մեր ճակատագիրը։ Այդ իսկ պատճառով դա ցավալի փաստ է, որ օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարը խոսում է հայության անվտանգության մասին։ Այսօրվա իշխանությունը՝ ընդդիմության հետ միասին, փոխարենը հայ ժողովրդին, հայկական բանակը հզորացնեն, Արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը հզորացնեն, զբաղված են բոլորով, բացի հայանպաստ աշխատանքից։ Սա շատ ցավալի փաստի արձանագրություն է»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։
Պետրոսյանն ասում է․ «Ինչ վերաբերում է Իրանին, անգամներ հնարավորություն ունեցել եմ Ձեր թերթի միջոցով ասելու, որ եթե հայը, Հայաստանի իշխանությունները չհասկանան տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների ուղղությունը, ապա տարածաշրջանի պետությունները հայ ժողովրդին մազերից բռնելու և քարշ են տալու գետնի վրա։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին Էրդողանին ուղղակիորեն ասաց, որ այն, ինչը որ ձեռք են բերել Արցախում, դրանով պիտի բավարարվեն և չփորձեն ավելի շատ բան պահանջել Հայաստանից։ Սա այն տողատակն էր, որը հստակորեն ասաց Իրանի կրոնական առաջնորդը։ Նա նաև ասաց, որ բավարարվեն Սիրիայում ձեռք բերվածով։ Իրենց վերջին՝ Ռուսաստան-Իրան հայտարարությունը, որ արեցին, դրա վառ օրինակն էր։ Դժբախտաբար, փոխարենը հայության տկարամիտ քաղաքական մտքին խորքային վերլուծություն տալու, իրենք խոսում են մակերեսային և ժողովրդի մոտ խանդավառություն են առաջացնում»
Թուրքագետն ընդգծեց նաև․ «Հայությունն ունենալով տաս միլիոն ազգաբնակչություն ամբողջ աշխարհում, և չունենալով՝ ցանցային պետություն հիմնադրելու և կառավարելու, առաջխաղացում ապահովելու՝ հայ ժողովրդի համար, զբաղված է հայկական պետությունն ու պետականությունը քանդելով։ Սա շատ մեծ հարված է հայության հեղինակությանը։ Աշխարհի պատմությունը ապացուցում է բոլորին, որ երբ որ թույլերն իրենք իրենց հույսը դնում են ուժեղների վրա, դառնում են մանրադրամ։ Եվ այդ մանրադրամը օգտագործվում է՝ մեծերի խաղադրույքները իրականացնելու համար։ Եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, կամ այլ տարբերակ դիտարկենք՝ դավաճան հայը տա հայկական տարածքը Թուրքիային, ի՞նչ է անելու Ռուսաստանը կամ ի՞նչ է անելու Իրանը։ Հայ ժողովուրդն իր խնդիրները չպիտի փաթաթի որևիցե հզոր պետության վզին։ Մենք պետք է դադարենք մեր խնդիրները մեծ պետությունների գրպանը գցելով։ Բավական է որպես ժողովուրդ հավատանք Սևրի պայմանագրերին և նմանատիպ հիմարություններին, որոնք թղթից այն կողմ ոչ մի բան, և ոչ մի տեղ չգնացին։ Եվ այսպես թուլացրեցին մեր ժողովրդի զգոնությունը։ Այսօրվա քաղաքական դաշտում և Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական էլիտային բոլորին պետք է վերցնել և թափել։ Հերիք եղավ, բոլ եղավ էս ժողովրդի կյանքն ուտելը և երկիրը կտոր-կտոր անելը, հերիք եղավ մեր կյանքի հետ խաղալը։ Կամ հզոր պետություն եք ստեղծում, կամ չեք ստեղծում, եթե չեք ստեղծում՝ իջեք այդ վերևներից։ Եթե չեք իջնում, ձեզ կիջեցնեն»,-ասաց թուրքագետը։