Քաղաքականություն

Գյումրին ՔՊ-ի համար պատվո խնդիր է, ես այդ վատ սցենարը չեմ ուզում դիտարկել

Գյումրին ՔՊ-ի համար պատվո խնդիր է, ես այդ վատ սցենարը չեմ ուզում դիտարկել

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններից հետո մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 16 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը` 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, Կարեն Սիմոնյանը` 2 մանդատ։

Իրավիճակի ելքը կախված է Մարտուն Գրիգորյանից․ եթե նա որոշի միանալ ընդդիմությանը, քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը, եթե ոչ՝ նոր զարգացումներ են սպասվում։ Մարտուն Գրիգորյանը, սակայն, մինչ այս պահը լռում է։

 «Հրապարակ»-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանն է։

-Պարոն Մելքոնյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է լռում Մարտուն Գրիգորյանը։

-Վստահ եմ՝ լավ է լինելու։ Ինչու է լռում՝ դա իր անձնական դաշտն է, չեմ ուզում մտնել այնտեղ։ Այն, որ ասել է՝ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա արդեն շատ բան է ասում։ Ինձ համար հիմա ամենակարևորը այն է, որ ընդդիմությանը տված գյումրեցիների ձայները չփոշիանան։ Տրամաբանորեն Վարդան Ղուկասյանի առաջարկը ընդունելի է, նա է ավելի շատ ձայն հավաքել, եւ վստահ եմ, եթե Մարտուն Գրիգորյանը նրանից շատ ձայն հավաքեր, ինքը կմիանար նրան, այդ մասին նախօրոք հայտարարել էր նաև։

- Բայց չի բացառվում, որ Մարտուն Գրիգորյանը  անակնկալ անի բոլորին, նոր զարգացումներ լինեն։
 

-Ոչինչ չի բացառվում, բայց ես այդ վատ սցենարը չեմ ուզում դիտարկել ։ Կարծում  եմ, որ մինչև ավագանու նիստի հրավիրման օրը՝ ապրիլի 16-ը, ինքը հայտարարությամբ հանդես կգա ։

-Ընտրությունների ընթացքից ի՞նչ կասեք, պարոն Մելքոնյան։

-Հերթական խայտառակ ընտրությունն էր։ Էս տիպի բռնաճնշումներով, ռեպրեսիվ միջոցներով, որ իշխանությունը ընտրություն անցկացրեց, անգամ վատ երազում չէի կարող պատկերացնել, ու այդքանից հետո էլի 50+ չհավաքեցին։

-Իսկ Փարաքարում ընդդիմությունը 50+ հավաքեց, այնտեղ մեթոդների չդիմեցի՞ն, թե՞․․․․

-Ամբողջ իրենց ռեսուրսը կենտրոնացրել էին Գյումրիի վրա, Փաշինյանի համար Գյումրին շատ կարևոր է, նախ, որ այնտեղից է սկսել, իսկ սիմվոլիկաները իր համար շատ կարևոր են, դրանում համոզվել ենք, հետո՝ քաղաքական դաշտը, թեկնածուների պայքարը Գյումրիում այլ էր։ Մի խոսքով, Գյումրին ՔՊ-ի համար պատվո խնդիր է, հաղթանակ ապահովելը շատ կարևոր էր, բայց, եղավ այն, ինչ եղավ․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image