Այլ

Պետություն ունենք, բայց պետությունը չի երևում

Պետություն ունենք, բայց պետությունը չի երևում

Հունաստանում՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, երբ խոսափողը միացված է եղել, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ելույթից առաջ ասել է․ «էս խեղճ մարդկանց սոված ենք պահում», և տեսանյութը հրապարակվել է հենց ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Սա աղետալի դիվանագիտական սխալ չէ։ Աղետալի դիվանագիտական սխալների հետևանքները մենք կրում ու լռում ենք ։

Ավելի խնդրահարույցը, աղետալին հրապարակման փաստն է։ Եթե այն չեն նկատել՝ նշանակում է մեդիա վերահսկումը թույլ է։ Եթե նկատել են, բայց ռիսկ չեն տեսել՝ նշանակում է չեն հասկացել պաշտոնական խոսքի սահմանները։ Երկու դեպքում էլ խնդիրը նույնն է՝ պետական հաղորդակցության անպաշտպանություն։ Երևույթը պրոտոկոլային անզգուշություն է։ Խնդիրը բովանդակությունը չէ, այլ միջավայրը․ խոսքը հնչել է այն տարածքում, որտեղ պատահական խոսք չի կարող գոյություն ունենալ։ Պետական արարողակարգը ստեղծվել է մի պարզ նպատակով՝ պաշտոնյայից հանել մարդուն։ Այն պահից, երբ պաշտոնյան կանգնում է դրոշների, նվագախմբի և հանդիսավոր միջավայրի մեջ, նա այլևս անհատ չէ․ նա ինստիտուտ է։ Նա ներկայացնում է պետությունը, ոչ թե իր տրամադրությունը։

Հասարակությունը ղեկավարից չի պահանջում իր տրամադրությունը, այլ պահանջում է սիմվոլ։ Երբ այդ սիմվոլը սկսում է պահել իրեն որպես սովորական մարդ, առաջանում է ոչ թե զայրույթ, այլ ծիծաղ։ Այդ ծիծաղը իրականում վստահության, պետության կերպարի կորուստ է․ «ո՞ւմ ենք ուղարկել երկիրը ներկայացնելու» հարցը ձևակերպվում է հումորի լեզվով, որը այս ղեկավարների օրոք անընդհատ հնչում է։ Այդ պատճառով խմբային հեգնանքը արագ տարածվում է ոչ միայն մեկ անձի, այլ ամբողջ իշխանական դասի վրա և այն ընկալվում է որպես որպես պատահական մարդկանց հավաքածու։

Այսպիսի դեպքերում պետությունը թուլանում է ներսում՝ քաղաքացիների գիտակցության մեջ։ Ղեկավարներն ընկալվում են ոչ թե որպես պետություն, այլ որպես մարդ։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե կոնկրետ արտահայտությունն է, այլ պետական ինքնագիտակցության մակարդակը։ Հասարակական արձագանքը չափազանցված չէ։ Այն արձագանք է ոչ թե մեկ նախադասության, այլ այն զգացողության, որ պետական դիրքը հաճախ չի տարբերակվում անձնականից։ Երբ այդ սահմանը ջնջվում է, ինստիտուտը դադարում է ինստիտուտ լինելուց և վերածվում է մարդու, որը ներկայացնում է իրեն։

Խնդիրը ոչ թե միացված միկրոֆոնն է, այլ պետական դերակատարության ընկալումը։ Ու սա վերաբերվում է ոչ միայն Վահագն Խաչատուրյանին, այլ տարածվում է մյուսների վրա ևս։ Հասարակական կարծիքը զորավոր է՝ պետություն ունենք, բայց պետությունը չի երևում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image