Սրբազանները վտանգավոր են որպես «զոհ», բայց քիչ արդյունավետ որպես ճնշման գործիք: Մեկնաբանությունս կարող է թվալ տարօրինակ, բայց հետևելով Փաշինյանի գործելակերպին ու աթոռից չպոկվելու տրամաբանությանը, կարելի է կանխատեսել, որ Սրբազանների խափանման միջոցը առաջիկա շաբաթների ընթացքում կփոխվի մեղմ ձևով: Խափանման միջոցների մեղմացումը քաղաքական սցենար է՝ լարվածությունը մեղմելու և միջազգային ճնշումը նվազեցնելու նպատակով:
Ինչն է հիմք տալիս նման ենթադրության: Իշխանության համար վտանգավոր է երկրորդ ճակատը՝ եկեղեցին: Արդեն իսկ արձանագրվում է որոշակի պարտություն․ Սրբազանների ձերբակալությունը առաջացրել է լայն հանրային և ինստիտուցիոնալ արձագանք, իսկ միջազգային դիտորդները շատ կոշտ արձագանքել են՝ ուշադրություն դարձնելով կրոնական ազատությունների վրա: Իշխանության տեսակետից սա վատ PR է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարթակներում:
Փաշինյանի մոտ նման խնդիրը սովորաբար լուծվում է «մեղմելով»՝ առանց գործը փակելու, օրինակ՝ խափանման միջոցը փոխելով: Քաղաքական իմաստով՝ իշխանությունը հիմա շարժվում է կալանքների չափավորացման ուղղությամբ, որպեսզի նվազեցնի լարվածությունը, բայց չի հրաժարվում գործերից: Սրբազանները անցանկալի են որպես դատապարտյալներ, չափազանց վտանգավոր՝ որպես զոհեր: Փաշինյանը նման ճակատ չի բացի, երբ արդեն ենթարկված է սահմանային, արտաքին և ներքաղաքական ճնշումներին:
Երբ եկեղեցու ամենաբարձր աստիճանի առաջնորդները՝ սրբազանները, հավաքվում են Հայաստանից դուրս, դա զգալի ազդակ է իշխանության համար: Միջազգային մամուլը կներկայացնի Սրբազաններին որպես քաղաքական ճնշման ենթարկված եկեղեցական խումբ, ինչը ծանրագույն հարված է երկրի իմիջին և վստահելիությանը: Եթե նրանք արտասահմանում դատապարտեն իշխանությանը, պահանջեն ազատել քահանաներին և փաստերով ներկայացնեն ճնշումները, խնդիրը կդառնա ոչ միայն ներքին եկեղեցական, այլ համահայկական ճգնաժամի խնդիր:
Վիեննայի ժողովը կբարձրացնի թեման աշխարհաքաղաքական մակարդակի վրա, և այս հանգամանքը կդարձնի Սրբազանների ազատումը քաղաքականապես անհրաժեշտ քայլ Փաշինյանի համար՝ աթոռը պահելու նպատակով: